top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երիտասարդական պետական քաղաքականությունն անհրաժեշտություն է. Ատոմ Մխիթարյան


Օրերս տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների, երիտասարդության ոլորտի մասնագետների հանդիպումը ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ: Մեկուկես ժամ քննարկումից հետո Արայիկ Հարությունյանը ասաց. «Երիտասարդության ոլորտը ի՞նչ է, չեմ հասկանում, ինչո՞ւ պիտի պետությունը զբաղվի դրանով»: Մասնակիցներից մեկը անմիջապես նկատեց. «Դուք բացառություն չեք», իսկ մենք որոշեցինք բացատրել այսպիսի հոդվածի տեսքով:

Նախ, երիտասարդությունը հասարակության այն մասն է, սոցիալական խավն է, որ որոշակի ակնկալիքներ ունի գալիքից և դրանց հասնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: Բոլոր ժամանակներում երիտասարդությունը մի կողմից եղել է հասարակության մեջ դրական փոփոխությունների գրավականը, իսկ մյուս կողմից` ծառայել է որպես սոցիալական անկայունության հնարավոր գործոն: Պետությունը պետք է զբաղվի երիտասարդության հարցերով, այսինքն՝ վարի պետական երիտասարդական քաղաքականություն, որպեսզի կարողանա երիտասարդներին արագ և սահուն կերպով հարմարեցնել ժամանակակից սոցիալ-տնտեսական պայմաններին ու խթանի զարգացումը: Յուրաքանչյուր պետության համար ամենաթանկ կապիտալը Մարդն է, որ վերջնականորեն ձևավորվում է հենց երիտասարդ տարիքում, ու այստեղ պետության օգնությունը խիստ հրատապ է դառնում: Երկրի տնտեսական, սոցիալական զարգացման, դրա կայունության ապահովման, երիտասարդների մասնագիտական ​​կողմնորոշման և հետագա զարգացման համար կարևոր նախապայման է երիտասարդների սոցիալականացման համար համապատասխան մեխանիզմների ու պայմանների ստեղծումը: Այստեղ առանձնահատուկ դեր պետք է ունենան պետական ​​և տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք նախ պետք է գիտակցեն երիտասարդների ներուժի օգտագործման կարևորությունը, ապա նաև բյուջետային զգալի միջոցներ հատկացնեն երիտասարդական քաղաքականության համար: Հայաստանում, օրինակ, առաջանցիկ տեմպերով զարգացել են հենց այն բնագավառները, որոնցում երիտասարդների ընդգրկվածությունը մեծ է եղել, որոնցում խրախուսվել է երիտասարդներին հատուկ ստեղծագործական մոտեցումը՝ զարգացման գրավական: Ֆինանսաբանկային համակարգը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը վառ օրինակներ են:

Երիտասարդական քաղաքականությունն ուղղված է երիտասարդների՝ ընտանիքից ու ֆորմալ կրթական համակարգից դուրս մնացած ժամանակի արդյունավետ կառավարմանը: Մասնագետներս դրան անվանում ենք ոչ ֆորմալ կրթություն, բաց երիտասարդական աշխատանք: Եվ պատահական չէ, որ աշխարհի հենց այն երկրներն են կարողացել առաջանցիկ զարգացման տեմպեր գրանցել, որոնք ունեցել են մշակված երիտասարդական պետական քաղաքականություն, միջոցներ չեն խնայել երիտասարդների մոտ ազատ մտածելու, սեփական նախաձեռնություններն իրականացնելու, համապատասխան հմտություններն ու կարողությունները զարգացնելու համար, որ երբեք ֆորմալ կրթական համակարգը չի կարող տալ: Այցելե՛ք ցանկացած արևմտաեվրոպական երկիր. յուրաքանչյուր գյուղ, քաղաքի յուրաքանչյուր թաղամաս իր երիտասարդական ակումբը կամ կենտրոնն ունի, երիտասարդական յուրաքանչյուր ակումբ կամ տեղական, կամ պետական բյուջեից կայուն ֆինանսավորում է ստանում, յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնում աշխատում են մասնագետներ՝ երիտասարդական աշխատողներ: Մինչդեռ Հայաստանում «Երիտասարդական աշխատող» մասնագիտությունը չեք էլ գտնի մասնագիտությունների ցանկում…

Երիտասարդական քաղաքականության ու երիտասարդական աշխատանքի բնագավառն այնքան է զարգացել, որ վերջին շրջանում հատուկ գիտական միջդիսցիպլինար մոտեցում է ցուցաբերվում. պաշտպանվում են դոկտորական ատենախոսություններ, հրապարակվում են գիտական հոդվածներ, լույս են տեսնում գիտագործնական պարբերականներ, մշակվում են երիտասարդների հետ արդյունավետ աշխատանքի ձեռնարկներ…

Մեր խորին համոզմամբ, ոչ միայն պետք է մշակել ու վարել պետական երիտասարդական քաղաքականություն, այլև անել մի քանի կոնկրետ քայլեր:

Այսպես, նախ պետք է մշակել երիտասարդության ոլորտի զարգացման ռազմավարություն՝ այն կառուցելով «երիտասարդությունը ռեսուրս է» սկզբունքի հիման վրա։ Դա նշանակում է երիտասարդներին դիտարկել որպես ռեսուրս, ոչ որպես խնդիր, աջակցել և գոտեպնդել նրանց, որպեսզի կարողանան զարգացնել և իրացնել իրենց ամբողջական ներուժը, դրական ներդրում ունենան հասարակական գործընթացներում, խթանել երիտասարդների մասնակցությունը և ակտիվ ընդգրկումը համայնքային կյանքում, տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներում:

Պետական երիտասարդական քաղաքականությունը պետք է այնպիսի միջավայր ստեղծի, որտեղ երիտասարդների իրավունքները ճանաչվում են որպես երիտասարդական քաղաքականության մոտեցումների հիմք, երիտասարդական քաղաքականությունը երիտասարդներին ճանաչում է որպես իրավատեր և հեռացնում է իրավական, վարչական և գործնական բոլոր խոչընդոտները: Երիտասարդական քաղաքականությունը պիտի խարսխված լինի համընդհանուր արժեքների և բազմակարծության, ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա: Մյուս կողմից, շատ կարևոր է հստակ կապ ստեղծել տեղական և համապետական մակարդակների քաղաքականությունների միջև, նպաստել համագործակցությանը, համակարգմանն ու գործընկերությանը: Շատ երկրներում այօր օրակարգային է կամավորության և ոչ ֆորմալ կրթության ընթացքում ստացած գիտելիքների ու կարողությունների ճանաչելի դարձնելու հարցը: Մենք կարող ենք այստեղ առաջամարտիկի դեր ստանձնել. օրենքով ամրագրել ու դրանով նպաստել երիտասարդական աշխատողների լեգալացմանը, նրանց անձնական և մասնագիտական որակների բարձրացմանը: Պետականորեն խրախուսել երիտասարդական ակումբների և կենտրոնների գործունեությունը, երիտասարդական աշխատանքը դիտարկել որպես գործազրկության դեմ պայքարի արդյունավետ ձև, զարկ տալ և խրախուսել երիտասարդական նախաձեռնությունները: Եվ վերջապես, երիտասարդական քաղաքականության իրականացման մեջ ակտիվորեն ներառել երիտասարդական կազմակերպություններին, որոնք ունեն կուտակած մեծ փորձ երիտասարդական ծառայությունների տրամադրման ոլորտում։

Ատոմ Մխիթարյան

Քաղաքական նորարարության կենտրոն

Political Innovation’s Centre – PIC



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page