top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Թեղենիքը մեծ շուքով տոնեց Բարեկենդանը

Updated: Feb 25, 2020





Հովհաննես Թումանյանի հեքիաթից հայտնի տոնը նշվում է մեր օրերում։ Թմբուկներով, տիկնիկներով, երգով, պարով, դիմակներով, ժողովրդական խաղերով մարդիկ քայլերթ իրականացրին Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի փողոցներով` նշելով Բարեկենդանը։ Բուն բարեկենդանը բառացի թարգմանելով՝ նշանակում է «կենդանություն», «բարի կյանք»: Այն Մեծ պահքի առաջին կիրակին է և ունի արարչության առաջին օրվա ու այս կյանքի առաջին դարի խորհուրդը: Հնում մեր նախնիներն անհամբերությամբ էին սպասում Բարեկենդանի տոնին ու երկար նախապատրաստվում էին դրան, սեղանը զարդարում առատ հյուրասիրությամբ: Աղքատները, որոնց մասին այդ օրն առանձնահատուկ հոգածություն էին ցուցաբերում, օգտվում էին իրենց համար նախատեսված ընդհանուր սեղաններից ու հյուրասիրությունից: Բարեկենդանի տոնակատարությունից հետո կիրակի գիշերը մածուն և կաթնով էին ուտում:

Երիտասարդները կենդանացրել են տոնը․ ամեն տարի իրականացնում են թատերական ներկայացումներ, այն հարուստ է նաև ազգագրական երգ ու պարով, ծիսական ուտեստներով, ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառքով, ազգային խաղերի մրցումներով, և, իհարկե, Սուտլիկ հարսանիքով։

Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

Տոնախմբությանն ակտիվ մասնակցություն ունեցան նաև Երիտասարդական ակումբների դաշնության անդամները։ Երիտասարդները մասնակցեցին Բարեկենդանին նվիրված երգ ու պարի, ժողովրդական խաղերի, դիմակահանդեսի, հացաթխման, Սուտլիկ հարսանիքի արարողությանը:

«Համաշխարհայնացման այս գործընթացներում ազգային ավանդական արժեքների պահպանումն ու տարածումը էական նշանակություն ունեն: Դրա լավագույն ձևը երիտասարդներին ազգային տոնացույցում ընդգրկված տոների կազմակերպմանը մասնակից դարձնելն է: Այս նպատակն է հետապնդում Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) կողմից իրականացվող երկարաժամկետ ծրագիրը: Այսօրվա մասնակից երիտասարդները վաղն իրենք են հանդես գալու ազգային արժեքների հիմքի վրա խարսխված նոր նախաձեռնություններով»,- նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:



«Ազգային ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ» ծրագրի իրականացմանը աջակցել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը: Ծրագրի գործընկերներն են Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը, ՀՀ Կոտայքի մարզպետարանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը, «Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» ՀԿ, Հայկական Փի Ար ասոցիացիան:
















ԱՐՓԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page