top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ավագ դպրոցի դասավանդման արդի խնդիրներն ու դասավանդման առանձնահատկությունները. «Օգնություն ուսուցչին»

Updated: Jun 6, 2022


Կրթության փորձագետ, ԿԱԻ Հայագիտական և սոցիալ–մշակութային առարկաների բաժնի մասնագետ Թամարա Թովմասյանը հանդես է եկել «Օգնություն ուսուցչին» հոդվածով. «Հոդվածը յուրատիպ կոչ է մայրենի լեզվի և գրականության ուսուցիչներին՝ հանրակրթական դպրոցի ուսումնական գործընթացներում ժամանակակից մանկավարժական մոտեցումներ արմատավորելու նպատակով։

Anews.am-ը ներկայացնում է հոդվածը ստորև`

«Հայոց լեզվի ուսուցում ավագ դպրոցում կարիք ունի մեթոդական լուրջ փոփոխությունների: Եթե միջին դպրոցում նոր մեթոդների կիրառումը դարձել է պահանջ, ապա ավագ դպրոցում ուսուցման արդի մանկավարժական տեխնոլոգիաները քիչ են կիրառվում կամ գրեթե չեն կիրառվում: Շատ ուսուցիչներ դեռևս չեն տիրապետում նոր մեթոդներով աշխատելուն կամ էլ ուզում են կիրառել միայն արմատացած ավանդական դասատվության ձևերն ու մեթոդները: Արդյունքում սովորողների հետաքրքրություններն ու կարիքները չեն բավարարվում. նրանց անհրաժեշտ են ժամանակակից պահանջներին համապատասխան ուսուցում և ուսումնառություն, երբ շեշտը չի դրվում միայն գիտելիքի սերտման ու մտապահման վրա, այլ ձևավորում է կարողունակություններ ու հմտություններ, որոնք կկիրառվեն կյանքում: Քանի որ հայոց լեզուն այն առարկան է, որը բանալի է դառնում մյուս բոլոր առարկաների յուրացման համար, հետևաբար հայոց լեզվի ուսուցումը պետք է կազմակերպել հետաքրքիր` աշակերտների ակտիվ ու գործուն մասնակցությամբ: Մեր ցանկությունն է օգնել ուսուցիչներին՝ ստեղծելու նորովի դասավանդման մեթոդական զինանոց, և այն օգտագործել նպատակին համապատասխան, վերացնել ուսանելու և ուսուցանելու գործընթացի միապաղաղությունը, որպեսզի սովորելը աշակերտի համար դառնա ավելի հետաքրքիր և զվարճալի: Այսօր դպրոցում մայրենի լեզվի գործնական, հաղորդակցական հմտություններին և կարողություններին կողմնորոշված ուսուցանումը չունի այլընտրանք։ Ժամանակն ուսուցչին մեկ անգամ ևս կանգնեցրել է բարդությունների առջև։ • Ինչո՞ւ սովորեցնենք: • Ի՞նչ սովորեցնենք և ինչպե՞ս սովորեցնենք: • Ինչպե՞ս մատուցենք աշակերտներին համամարդկային և ազգային արժեքներ: • Ինչպե՞ս զարգացնենք անձնական արժանապատվության զգացում: • Ինչպե՞ս ձևավորենք նրա մոտ ինքնուրույն մտածելու ունակություն: • Ինչպե՞ս սովորեցնենք հարգել ուրիշի կարծիքը: • ինչպե՞ս դարձնենք նրանց ճաշակով ընթերցող, ունկնդիր: Այս հիմնախնդիրների մասին մտածել են բոլոր արհեստավարժ մանկավարժները, մտածում են և կմտածեն։ Այս մոտեցման հիմքում ընկած է հենց երկարատև պրպտումները, տարիների փորձը, հայկական և համաշխարհային մանկավարժական լավագույն ավանդույթների և նորությունների իմացությունը, որն էլ, կարծում ենք, մեծ օգնություն կլինի ինչպես սկսնակ, այնպես էլ փորձված մանկավարժներին և նաև նրանց, ովքեր հետագայում որոշել են մայրենիի ուսուցիչ դառնալ։ Մայրենի լեզուն անձնավորության ինքնարտահայտման, մտքի ձևավորման և հաղորդման միջոց է։ Նրա ուսուցումը հիմնվում է այն սկզբունքների վրա, որոնք ճանաչված են որպես ուսուցման ընդհանուր համապիտանի սկզբունք, այն հատկապես նախատեսում է՝ • Շեշտադրությունն անել ուսումնական նյութի ոչ թե քանակային, այլ կառռւցվածքայինև որակական կողմերի վրա։ • Ուսուցման կենտրոնացում սովորողների մտավոր, հոգեբանական և ֆիզիկական հնարավորությունների վրա։ • Ուսուցման անհատականացում, աշակերտի՝ որպես անհատի, ունակությունների և հնարավորությունների առավելագույն հաշվառում։ • Ուսուցման գործընթացի առավելագույն կենտրոնացում՝ պատկերացման և գիտակցման վրա, և ոչ թե ընկալման և մտապահման վրա։ • Ուսուցման գործընթացի կենտրոնացում աշակերտի անհատականության վրա։ • Ուսուցման գործընթացի կառուցում աշակերտի և ուսուցչի, բացի դրանից՝ աշակերտների ինտերակտիվ ուղղվածության հիման վրա։ • Արդյունքներին կողմնորոշված ուսուցում։ • Լեզվի գործառույթային տարբեր կողմերի և ձևերի միասնականացված ուսուցում։ Լավագույն դպրոցական կրթության կարելի է հասնել միայն ուսուցչի ակտիվ մասնակցությամբ, և այդ գործընթացում յուրաքանչյուր ուսուցչի ուշադրությունը շատ արժեքավոր է և նշանակալից։ Հասարակությունն այսօր անչափ բարդ առաքելության կատարում է դրել ավագ դպրոցի և այնտեղ դասավանդող ուսուցչի առջև։ Քաղաքացիական գիտակցության, քաղաքական մշակույթի, հանդուրժողականության պակասի, մի շարք այլ հիմնախնդիրների մասին խոսելիս հավատում ենք, որ դրանց վճռման ուղին անցնում է դպրոցի միջով։ Մեզանից ակնկալում են ոչ միայն կրթված, այլև այս հիմնախնդիրներից ազատ սերնդի դաստիարակում։ Այսօրվա պայմաններում եղած միջոցներով այս առաքելությունը դժվար է իրականացնել։ Չնայած դրան՝ մեզանից ոմանք դասասենյակում գոնե հասնում են ցանկալի արդյունքի։ Կարծում ենք՝ ուսուցչի կարգավիճակը պետք է այն նպատակներին համապատասխան լինի, որոնց իրականացումը նրանից պահանջում է հասարակությունը։ Տեղեկացման, դպրոցում արդի մանկավարժական տեխնոլոգիաներով ու որակյալ մասնագիտական կրթության փորձ ներդնելու ճանապարհով ցանկանում ենք օգնել ուսուցչին՝ այս դժվար առաքելության հաջող իրականացման հարցում։

