top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մենք գնում ենք արևմտյան կրթական համակարգի, բայց դա անում ենք կիսատ-պռատ. Ատոմ Մխիթարյան


Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ավելացված արժեքի հարկը սկսելու է գանձվել ուսանողական վարձավճարներից: Դա նշանակում է, որ վարձավճարները պետք է ստիպված բարձրացվեն, որովհետև բուհերը չեն կարողանա վարձավճարից 20 տոկոս ավելացված արժեքի հարկը իրենք վճարեն և ստացվելու է, որ առաջիկա ուսումնական տարվանից բարձրագույն կրթությունը, որն առանց այդ էլ մատչելի չէր, կդառնա ավելի քիչ մատչելի. Tert.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքում առկա մի շարք փոփոխություններին:

«Սա աղետալի հետևանքներ կարող է ունենալ, կրթության որակն էլ ավելի կվատանա, որովհետև դիմորդների թիվը կնվազի: Այն մասնագիտությունները, որոնք հեռանկարային նշանակություն ունեն մեր երկրի համար, հնարավորություն չեն ունենա զարգանալ: Դպրոցների շրջանավարտների համար ավելի հարգի է դիմել այն բաժիններ, որոնք կապ չունեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության հետ, հիմնականում դիմում են իրավագիտություն, տնտեսագիտություն բաժիններ»:

Մխիթարյանի կարծիքով՝ ճիշտ կլիներ այն ֆակուլտետները, որտեղ քիչ են դիմորդները՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այլն, անվճար տեղերն ավելացվեին՝ խրախուսելով դիմորդներին այդ ֆակուլտետներ ընդունվել. «Մատների վրա կարելի է հաշվել այդ ֆակուլտետներում ընդունվողներին, մինչդեռ մենք ժամանակին ունեինք ֆիզիկայի ոլորտի գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք Խորհրդային Միության մասշտաբով առաջնային դիրքեր էինք զբաղեցնում»:

Անդրադառնալով կառավարության այն որոշմանը, որ դիմորդը չի կարող բուհ դիմելիս նշել մի քանի բաժին, Մխիթարյանը նկատեց՝ թեև Կառավարության այդ որոշումը ներկայացվեց իբրև դրական փոփոխություն, բայց այն նորանոր խնդիրներ է ստեղծում.

«Նախկինում դիմորդն իրավունք ուներ դիմելու մի քանի բուհ՝ մի քանի մասնագիտությամբ և հավաքած միավորների համաձայն՝ ըստ հերթականության ընտրելու հնարավորություն ուներ, իսկ այս տարի յուրաքանչյուր դիմորդ իրավունք ունի դիմելու ընդամենը մեկ բուհ՝ մեկ մասնագիտությամբ: Չընդունվելու դեպքում պետք է սպասի, եթե որոշ բուհերում որոշ մասնագիտություններով թափուր տեղեր մնան, նոր կարող է դիմել այդ մասնագիտությամբ: Արդյունքում՝ շրջանավարտները կրկին դիմելու են այնպիսի մասնագիտություններով, որտեղ միշտ կոնկուրսը շատ է և դուրս են մնալու, որովհետև բոլորը չէ, որ կարողանալու են ընդունվել այդ բաժիններ, իսկ հարակից մասնագիտությունները, որոնք կան այլ բուհերում, բոլոր տեղերը կզբաղեցվեն: Առաջին հայտով դիմողները երկու քննության արդյունքով, օրինակ, 20 միավորով կընդունվեն, իսկ երկու քննության արդյունքով և բարձր միավորներ հավաքած դիմորդներն ուղղակի դուրս կմնան»:

Կրթության փորձագետը համոզված է՝ այս որոշումը դժգոհություններ է առաջացնելու ծնողների, ուսուցիչների և հատկապես դիմորդների շրջանում: Քանի որ այս որոշմամբ իբրև թե խրախուսվում է մասնագիտական կողմնորոշումը, բայց դա հնացած գաղափարախոսություն է, քանի որ ժամանակակից աշխարհում մարդիկ ամբողջ կյանքում սովորում են.

«Միայն խորհրդային ժամանակ էր, երբ մարդու կարիերան հետագիծ էր, և երբ մարդը ավարտում էր դպրոցը, ընդունվում էր տվյալ մասնագիտությամբ, քանի որ աշխատատեղ կար, իսկ հիմա, եթե պետությունը չի ապահովում ավարտելուց հետո համապատասխան մասնագիտությամբ աշխատատեղ, ի՞նչ իրավունքով է կարողանում այլ մեխանիզմներ մտցնել: Մենք գնում ենք արևմտյան կրթական համակարգի, բայց դա անում ենք կիսատ-պռատ: Այնտեղ հանձնում են քննությունները, հավաքում բալեր և հետո որոշում են՝ որ բուհն ընդունվել: Իսկ այստեղ դու առանց իմանալու ինչքան բալ ես հավաքելու, դիմում ես ինչ-որ մասնագիտության համար, ու եթե դուրս մնացիր մրցույթից, ոչ մեկը քո նկատմամբ որևէ պատասխանատվություն չունի: Արդյունքում՝ այս տարվա շրջանավարտներից մենք կորցնելու ենք բանիմաց սերունդ»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page