top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Կրթության կառավարում» գրքերի ներկայացում՝ Կրթության միջազգային օրվան ընդառաջ



Հունվարի 23-ին` Կրթության միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Կրթության կառավարում» խորագրով «Մասնագիտական կրթության կառավարման հիմունքներ», «Կրթության կառավարման օրենսդրական կարգավորումներ»,  «Ֆինանսական կառավարումը բուհերում» և «Կրթության որակի ապահովումը բուհերում» գրքերի ներկայացումը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, գիտական հանրության ներկայացուցիչներ, լրագրողներ։


«ՄԱԿ-ը հունվարի 24-ը հռչակել է Կրթության միջազգային օր, սակայն այն պետք է տոնել ամեն օր։ Շատ ուրախ եմ ներկա գտնվել միջոցառմանը և տեսնել, որ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում պահպանում եք նաև տպված տարբերակով գրքերի հանրայնացումը։ Չէ՞ որ, գիրք կարդալը երկխոսություն է և մենք պետք է հանրայնացնեք այդ երկխոսությունը», - իր խոսքում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն։

«Վերջին շրջանում մենք անընդհատ խոսում ենք կրթության ոլորտում փոփոխությունների կամ, այսպես ասած, բարեփոխումների անհրաժեշտության մասին, - իր խոսքում նշեց Ատոմ Մխիթարյանը, -սակայն ովքե՞ր պետք է դա իրականացնեն, ի՞նչ գիտելիքներ ու հմտություններ ունենան, ոչ ոք չգիտի, այդպիսի մասնագետեր չկան։ Սա է, թերևս, հիմնական պատճառը, որ հեղինակների խմբով որոշեցինք անդրադառնալ այդ բացին և ունենալ դասագիրք, որով ուսանողները կսովորեն և հետո մուտք կգործեն կրթության կառավարման ոլորտ»։ Ընդ որում գրքերի շապիկները ձևավորված են այնպես, որ մեկը մյուսի կողքին դնելով ստանում ենք Գլաձորի համալսարանի մանրանկարներից մեը։ Դա ցույց է տալիս ինչպես միջնադարից եկող հայկական կրթության ավանդույթների, այնպես էլ հրատարակված գրքերի շարունակականության կարևորությունը։



«Կրթության կառավարում» խորագրով գրքերի ներկայացմանը ներկա էին գրքերի հեղինակները՝ տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, մանկավարժության դոցենտ, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը, տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դոցենտ Նոննա Խաչատրյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը:

Արմեն Ճուղուրյանի կարծիքով՝ աշխարհում երկփեղկված կարծիք կա կրթության վերաբերյալ․ «Մի մասը կարծում է, թե կրթությունը բիզնես է, մյուս մասը՝ թե այն հանրային բարիք է։ Մենք որոշեցինք այս չորս հիմնասյուների՝ ֆինանսների, կրթության որակի, կրթության օրենսդրական կարգավորումների և կրթության արդյունավետ կառավարման վրա կառուցել մի հայեցակարգ, որը մի կողմից կրթությունը կներկայացնի որպես գործարարություն, մյուս կողմից՝ որպես հանրային բարիք՝ կառավարիչների համար»։


Գրքերը նախատեսված են ոչ միայն բուհերի մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողների, այլեւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի, կրթության և գիտության վարչարարությամբ զբաղվող մասնագետների, կրթության բարեփոխումների գործընթացով հետաքրքրվածների համար: Գրքերը երաշխավորված են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի եւ Հյուսիսային համալսարանի գիտական խորհրդի կողմից:

Միջոցառման ավարտին հեղինակները գրքերը նվիրեցին  Հայաստանի ազգային գրադարանին։




Գրքերի մասին՝

«Մասնագիտական կրթության կառավարման հիմունքներ» գիրքն անդրադառնում է կրթության կառավարման անհրաժեշտությանն ու բնույթին, կրթական ծառայությունների էկոհամակարգին, համալսարանական ինքնակառավարմանը, ակադեմիական ազատություններին, ներկայացնում է դասընթացի կառավարման գործընթացը, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության կառավարման առանձնահատկությունները:

«Կրթության կառավարման օրենսդրական կարգավորումներ» գիրքը ըստ գլուխների մանրամասն ներկայացնում է Կրթության, Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության, Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքները, ինչպես նաև անդրադառնում է Հայաստանում գիտական աստիճանաշնորհման համակարգին ու բարձրագույն կրթության ենթաօրենսդրական կարգավորումներին:

«Կրթության որակի ապահովումը բուհերում» գիրքը ներկայացնում է կրթության որակի բնորոշումը, անդրադառնում է կրթության որակի ապահովման մշակույթին, հավատարմագրման գործընթացներին, վերջնարդյունքների հենքով գնահատման համակարգին, ինչպես նաև հետբուհական կրթության որակի ապահովման Զալցբուրգյան սկզբունքներին և գիտական ղեկավարների ինստիտուտին:

«Ֆինանսական կառավարումը բուհերում» ուսումնական ձեռնարկն անդրադառնում է բուհական համակարգում ֆինանսական ռեսուրսների ձևավորմանը, համալսարանների ֆինանսների կառավարման առանձնահատկություններին, ինչպես նաև ֆինանսական վերահսկողության խնդիրներին:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page