Մայրենի լեզվի և գրականության ուսուցման հարցերի առաջարկումից առաջ խոսենք ավագ դպրոցում ուսուցման-ուսումնառության սկզբունքների մասին։ Այդ սկզբունքներն են՝

  • 1. Աշակերտն ավելի լավ է սովորում, երբ հաշվի են նստում նրա անհատական հատկանիշների հետ։ Ուսուցիչը պետք է՝ ընտրի ուսուցման այնպիսի մեթոդներ, որոնք համապատասխանում են աշակերտի տարիքային առանձնահատկություններին։  աշակերտներին առաջարկի բազմատեսակ ակտիվություններ՝ վարժություններ, առաջադրանքներ՝ նկատի ունենալով նրանց անհատական առանձնահատկությունները (բնավորությունը, ուսուցման ոճը, մտավոր ունակությունները, ուժեղ և թույլ կողմերը)։

  • 2. Աշակերտն ավելի լավ կսովորի, եթե նրան տրվի անհատական ներուժի զարգացման հնարավորություն։

Այս դեպքում ուսուցիչը պետք է աշակերտների մոտ ձևավորի ու մշակի՝  դրական վերաբերմունք իրենց, ուրիշների, ուսուցման, շրջապատող աշխարհի, սեփական լեզվի նկատմամբ,  ձևավորի փոխզիջական վերաբերմունք սխալի նկատմամբ և նրանց գիտակցել տա, որ սխալը ուսուցման գործընթացի անբաժանելի մասն է, և որ՝ սխալների բացահայտումն ու վերլուծությունն է պայմանավորում առաջընթաց,  պարզ սահմանի երեխայի համար, թե ինչ սպասումներ ու ակնկալիքներ ունենք նրանից,  ստեղծի վստահության մթնոլորտ, որտեղ կլինի համագործակցություն և ոչ թե մրցակցություն, մրցույթ։

3. Աշակերտն ավելի լավ է սովորում մայրենի լեզուն, երբ նա մասնակցում է ուսումնական գործընթացի կառավարմանը։

Ուսուցիչը պետք է՝  Խթանի աշակերտին, որ նա ցուցաբերի պատասխանատվություն և ցուցաբերի նախաձեռնություն։  Շահագրգռի աշակերտին, որ նա ինքնուրույն վճռի ուսումնական գործընթացի ժամանակ առաջացած որոշ հիմնախնդիրներ։  Աշակերտին զինի ուսումնական ռազմավարություններով, որոնք կհեշտացնեն ուսուցումը, նրան ավելի ինքնուրույն կդարձնեն։

4. Աշակերտն ավելի լավ է սովորում մայրենի լեզուն, երբ նա ունի հիմնավորումներ:

