Աշխատաժողով` նվիրված «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրին
«ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում կայացավ աշխատաժողով, որին մասնակցում էին ծրագրի պատասխանատուները:
Միջազգային փորձագետների հետ քննարկվեց օրենսդրական բարեփոխումների, անասնագոմում իրականացվող ստուգումների և այլ հարցեր:
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Աշխեն Շիրվանյանն արձանագրեց, որ Հայաստանի խոշոր եղջերավոր կենդանիների ամբողջ գլխաքանակը համարակալված է և հաշվառված: «Պետք է հաշվառման էլեկտրոնային համակարգը գործի, որը այս պահին նույնպես ներդրված է և այն քննարկման փուլում է»,- նշեց Շիրվանյանը:
Ըստ նրա` ծրագիրը մեկնարկել է մեկ տարի առաջ և հաջողությամբ իրականացվում է: «Այս ոլորտում քաղաքականություն մշակելով, մենք փորձում ենք պարբերաբար վեր հանել առկա բացերը և գտնել լուծումներ, առաջարկել ժամանակին համահունչ մեխանիզմներ, որը հնարավորություն կտա ՀՀ-ին ինտեգրվել առկա միջազգային չափորոշիչներին համապատասխան սխեմաներում»,- կարևորեց փոխնախարարը:
Ավստրիական զարգացման գործակալության (ADA) երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը հպարտությամբ խոսեց հայ-ավստրիական համագործակցության մասին. «Համարակալման ծրագիրը, իսկապես առանձնահատուկ է և մենք շատ հպարտ ենք այն ձեռքբերումներով, որ հասել ենք ծրագրի շրջանակում: Մենք ապահովել ենք հետագծելիությունը ամենահեռավոր տարածքներ` Վայոց ձոր, Լոռի և այլն: Սա հայ-ավստրիական համագործակցության լավագույն արտահայտումներից մեկն է»:
Կլաուս Կապպերի խոսքով, այս նորագույն մոտեցումները Ավստրիայում երկար ժամանակ է կատարելագործվել և այն հիմա հասել է Հայաստան:
«Ծրագիրը երաշխիք է պարենային ապահովվածության և անվտանգության: Հույսով ենք, որ համագործակցությունը կնդլայնվի»,- նշեց Կապպերը:
«Քարդ» հիմնադրամի «Կենդանիների համարակալում և հաշվառում ծրագրի ղեկավար Նազելի Գրիգորյանի խոսքով` հանդիպումը նպատակ ունի վեր հանել «ՀՀ-ում կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրում առկա խնդիրները, որոնք հրատապ լուծում են պահանջում:
Թեմայի շուրջ քննարկում եղավ Ավստրիայի ԿՀՀ միջազգային փորձագետ Ռուդոլֆ Մոզերի և Տեղում իրականացվող ստուգումների բաժնի ղեկավար Ռութ Ֆիշերդերի հետ:
Ռուդոլֆ Մոզերը մշտադիտարկում իրականացրեց ծրագրի շուրջ: «Նշանակալի զարգացում եմ արձանագրել, սակայն դեռ կան կենդանիներ, որ գրանցված չեն, և սա բեկումնային կարող է լինել, տվյալների բազան պետք է միշտ թարմ պահել»-շեշտեց Մոզերը:
Ավստրիայի ԿՀՀ միջազգային փորձագետը ներկայացրեց սպանդանոցների գործունեությունը կարգավորող կանոններ և օրենքներ, հավելավճարներ և սուբսիդներ, որնք նպաստում են ԿՀՀ համակարգի կայունացմանը և կայացմանը:
«Տվյալների բազան պետք է փայլի, արտացոլի կենդանիներին: Գործիքներից մեկը` տեղում իրականացվող վերահսկողությունն է: Պետք է պատասխանատվության վերահսկողություն սահմանվի: Առաջին քայլը ֆերմաների ընտրությունն է, հետո` պատասխանատվության սահմանումը»,- իր խոսքում նշեց «Տեղում իրականացվող ստուգումների» բաժնի ղեկավար Ռութ Ֆիշերդերը:
Անասնաբույժների ազգային ասոցացիայի նախագահ Արման Օհանյանն էլ կարևորեց, որ երբ կենդանին մուտք է արվում համակարգ և դուրս է գալիս, այն պետք է հանել համակարգից, և սրա պատասխանատուն պետք է լինի անասնաբույժը:
ՍԱՏՄ ներկայացուցիչը աշխատաժողովի մասնակիցներին ծանոթացրեց ՀՀ-ում սպանդանոցային համակարգի և դրա հետ կապված հիմնական խնդիրների հետ: Հանդիպման վերջում ՀՀ-ում անասնաբույժների կարիքների գնահատման ուսումնասիրության ներկայացում եղավ:
«ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի աջակցությամբ և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Comments