top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայտնաբերվել է Ծիր Կաթինից մեծ գալակտիկա



James Webb տիեզերական աստղադիտակը (JWST) հերթական բացահայտումն է արել։ Այս անգամ այն հայտնաբերել է վաղ տիեզերքի հնագույն գալակտիկա, որն այնքան մեծ է, որ, ըստ հետազոտության հեղինակների, չպետք է գոյություն ունենար և լուրջ մարտահրավեր է նետում տիեզերագիտության ստանդարտ մոդելին, տեղեկացնում է Space.com-ը:

Գալակտիկան, որը կոչվում է ZF-UDS-7329, պարունակում է ավելի շատ աստղեր, քան Ծիր Կաթինը՝ չնայած գոյացել է ընդամենը 800 միլիոն տարվա ընթացքում (տիեզերքը գոյություն ունի 13,8 միլիարդ տարի): Սա նշանակում է, որ այդ աստղերy ծնվել են ինչ-որ կերպ, այսինքն՝ դրանց ձևավորման հիմքում ընկած չէ մութ նյութը (առեղծվածային և անտեսանելի նյութ, որը ենթադրաբար կազմում է ներկայիս տիեզերքի 25%-ը), ինչը հակասում է գալակտիկաների ձևավորման վերաբերյալ ստանդարտ մոդելին:

Անհասկանալի է, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ, սակայն սա շատ նման է JWST-ի կողմից վաղ տիեզերքի այլ անհասկանալի զանգվածային գալակտիկաների նախորդ հայտնագործություններին, և սա կարող է տրամագծորեն փոխել տիեզերքում առաջին նյութի առաջացման վերաբերյալ մարդկության պատկերացումները կամ նույնիսկ բուն տիեզերագիտության ստանդարտ մոդելը: Հետազոտողներն իրենց եզրակացությունները հրապարակել են Nature ամսագրում:

«Տիեզերքում այս չափազանց զանգվածային գալակտիկաների առկայությունը զգալի մարտահրավերներ է ստեղծում տիեզերագիտության մեր ստանդարտ մոդելի համար»,- ասել է հետազոտության համահեղինակ, Ռադիոաստղագիտության հետազոտությունների միջազգային կենտրոնի աստղագիտության դոցենտ Կլաուդիա Լագոսը: Դա պայմանավորված է նրանով, որ մութ նյութի զանգվածային կառույցները, որոնք համարվում են անհրաժեշտ բաղադրիչներ հնագույն գալակտիկաները միասին պահելու համար, դեռ ժամանակ չեն ունեցել տիեզերքում այսպիսի վաղ ձևավորման համար, ավելացրել է Լագոսը:      


Ուսումնասիրելով այս չափազանց հեռավոր գալակտիկայի աստղերից եկող լույսի սպեկտրները՝ գիտնականները պարզել են, որ այս աստղերը ծնվել են դիտարկումից 1,5 միլիարդ տարի առաջ, կամ մոտ 13 միլիարդ տարի առաջ: Աստղագետները վստահ չեն, թե աստղերի առաջին գնդերը երբ են սկսել կուտակվել այն գալակտիկաներում, որոնք մենք այսօր տեսնում ենք, սակայն տիեզերաբանները նախկինում գնահատում էին, որ գործընթացը դանդաղ է սկսվել՝ Մեծ պայթյունից հետո առաջին մի քանի հարյուր միլիոն տարվա ընթացքում:

Ընթացիկ տեսությունները ենթադրում են, որ մութ նյութի լուսապսակները միացել են գազին՝ ստեղծելով գալակտիկաների առաջին «սածիլները»: Տիեզերքի ձևավորման առաջին 1-2 միլիարդ տարվա ընթացքում վաղ շրջանի նախագալակտիկաները հասել են «դեռահասության» փուլին՝ ձևավորելով գաճաճ գալակտիկաներ, որոնք այնուհետև սկսել են կուլ տալ միմյանց՝ վերածվելով այնպիսի գալակտիկաների, ինչպիսին մեր Ծիր Կաթինն է։

Սակայն այս նոր բացահայտումը հակասում է ընդունված տեսակետին. ոչ միայն գալակտիկան բյուրեղացել է առանց բավականաչափ կուտակված մութ նյութ ունենալու, որի հիման վրա այն պետք է ձևավորվեր, այլև աստղագոյացման անսպասելի պայթյունից շատ չանցած, գալակտիկան կտրուկ հանդարտվել է, ինչը նշանակում է, որ այնտեղ դադարել է աստղագոյացման գործընթացը։

«Սա ընդլայնում է մեր ներկա պատկերացումների սահմաններն այն մասին, թե ինչպես են գալակտիկաները ձևավորվում և զարգանում: Այժմ հիմնական հարցն այն է, թե ինչպես են նրանք այդքան արագ ձևավորվում տիեզերքի շատ վաղ փուլերում, և ինչ խորհրդավոր մեխանիզմներ են հանգեցնում նրանց աստղերի կտրուկ ձևավորման գործընթացի դադարեցմանը, երբ տիեզերքի մնացած մասում դա տեղի է ունենում»,- ասել է հետազոտության համահեղինակ, Ավստրալիայի Սվինբերնի տեխնոլոգիական համալսարանի աստղագետ Թեմիյա Նանայակկարան։

Հետազոտողներն ասել են, որ իրենց հաջորդ քայլը կլինի նման ավելի շատ գալակտիկաների որոնումը: Եթե գտնեն այդպիսիք, ապա դա կարող է լրջորեն փոխել գալակտիկաների առաջացման մասին գործող պատկերացումները։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page