Ուսուցիչը պետք է՝  Աշակերտին հնարավորություն տա ինքնուրույն զննել յուրացվելիք նյութը, ենթադրություններ անել, հայտնաբերել, կռահել, ճանաչել, համեմատել գիտելիքը, ինչը ժամանակակից մանվարժությունն անվանում է գիտելիքների կառուցում։  Ուսուցման բովանդակությունը համապատասխանեցնի աշակերտների հետաքրքրություններին։ Ստեղծի այնպիսի հաղորդակցական իրավիճակներ, որոնք հրապուրիչ կլինեն աշակերտների համար։  Աշակերտների առջև դնի իրական, հաղթահարելի խնդիրներ և նպատակներ, որպեսզի աշակերտներն զգան հաջողության համը։  Խրախուսի հաջողությունը, գնահատի առաջընթացը։ Այս բոլորն իրկանացնելու համար ուսուցիչը պետք է կիրառի ակտիվ ուսուցման և ուսումնառության մեթոդներ: Ավագ դպրոցում պետք է արմատավորվեն սովորողի մտավոր կարողություններին համապատաս խան այնպիսի ակտիվություններ, որոնք կբարձրացնեն նրա ներքին պատճառաբանվածությունը։ Այսպիսի միջոցներ են՝ 1. Տարբեր տիպի դիդակտիկ նյութերի օգտագործում՝ նկար, որևէ առարկա, գծապատկեր, պաստառ, աղյուսակ և այլն: 2. Զուգորդական կապեր՝ նմանօրինակություն, չափազանցում, (աշակերտը կապում է նոր տեղեկությունը, նոր հասկացությունը մինչև այդ ունեցած փորձի հետ։ Որքան պարզ է նոր տեղեկության կապը իմացածի հետ, այնքան կայուն է նոր ձեռք բերած գիտելիքը)։ 3. Անմիջական փորձի վրա հիմնված գործնական գործողություններ՝ նյութի ձեռնածություն (նկարել, պատի թերթ, խաչբառներ, թեմատիկ բառարաններ, աղյուսակներ կազմել և այլն), դերերի խաղարկում, հարցազրույց վարել, դիմախաղով, ժեստերով արտահայտվել և այլն: Այս մեթոդը, որը կիրառում է նման ակտիվություններ, կոչվում է մուլտիսենսորային (բազմազգայկան) մեթոդ. այն հաջողությամբ արմատավորվել է բազմաթիվ երկրների դպրոցներում)։ 4. Երևակակայական ակտիվություններ։ Այս մեթոդի առավելությունը կայանում է նրանում, որ մարդ ազատ է արտաքին աշխարհի սահմանազատումներից: Երևակայությունը կարող է մեզ տեղափոխել ցանկացած ժամանակ և տարածություն։ Երևակայության միջոցով կարելի է անմիջական, անձնական փորձն ակտիվացնել։ Պետք է նշել, որ երևակայությունը հազվագյուտ մտավոր պաշար է, որն օժանդակում է ստեղծագործական մարդու ձևավորմանը։ Ուսուցանումն առանձնապես այն ժամանակ է արդյունավետ, երբ գոյություն ունի երկկողմ վստահություն, երբ աշակերտի խոսքը ուսուցչի և համադասարանցիների կողմից ընդունվում է առանց ավելորդ քննադատությանև, առավել ևս՝ առանց ծաղրելու, և երբ դասասենյակում ընդունելի են տարբեր հաղորդակցական ոճեր։ Ուսուցչի կարևոր գործառույթներից մեկը ուսուցման մեթոդների ճիշտ ընտրությունն է: Ուսուցման այս կամ այն մեթոդի ընտրությունը նախևառաջ պետք է պայմանավորված լինի հայոց լեզվի և գրականության դասընթացի չափորոշչային և ծրագրային պահանջներով, ինչպես նաև վերջնարդյունքներով: Ստորև ներկայացնում ենք 10-րդ դասարանի դասի մի նմուշօրինակ, որում կիրառված են դասի տարբեր փուլերի համար նախատեսված ուսուցման մեթոդներ, որի նպատակն է` • սովորողներին հնարավորինս ակտիվ ներառել ուսուցման գործընթացի մեջ, • ապահովել նրանց գործուն մասնակցությունը դասի յուրաքանչյուր փուլին, • սովորողի ուշադրությունը հնարավորինս կենտրոնացած պահել և ուղղորդել ինքնուրույն արդյունքների հասնելուն, • ապահովել արդյունավետ հետադարձ կապ: ԹԵՄԱ 43. ԱԾԱՆՑԱՎՈՐ ԲԱՌԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆՊԱՏԱԿԸ՝ իմանա՝ • ածանցավոր բառերի ուղղագրական դժվարություններն ու կիրառման առանձահատկությունները, • համահունչ ածանցներով կազմված բառերի ուղղագրությունը, • բարդ բառերի և բառակապակցու թյունների ուղղագրությունը, կարողանա՝ • գտնել ածանցավոր բառերը բաղադրիչներ, • կազմել ածանցավոր բառեր՝ օգտվելով կազմության եղանակներից, • խոսքում ճանաչել բարդ բառերը և տարբերել բառակապակցություններից: Ուսուցման մեթոդները: «Խթանող հարցեր», «Ներածական զրույցի», «Փոխգործուն գրառումների համակարգ արդյունավետ կարդալու և մտածելու համար» (ՓԳՀԱԿՄՀ), «Քարտերի հարցարան»: Ուսումնական նյութերը: Դասագիրք, «Քարտերի հարցարան», աշխատանքային տետր, թղթապաստառ, նշագրիչ: Դասի կառուցվածքը: Համակցված դաս:

