top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ուսուցիչները այսօր շատ մեծ գործ են կատարում և շատ փոքր աջակցություն ստանում. Ատոմ Մխիթարյան


Երեկ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել էր Ուսուցչի տոնի կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանում ուսուցիչների գրեթե կեսը (46%) 50 տարեկանից բարձր տարիքի են, ինչը նշանակում է, որ Հայաստանը ստիպված է լինելու հաջորդ տասնամյակում ուսուցչական համակազմի յուրաքանչյուր երկու անդամից մեկին փոխարինել նորով։

ArmDaily.am-ի հետ զրույցում կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասաց, որ շատ ուսուցիչներ այդ գրառումը կարդալուց հետո իրենց դժգոհությունն են արտահայտել։

«Ոչ հարգալից վերաբերմունք կարելի է նկարագրել որոշ ուսուցիչների նկատմամբ, որը ընդհանրապես ցանկալի չի։ Պետք է հաշվի առնել, որ ուսուցիչները այսօր շատ մեծ գործ են կատարում և շատ փոքր աջակցություն ստանում։ Նրանք գնահատում են յուրաքանչյուր խոսք, որ ուղղված է ուսուցիչներին և մոտիվացնում է իրենց, իսկ նման գրառումները բնավ նման նպատակ չունեն։ Շատերը ուղղակի հիասթափվում են ու դժգոհում»,- նշեց Մխիթարյանը։

Նա նաև նշեց, որ սա խտրական վերաբերմունք է հատկապես ավագ տարիքի ուսուցիչների նկատմամբ, ովքեր մեծ ներդրում ունեն և ոչ միայն տարբեր սերունդներ են պատրաստել և ուղարկել դեպի կյանք, այլ մի ամբողջ ուսուցիչների սերունդներ են պատրաստել։

«Հիմա շատ կան ավագ սերնդի ուսուցիչներ, ովքեր այժմ էլ իրենց գիտելիքը, փորձը հաղորդում են ավելի երիտսարադներին, ովքեր ժամանակին եղել են իրենց աշակերտները։ Իհարկե բոլորը հասկանում են, որ կյանքը շարունակվում է և նոր սերունդները գալիս են փոխարինելու ավագ տարիքի սերունդներին, բայց այդպես կտրուկ արտահայտվելը, մանավանդ ուսուցիչների հասցեին, մտածում եմ, որ կոռեկտության սահմաններից դուրս է»,- ասաց Մխիթարյանը։

Անդրադառնալով ներկայում մանկավարժության ոլորտում տիրող վիճակին և հարցին՝ արդյոք մենք ունենք բավարար ռեսուրսներ փոխնախարարի գրածը իրագործելու համար՝ Մխիթարյանը պատասխանեց, որ ամբողջ խնդիրը հենց դրանում է։

«Եթե վերցնենք այն մարդկանց, ովքեր պետք է փոխարինեին, նրանք հիմա պետք է ուսանողները լինեին, կամ շրջանավարտները, որոնք ընդունվում են հատկապես մանկավարժական բուհեր։ Բայց մենք տեսնում ենք, որ մանկավարժական բուհերում հատկացված տեղերը չեն լրանում։ Հատկապես դա ակնհայտ է, երբ դիտարկում ենք բնագիտական առարկաները։ Այստեղ կարիք կա շատ ուսուցիչների, որոնք պետք է պատրաստեն 4-5 տարի, և դրանից հետո նոր մտնեն դպրոց։ Դրան էլ եթե ավելացնենք իրավիճակը, որ 100-ից ավելի դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքներ կան, որոնք չեն լրացվում, 100-ից ավելի, պատկերացնո՞ւմ եք, իսկ դա դպրոցների 10 %-ն է, գալիս է՝ խորապատկերը ամբողջությամբ լրանում է, և ցույց է տալիս ներկա, մեղմ ասած, ոչ բարենպաստ իրավիճակը, որ գոյություն ունի մեր հանրակրթության ոլորտում։ Սա այն իրավիճակն է, որ մենք պետք է փայփայենք յուրաքանչյուր ուսուցչի, յուրաքանչյուր մարդու, ով աշխատում է դպրոցում, և այդ բարձր ու կարևոր գործն է իրականացնում։ Միանգամից չես կարող բոլոր ուսուցիչներին փոխել՝ նոր ուսուցիչներ բերել դպրոց. այդ ժամանակ ժառանգականությունը կկտրվի»,- նշում է փորձագետը։

Մխիթարյանը նշում է, որ շատ կարևոր է սահուն սերնդափոխություն կատարելը։ Ինչ վերաբերում է այս նախաձեռնության իրատեսական լինելուն՝ փորձագետը նշում է, որ սա լավագույն ցանկությունների շարքից է։

«Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կոնկրետ քայլեր ձեռնարկվեն այսօր, եթե չասենք, որ արդեն ուշացել են։ Իսկ կոնկրետ քայլերը պետք է լինեն համապատասխան տեղերի ավելացում մանկավարժական բուհերում, համապատասխան ֆինանսավորման ավելացումը և անպայման գործուղված ուսուցիչների մեխանիզմի ներդրումը մեր բուհերում։ Եթե հիշում են մեր ընթերցողները, կար այդպիսի պրակտիկա, երբ որևէ համայնքից գործուղվում էր լավագույն աշակերտը մանկավարժական բուհ սովորելու՝ պայմանով, որ սովորելուց հետո պետք է վերադառնա իր հայրենի բնակավայրը, և այնտեղ աշխատի որոշակի քանակությամբ տարիներ։ Նա ընդունվում էր բուհ ընդամենը նվազագույն շեմը հաղթահարելով։ Բայց քանի որ պատվերով տեղ էր նա շատ կարևոր առաքելություն էր իրականացնում և սերնդափոխությունը շեշտակի չէր լինում, այլ սահուն։ Հիմա պետք է վեարդառնանք այդ պրակտիկային և լայնորեն կիրառենք. պետք է հնարավորություն տանք մեր, հատկապես այն դպրոցները, որտեղ կան թափուր հաստիքներ, այդ հաստիքները լրացնելու համար կարողանանք գործուղել մեր հիմնական բնակիչներին, որպեսզի նրանք հետագայում ուսուցիչներ դառնան և վերադառնան իրենց բնակավայրերը, ինչպես նաև անպայմանորեն մեծացնել ֆինանսավորումը համապատասխան կրթաթոշակներ սահմանել՝ հատկապես այն ուսուցիչների պատարստումների համար, որոնց պակասը զգացվում է մեր հանրակրթության ոլորտում»,- ասաց Մխիթարյանը։

Ամփոփելով զրույցը՝ Մխիթարյանը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց բոլոր ուսուցիչներին մեծ և վեհ գործը աննկուն կատարելու համար։

«Բոլորս էլ աշակերտներ ենք եղել և շարունակում ենք մնալ և սովորել մեր ուսուցիչներից և կուզենայի, որ տոնը չխամրեր որևէ գրառումով այսուհետ, այլ ընդհակառակը՝ այնպիսի գրառումներ և ուղերձներ լինեին ուղղված ուսուցիչներին, որ նրանց թև տային և աջակցություն հայտնեին այս կարևոր գործում»,- ասաց Մխիթարյանը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page