top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Եթե կրթական պրոցեսը նորմալ չի կազմակերպվում, մենք կորցնում ենք մի ամբողջ սերունդ


Կրթության փորձագետը Ատոմ Մխիթարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշում է, որ չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ չնայած մարդիկ արդեն սովորել են պահպանել հակահամաճարակային պայմանները, բայց անհրաժեշտ է առավելագույնը ապահովել դրանք կրթական հաստատություններում։

«Անհրաժեշտ է նորմալ կազմակերպել դասերը, ոչ թե կիսատ՝ շաբաթվա մեջ երկու կամ երեք օր, կրճատումներով և այլ։ Դա գրեթե համարժեք է ընդհանրապես դասապրոցեսը չկազմակերպելուն, այսինքն, մենք պետք է միտված լինենք, որ սեպտեմբերից, գուցե նաև ավելի շուտ, որովհետև բացթողումներ ունենք, կազմակերպենք դասապրոցեսը նորմալ ձևաչափով՝ չմոռանալով հակահամաճարակային կանոնները»,- նշում է փորձագետը։

Մխիթարյանը շեշտեց, որ եթե կրթական պրոցեսը նորմալ չի կազմակերպվում, մենք կորցնում ենք մի ամբողջ սերունդ։

«Այդ դեպքում կրթական համակարգը փլուզվում է, առանց այդ էլ այն երերուն վիճակում է և որևէ խոչընդոտ չպետք է լինի։ Ինչ վերաբերում է փոփոխություններին և սահմանափակումներին, որոնք մենք պետք է դնենք կրթական համակարգի առջև՝ դրանք պետք է լինեն տրամաբանված և խաղի կանոններին համապատասխան, նոր բաներ չպետք է մտածել, նոր դժվարություններ մտածել, որպեսզի ամեն ինչ անենք՝ խանգարելու համար։ Այդպես եղավ նախորդ ուսումնական տարում, դրան նախորդող ուսումնական տարում»,- ասում է Մխիթարյանը։

Երեկ նոր ուսումնական տարում դասապրոցեսի կազմակերպման հնարավոր տարբերակները նախորոշելու նպատակով հանդիպել են ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն և Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ Հանդիպման ժամանակ կողմերը համակարծիք են եղել, որ դասապրոցեսն առկա ձևաչափով և առանց դասարանների բաժանման կազմակերպելու համար ուսհաստատությունների աշխատակիցների շրջանում պատվաստման մակարդակը պետք է լինի առնվազն 60-70%:

Անդրադառնալով այս քննարկմանը, ինչպես նաև պետական գերատեսչություններում պատվաստումը պարտադիր պայման դարձնելուն՝ Մխիթարյանը նշում է, որ ստիպելը որևէ ձևով արդարացնել չի կարելի։

«Պետք է աշխատանքներն այնպես կազմակերպվեն, որ ուսուցիչները հասկանան, որ պատվաստվելը կարևոր է, որպեսզի դասապրոցեսը նորմալ կազմակերպվի։ Ստիպելուն դեմ ենք, ինչի համար էլ դա լինի, ստիպել չի կարելի, ոչ էլ վարչական ռեսուրսներ օգտագործել, դպրոցի տնօրեններին ստիպել, որ նրանք ուսուցիչներին ստիպեն։ Այդ շղթան լավ տեղ չի տանի, լավ բանի չի հանգեցնի։

Պետք է համապատասխան քարոզչություն տանել, որպեսզի պատվաստումների թիվը էապես շատանա։ Ինչպես նաև մարդիկ արդեն հարմարվել են և հակահամաճարակային պայմանները պահպանում են։ Դասարանները կիսելու, դրա փորձերը անելու կարիքը չկա այլևս, անհրաժեշտ է, որ բոլորը՝ և պետական կառավարման մարմինները, և շահագրգիռ մարդիկ, այն տրամադրվածությունը ունենան, որ նոր ուսումնական տարին սկսվելու է հին ձևով։ Սա միակ բանն է, որ հին ձևը իրեն արդարացնում է»,- ասում է Մխիթարյանը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page