Դասի ընթացքը Տնային առաջադրանքները ստուգելուց հետո մի քանի աշակերտի գնահատում ենք և ապա ստուգում ենք հին դասի յուրացումը, ամփոփում ու գնահատում և անցնում ենք նոր նյութի ուսուցմանը: Խթանման փուլում մտագրոհ են կազմակերպում «ածանց» բառով: Այդ հասկացության վերաբերյալ աշակերտներն արտահայտում են իրենց պատկերացումները, և ուսուցիչն անմիջապես գրատախտակի վրա գրանցում է նրանց արտահայտած բոլոր մտքերը։ Այնուհետև սովորողներին հանձնարարվում է մտագրոհի հետևանքով առաջացած կապերով (բառերով) և «ածանց» բառով ձևակերպել ածանցի սահմանումը: Կարելի է սահմանումը ներկայացնել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր շարադրանքով: Ապա աշակերտները կամ խմբերից յուրաքանչյուրը ներկայացնում են ածականի սահմանման իրենց տարբերակը: Այս մոտեցումը նպաստավոր պայմաններ է ստեղծում նոր մտքերի և տեսակետների ձևավորման համար, ինչպես նաև ընդհանուր ուժերով ձեռք բերված գիտելիքները հիշողության մեջ դրոշմվելու ավելի մեծ հավանականություն է ընձեռում: Այս փուլից հետո անցնում ենք բուն նյութի ուսուցմանը: Կարճ դասախոսության միջոցով ուսուցիչը տեղեկություններ է հաղորդում թեմայի վերաբերյալ՝ ասելով, որ ածանցավոր բառերից ուղղագրական դժվարություն են ներկայացնում հատկապես համահունչ ածանցներով կազմված բառերը: Դրանք են՝ • -ույք (կահույք, պիտույք) և -ույկ (մակույկ, գրքույկ), • -յուն (գոյականակերտ՝ կարկաչյուն, խոխոջյուն, առվակի կարկաչյունը, խոխոջյունը) և -ուն (ածականակերտ՝ կարկաչուն, խոխոջուն առվակ), • -ինք {նախատինք) և -իք (կարծիք), • -իք (օծանելիք, շոշափելիք) և -իկ (մածուցիկ, վաղանցիկ), • -ուկ (թափթփուկ, փղձուկ) և -ուք (ծեծկռտուք, • -ովի (հնարովի, նշանակովի) և -ովին (գլխովին, ազգովին):

Շփոթության տեղիք են տալիս որոշ ածանցներ և նույնահունչ կամ նմանահունչ արմատներ, հնչյունակապակցություններ, ինչպես՝ խիզախորեն և անօրեն, մեղմորեն և մեղմօրոր, փոխլրացում և փողկապ, դժպատեհ և դշխուհի-թագուհի, կտրիչ և կտրիճ-քաջ, համարձակ: Հանդիպադրվող բառազույգերում առաջին եզրերը ածանցավոր բառերն են, որոնք հարկավոր է զանազանել նմանահունչ բառերից և ճիշտ գրել: Աշակերտներին տրվում է առաջադրանք՝ տեսականը գործնականորեն կիրառելու և նրանց յուրացման մակարդակը որոշելու նպատակով: Ավարտելուց հետո կարդում են, գնահատում ենք և շարունակում դասը: ՓԳՀԱԿՄՀ մեթոդը կիրառելով՝ հանձնարարում ենք կարդալ և սովորել «Բարդ բառերի և բառակապակցությունների գրությունը» դասանյութը: Յուրացմանը հատկացված ժամանակահատվածը լրանալուց հետո սովորողները ներկայացնում են թեման՝ նշելով, որ բարդ բառերի և բառակապակցությունների գրության հետ կապված որոշ դժվարություններ կան: Դրանք առնչվում են բաղադրիչները միասին, անջատ կամ գծիկով գրելու հետ: Օրինակ՝ ի բաղադրիչով (նախդիրով) կազմությունները սովորաբար անջատ են գրվում (ի սրտե, ի շահ, ի ծնե, ի բնե, ի գիտություն), այնինչ՝ իզուր, իհարկե, իսպառ և իմիջիայլոց բառերը միասին են գրվում: Բարդ բառերի և բառակապակցությունների գրությանն առնչվող մի քանի կարևոր կանոններ կան, որոնք հարկավոր է իմանալ և կիրառել: Սովորողները նոր սովորածը ներկայացնում են թղթապաստառով: Առաջին խումբ Միասին են գրվում՝ 1. 11-ից մինչև 99 բացարձակ թվականները, ինչպես՝ տասնմեկ, իննսունինը, 2. ե մասնիկ ունեցող կրկնավորները, ինչպես՝ դռնեդուռ, սերնդեսերունդ, 3. ամենա սկզբնաբաղադրիչով կազմությունները, ինչպես՝ ամենաերկար, ամենաբարի, ամենատարեց, 1. ընդ, ըստ, ի, ց նախդիրներով կրկնավորները, ինչպես՝ մեջընդմեջ, օրըստօրե, թույրիթույր, տարեցտարի, 2. գծիկով կամ անջատ գրվող բարդ բառերից և անուններից ածանցմամբ կազմված բաղադրությունները, ինչպես՝ հյուսիսարևելյան (հյուսիս-արևելք), փոքրասիական (Փոքր Ասիա), նյույորքցի (Նյու Յորք):

