top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ռուս գիտնականներն ԱԹՍ-ների արագ հայտնաբերման նոր համակարգ են ստեղծել


Սարատովի Յուրի Գագարինի անվան պետական ​​տեխնիկական համալսարանի գիտնականները մշակել են անօդաչու թռչող սարքերն արագ հայտնաբերելու համակարգ, որն աշխատում է ակուստիկ հետքի միջոցով, հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով համալսարանի մամուլի ծառայությանը։

Հեղինակները նշում են, որ այս մշակման գործնական կիրառություններից մեկը կարող է լինել մասնավոր սեփականության պաշտպանությունն անօդաչու թռչող սարքերով չարտոնված հսկողությունից կամ տեսանկարահանումից: Նոր համակարգը լավ հարմարեցված է մինչև 200 գրամ քաշ ունեցող քաղաքացիական տարատեսակ կվադրոկոպտերներ հայտնաբերելու համար, որոնք թռչում են մինչև 100 մետր բարձրության վրա և դրանց գնման համար արտոնագիր չի պահանջվում:

Համակարգը բաղկացած է եղանակային բարդ պայմաններից պաշտպանված խոսափողների ցանցից, սերվերից և ձայնային ազդանշանների ձայնագրման և վերլուծության մասնագիտացված ծրագրաշարից։ Այն կունենա նաև ծանուցման համակարգ, որը կաշխատի էլփոստի և SMS-ի միջոցով: Հեղինակները նշում են, որ այս համակարգը թույլ է տալիս միաժամանակ հավաքել և մշակել ձայնային թրթռումները: Նախատեսվում է համակարգը տեղադրել հսկվող գոտու պարագծի երկայնքով։

«Հիմնական գաղափարը նման համակարգերի ցանց ստեղծելն է՝ ձայնային թրթռումները ճանաչելու համար: Ցանցային հանգույցները կարող են միացված լինել լարով կամ անլար՝ կախված առաջադրանքներից և պայմաններից: Հնարավոր են նաև ապարատային տարբեր կոնֆիգուրացիաներ, որոնք ազդում են համակարգի աշխատանքային տիրույթի և եղանակային պայմանների պահանջների վրա»,- ասել է նույն համալսարանի Էլեկտրոնային տեխնոլոգիաների և գործիքավորման ինստիտուտի ռադիոէլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Մաքսիմ Բալակինը:

Նա նաև ասել է, որ անօդաչու սարքերի աղմուկը սպեկտրի ստորին հատվածում նման է ավտոմեքենաների ներքին այրման շարժիչների գեներացրած աղմուկին։ Փորձարկման ընթացքում իրենց մշակած համակարգը լավ արդյունքներ է ցույց տվել անօդաչու թռչող սարքերի ձայները ճանաչելու հարցում, այդ թվում՝ աղմկոտ սպեկտրի ֆոնին։

Ավելի վաղ ռուսական «Կայսանտ» ՀԿ-ն ստեղծել էր անօդաչու թռչող սարքերի աշխատանքը խափանող համակարգ՝ «Արգուս-Անտիդրոն»-ը, որն արտաքինից ձեռքի հակատանկային նռնականետ է հիշեցնում։ Սարքը կարողանում է խափանել մի շարք դրոնների աշխատանքը և դրանք իջեցնել երկնքից։ Սարքի գործողության հեռավորությունը կազմում է 1.5 կմ, մեկ լիցքավորմամբ այն աշխատում է 1.5 ժամ։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page