top of page
ԼՐԱՀՈՍ
Search

PR-ը կեղծիքը թաքցնելու միջոց չէ․ Աստղիկ Ավետիսյան

Updated: Sep 12, 2020


Վերջին մի քանի տարիներին Հայաստանում լայն շրջանառության մեջ մտած PR (Public relations) արտահայտությունը հասարակության կողմից սխալ է ընկալվում: Ի վերջո ո՞րն է հանրային կապերի ուժը և ինչո՞ւ են պաշտոնյաներն այդքան շատ վախենում PR-ից։ Anews.am-ի հետ զրույցում պարզաբանում է PR փորձագետ Աստղիկ Ավետիսյանը։ «Պետական, քաղաքական, հասարակական գործիչները, հանրային կերպարները կարիք ունեն հանրույթին ներկայանալու դրական լույսի ներքո։ PR-ը ռազմավարական հաղորդակցություն է, երկարաժամկետ գործողությունների և քայլերի ամբողջականություն, PR-ը կեղծիքը թաքցնելու միջոց չէ, այլ ընդհակառակը՝ հանրայնացնելու, առանձնահատկությունները ընդգծելու, ուժեղ կողմերը տեսանելի դարձնելու հնարավորություն» ,- բացատրում է Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ. գ. թ., «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը։ «Մեր պաշտոնյաները պետք է սովորեն լսել և խորհրդակցել, հատկապես հանրային մեծ միջոցառումներից, նախաձեռնություններից, հրապարակային ելույթներից առաջ։ Հաղորդակցության հմտություններին տիրապետելն առանցքային դերակատարություն ունի պաշտոնյայի կյանքում, հենց այդ պատճառով է, որ վերջիններս կարիք ունեն հանրային կապերի գրագետ մասնագետների։ Իսկ արհեստավարժ PR մասնագետը տիրապետում է բազմաթիվ մասնագիտական գործիքների, ով ստեղծում է անհատի կամ կազմակերպության դրական իմիջը և կարողանում է հաղորդակցություն ձևավորել ընկերության, կառույցի, գերատեսչության և հանրության միջև»։

«Հանրային կապերը հարաբերություններ ձևավորելու արվեստն է, իսկ PR մասնագետները պետք է լինեն ոլորտի գիտակներ, փորձառությունն ունեցողներ, հաղորդակցման հմտությունների տիրապետողներ և ո՛չ դիլետանտներ»։ Աստղիկ Ավետիսյանը կարևորեց անհատական բրենդինգը, հանրային գործչի կերպարի ձևավորման առանձնահատկությունները, հրապարակային ելույթի մատուցման գործիքներն ու տեխնոլոգիաները: «Յուրաքանչյուր անհատ կարող է դառնալ հայտնի, իր հետևից տանելով մեծ լսարան, բայց դա կարող է անել միայն գրագետ իմիջ ունենալով, գրագետ հարաբերվելով, ազդեցիկ տեսակետներով, կոկիկությամբ և գիտելիքի անսպառ պաշարով»:

«Հայ պաշտոնյաներից շատերն ինքնուրույն ճանապարհ են անցնում, ժամանակի ընթացքում կերտելով իրենց հրապարակային կերպարը, սակայն այսօր քաղաքական գործիչների մեծ մասը Հայաստանում կարիք ունի խորհրդատվության: Յուրաքանչյուր վայրկյան թույլ են տրվում սխալներ, որոնք ազդում են բարձրաստիճան պաշտոնյայի մասին ձևավորված հանրային կարծիքի վրա՝ բացասական առումով: Վստահելի և համոզիչ կերպարը միայն կարող է ազդել որոշումների կայացման, հանրույթի պահանջները հաշվի առնելու և դրանց լուծում տալու գործընթացի վրա: Հակառակ պարագայում հանրույթը սկսում է չվստահել ոլորտի պատասխանատուներին: Պետք է յուրաքանչյուրն իր գործով զբաղվի, իր գիտելիքների և փորձառության համապատասխան»։

PR փորձագետը հույս հայտնեց, որ կգա ժամանակ, որ յուրաքանչյուրն իր տեղում կհայտնվի, այսօր քաղաքականություն մուտք գործած անհատներն իրենք իրենց կվերաբերվեն ավելի պատասխանատու, հասուն և կտիրապետեն այն ոլորտի գիտելիքներին, որով զբաղվում են, հակառակ պարագայում՝ հաղորդակցության ճգնաժամն անխուսափ է: Մերի Խաչատրյան

0 comments

Comments


bottom of page