Երկրորդ խումբ Անջատ են գրվում՝ 1. հարադրական բայերը, ինչպես՝ բաց անել, կապ ընկնել, դեմ առնել, 2. գործողության հաջորդականություն ցույց տվող զուգադիր բայերը, ինչպես՝ գնալ բերել, գալ հասնել, 3. առ նախդիրով կրկնավորները, ինչպես՝ բառ առ բառ, ժամանակ առ ժամանակ, 4. մուգ, բաց, վառ բառերով գունանունները, ինչպես՝ մուգ շագանակագույն, բաց կանաչ, վառ կարմիր, 5. -ից և -ի վերջավորություններ ունեցող բաղադրիչներով կրկնավորները, ինչպես՝ գյուղից գյուղ, կողք կողքի, 6. 100-ից բարձր թվականները, ինչպես՝ հարյուր երկու, երեք հարյուր վաթսուն, 7. կոտորակային թվականները, ինչպես՝ երկու երրորդ, մեկ հինգերորդ:

Երրորդ խումբ Գծիկով են գրվում՝ 1. կրկնավոր հարադրությունները, այդ թվում՝ յուրահատուկ հնչյունափոխությամբ կրկնավորները, ինչպես՝ մեծ-մեծ, ճեփ-ճերմակ, կաս-կարմիր, 2. հոմանիշներից կամ հականիշներից կազմված հարադրությունները, ինչպես՝ գիշեր-ցերեկ, անթիվ-անհամար, ջարդել-փշրել, 3. գոյականական հարադրությունները, որոնց բաղադրիչները տարբեր կողմերից բնութագրում են առարկան, ինչպես՝ տուն-թանգարան, աղբյուր-հուշարձան, ցուցահանդես-վաճառք, 4. իմաստային սերտ առնչություն ունեցող հարաբերական ածականներից կազմված հարադրությունները, ինչպես՝ ազգային-ազատագրական, գրական-գեղարվեստական, 5. տարբեր ժողովուրդների, պետությունների, լեզուների և այլ առնչություններ արտահայտող բաղադրությունները (առաջին բաղադրիչի վերջածանցը սովորաբար կրճատվում է), ինչպես՝ ֆրանս-գերմանական, հայ- վրացական, այդ թվում՝ նաև -ա- տարրն ունեցող կազմությունները, որոնք ևս երկկողմ հարաբերություններ են արտահայտում, ինչպես՝ իսրայելա-պաղեստինյան, գերմանա-հայկական (հարաբերություններ): Թեման «Զբոսանք պատկերասրահում» մեթոդով ներկայացնելուց հետո աշակերտները շրջում են փակցրած պաստառների երկայնքով, հարցեր ուղղում խմբերին, քննարկում և միավորային գնահատում անում: Ուսուցիչը հարցերով ամփոփում է դասը և հանձնարարում կշռադատման փուլում կատարել հետևյալ առաջադրանքները.

1. Փակագծերը հանելով՝ գրի՛ր առանձին, միասին կամ գծիկով: ա) (Ի) սկզբանե, արյուն (քրտինք), ծայրե (ի) ծայր, հյուսիս (արևմտյան), հարյուր (քսան) վեց, զուգել (զարդարել), (մուգ) կարմիր, (չորս) բոլորը, հինգ (հարկանի), (դտնից ) տուն, (գիր) գրականություն, զենք (ու) զրահ: բ) (Բուժ) հիմնարկ, (լիտր) վայրկյան, (թև) թիկունք, մեջք (մեջքի), (առ) այժմ, ժամկետ (անց), (առ) այն, մեկ (երրորդ), (չորս) աստղանի, (ի) սպառ, (բժիշկ) մաշկաբան, ըստ (իս), (չին) տիբեթական, ծուռ (ու) մուռ, տեր (տիրական): գ) Տասներկու (մատնյա), (քաջ) առողջություն, ձյուն (ձմեռ), հազար (հիսուն) մեկ, (ծանր) քարային, հարգել (պատվել), հարավ (արևելք), (դափ) դեղին, դեմ (դիմացի): 2. Արտագրի՛ր և դի՛ր միության գծիկը, որտեղ անհրաժեշտ է: Պարսից արքայից արքա Շապուհը (4-րդ դար) սպանել էր Մուշեղ Մամիկոնյանի հորը՝ Վասակ Մամիկոնյանին։ Եվ Մուշեղը, որ իբրև սպարապետ հորն էր հաջորդել, ուզում էր Շապուհից վրեժ լուծել։ Հայկական ավանդությունը պատմում է, որ Մուշեղը քաջ զինվոր էր, պատերազմ իր ճեփ ճերմակ ձին հեծած էր գնում։ Ձին էլ իր գեղեցկությամբ բոլորին զարմացնում և հիացնում էր։ Մի անգամ Մուշեղը պարսից բանակին հաղթել է, նրան մեծ ջարդ տվել, շատ շատ զինվորների, նաև Շապուհի կանանց գերի է վերցրել։ Հազա¬ր հազարավորավոր զինվորներ է կոտորել, բայց որպես ազնիվ մարդ՝ չի թողել, որ կանանց դիպչեն, այլ նրանց հետ պարսիկ զինվորներ է դրել, որպեսզի ողջ առողջ ու պատվով տանեն հասցնեն Շապուհին։ Հայաստանի այն ժամանակվա մայրաքաղաքում՝ Արշակավանում, Մուշեղի հակառակորդները նրա արածի համար Պապ թագավորի մոտ նրան բամբասել են, իսկ Շապուհը հիացել է Մուշեղ սպարապետի ազնվությունից։ Ի պատիվ նրա՝ գինու իր թասի վրա ճերմակաձի Մուշեղի պատկերն է փորագրել տվել։ Ու ամեն անգամ, երբ իր պալատում խնջույք է կազմակերպել հրավիրվածներին հյուրասիրելու ժամանակ գինու թասը բարձրացնելով՝ ասել է. «Ճերմակաձին թող գինի խմի»։ Ըստ Փավստոս Բուզանդի

3. Նշել այն բառերը, որոնց բոլոր բաղադրիչները գրվում են առանձին.

Նար/Դոս, ի/հեճուկս, դեմ/դիմաց, դուռ/դրկից, փշե/պսակ, կինո/աստղ, այն/չափ, այս/ու/այն, աման/չաման, ասել/խոսել, ձայն/ծպտուն, հինգ/վեց, ի/զուր, ի/պահ, ռուս/ճապոնական, յոթ/գլխանի, հօդս/ցնդել, առ/ու/ծախ, քսան/չորս, այլ/և/այլ, այսօր/վաղը, ամեն/ոք, լեփ/լեցուն, լավ/որակ, ժամանակ/առ/ժամանակ, կես/օր, քայլ/առ/քայլ, փոխ/տալ, փոփ/աստղ, ուշ/ուշ, նեղ/աչք, պարզ/որոշ, վաղ/միջնադար, բառ/մասնիկ, և/կամ, նույն/ինքը քսան/ութ, մուգ/կանաչ, դուրս/քշել, մինչև/իսկ, ոչ/կարևոր երկու/երրորդ, ոչ/ոք, տնից/տուն, նիստ/ու/կաց, տաք/դեղ, սար/ու/ձոր, հուր/հրեղեն, ալ/կարմիր, գլուխ/գլխի, փոքր/ինչ, դույզն/ինչ, մերթ/ընդ/մերթ:

4. Նշի՛ր այն բառերը, որոնց բոլոր բաղադրիչները գրվում են միասին և դրանք գործածի՛ր շարադրանքում.

հրամ/կազմ, հարյուր/մեկ, ճեփ/ճերմակ, օր/ավուր, ներ/աշխարհ, ամեն/ինչ, յոթանասուն/մեկ, նեղ/սիրտ, ներ/դիր, հաց/թուխ, երկաթ/ուղի, տնե/տուն, յուրաքանչյուր/ոք, ծնող/կոմիտե, կրակ-/մարիչ, հետ/գրություն, ճառ/ասաց, սեղան/ընկեր, նախ/օրոք, ծայր/աստիճան, ծովից/ծով, ետ/մահու, նախ/քան, ճարտարապետ/շինարար, արև/առ, քաջ/առողջ, հյութ/քամիչ, խուռն/երամ, ութ/ոտնուկ, ունկն/դրել, ուզած/չուզած, քաղ/ծառայություն, երես/սրբիչ, ի/սպառ, լայն/էկրան, մերձ/ի/մահ, միջին/հայերեն, ոլոր/մոլոր, լուս/աստղ, սուտ/մեռուկ, սև/անուն, ցախ/ավել, ութ-/անկյուն, տեր/հայր, փայտ/փորիկ, ց/մահ, լայն/եզր, առ/երես, առաջն/առնել, սուր/անկյուն, երեք/դռնանի:

5. Դո՛ւրս գրիր գծիկով գրվող բարդ բառերը և պատմությանը ավա՛րտ հորինիր: «Պապաշան» այս անգամ էլ կացինը ձեռին գնաց դեպի նա... բայց գինեվաճառը, հետ հետ գնալով, հեռացավ գնաց դեպ այգու դուռը և, այլևս առանց մի խոսք ասելու, նետվեց կառքի մեջ ու սլացավ դեպի գյուղ` գործարար մարդու փութկոտությամբ՝ ստեպ ատեպ հետ նայելով։ Մարտին ապերը նրա հեռանալուց հետո նորից շարունակեց կտրել թափել ծառերը... - Սրանց համար են նրանք իմ տունը քանդել. մի ծառ չեմ թողնի նրանց.հատ հատ կկտրեմ… …Շուտով Օրանում լուր տարածվեց, թե Մարտին ապերը խելագարվել է, և դրա համար բռնել փակել են առանձին տեղ։ Ոմանք էլ պատմում էին, որ Մարտին ապերը պնդում է, թե իր խելքը գլխին է, երբեք էլ ցնորված չէ, թե ինքն իր ծառերը կտրել է գիտակցաբար և պետք է կտրի, որպեսզի մահից հետո այգին փեսային ու աղջիկներին չմնա... Այնուամենայնիվ նրան չէին հավատում, քմծիծաղ էին տալիս նրա խոսքերի վրա, լուսամուտից հաց ու ջուր էին տալիս և աշխատում հեռու մնալ, որ իրենց չվնասի հանկարծ։

Ըստ Ստեփան Զորյանի`

Վարժությունները կատարելուց հետո խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքները, ուսուցիչը կատարվում է շտկումներ, ապա հանձնարարում է կատարել փոխադարձ գնահատում: Խմբերը գնահատում են միմյանց աշխատանքները՝ հիմնավորելով յուրաքանչյուր գնահատական: Տրվում է տնային աշխատանք և անդրադարձ արվում օրվա դասի շուրջ: Այսպիսով՝ փորձեցինք ներկայացնել այն միջոցները և ձևերը, որոնց կիրառումը հետաքրքիր կդարձնի հայոց լեզվի ուսուցումը և կօգնեն մայրենի լեզվի ուսուցչին իրականացնելու դասի ուսումնական նպատակները, այն արդյունավետ պլանավորել և անցկացնել՝ սովորողների հետաքրքրություններին համապատասխան»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page