Կենդանին դառնում է գրավի առարկա․ ԽԵԿ համարակալման ծրագրի կարևորությունը
- Anews
- Nov 21, 2022
- 3 min read
Updated: Nov 22, 2022

ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրը մեկնարկել է։ Ոլորտում առկա խնդիրների, ծրագրի առավելությունների և թերությունների, գյուղացուն ընձեռնված հնարավորությունների մասին Anews.am-ը զրուցել է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի հետ։
- Պրն․ Հովհաննիսյան, եթե խոսենք ամենակարևորից, ի՞նչ է տալիս ծրագիրը հասարակ գյուղացուն։
Համարակալման գործընթացում առաջնային կետը, որը կնշեմ դա և՛ գյուղացուն, և՛ սպառողին, և՛ տնտեսվարողին անվտանգ սննդով ապահովելն է։ Հաջորդը, որ համարակալված կենդանուն կկարողանան գրավադրել բանկային կազմակերպություններում և միսն արտերկրում իրացնելու հնարավորություն կստանան։
Այսուհետ սպառողը կարող է հավաստիացած լինել, թե ինչ ապրանք է գնում։ Համարակալման առավելություններից մեկն էլ այն է, որ երբ կենդանուն գողանում են, կամ այն կորել է, այդ ականջապիտակի շնորհիվ հնարավոր կլինի վերադարձնել կենդանուն։
Ծրագրի նպատակն է պետական պատվերի շրջանակներում հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը կնպաստի հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության, դրանց նկատմամբ իրականացվող անասնահամաճարակային պարտադիր միջոցառումների վերաբերյալ հետագծելիության, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովմանը։
- Ծրագիրը հավանության է արժանացել դեռևս 2020 թվականին, իսկ բուն գործընթացն օրերս մեկնարկել է։ Ինչպիսի՞ խնդիրներ են առկա ոլորտում և ի՞նչ խնդիրներ կլուծվեն այս փուլում։
Ֆերմերները, որոնք ունեն տոհմային կենդանիներ, բոլորը համարակալված են այլ երկրի համարներով։ Դրանք արդեն տեղայնացվել են, իսկ մեր ֆերմերների խնդիրն է այն փոխել հայկական համարներով ականջապիտակներ։
Առաջնային խնդիրը, որը կլուծվի կայուն անասնահամաճարակային իրավիճակին տիրապետելն ու ապահովելն է։ Հաշվառման գործընթացից հետո հնարավոր կլինի հետևել նաև կենդանու շարժին՝ ով ումից գնեց, մինչ այդ ի՞նչ պատվաստումներ և ի՞նչ բուժումներ է ստացել կենդանին. ունենալ պատմություն առողջական վիճակի վերաբերյալ: Համարակալումը լուծում է նաև արտահանման ծավալների մեծացման խնդիրը։
- Ի՞նչ փուլերով և ծավալով է իրականացվելու ծրագիրը, որո՞նք են առաջնային օղակները։
Ծրագիրն իրականացվելու է ողջ հանրապետությունում և կարևոր են համարվում ՀՀ-ում գտնվող բոլոր անասնատերերը և բոլոր ֆերմերները։ Սա համապետական ծրագիր է և մեկնարկելու է Հայաստանի բոլոր համայնքներում։ Ռեսուրսների խնդրի պատճառով մեկնարկում ենք գյուղ առ գյուղ կամ ինչ-որ մարզում, բայց դա չի նշանակում, որ մյուս մարզերում չի լինելու։
Ծրագիրը մեկնարկել է Արմավիրի մարզի էջմիածնի տարածաշրջանից։ Գործընթացն սկսված է նաև Արարատի մարզում։ Համայնքներ ունենք, որ արդեն ավարտել ենք գործընթացը և անցել 2-րդ` հաշվառման փուլ։
- Զրույցն սկսեցինք ծրագրի կարևորությունից և առավելություններից, որոնք ակնհայտ են։ Խոսենք պարտավորություններից․ արդյո՞ք որևէ պարտավորություն առաջացնում է ծրագիրը գյուղացիների համար, մասնավորապես հարկային կամ այլ պարտավորություններ։
Պատասխանը հստակ է՝ գյուղացին որևէ հարկային պարտավորություն չի ունենալու ծրագրի շրջանակում։ Ամբողջ ծախսն իրականացվելու է պետական միջոցներով։ Պետբյուջեի հաշվին է իրականացվելու ականջապիտակների և այլ պարագաների ձեռքբերումը, պետությունն է հատկացնում նաև համարակալողների աշխատավարձը։
- Եթե գյուղացին ցանկանում է համարակալել իր կենդանուն, ո՞րն է գյուղացու անելիքը։
Մենք ամեն տարվա սկզբին հաշվառում ենք իրականացնում Տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին։ Այսինքն՝ ինչ-որ չափով տիրապետում ենք, թե որտեղ քանի գլուխ կենդանի կա։ Մեր սկզբնական տեղեկատվության հիման վրա անասնաբույժները մոտեցել ու իրականացրել են ծրագիրը։ Հիմնականում մեր վարչական ղեկավարները կենդանիների քանակի մասին տվյալները մեզ ներկայացնում են։ Իսկ նոր ծնված հորթերի մասով պետք է գյուղացին ահազանգի մեր գործող թեժ գծին, և մեր անասնաբույժները կմոտենան ու կհամարակալեն կենդանուն։
Համարակալված կենդանու մասին հավաքագրվում է ամբողջական տեղեկատվություն, որը կարող է տեսնել գյուղացին կենդանի գնելիս, համարներով կարող է իմանալ թե ինչ կենդանի է ձեռք բերում, ինչ պատմություն ունի այն։
- Ամփոփելով՝ ի՞նչ ենք ունենալու ծրագրի արդյունքում։
Ամենակարևորը, որ ունենալու ենք, դա հաշվառման և համարակալման ինստիտուտն է, որը շատ երկրներում համարվում է ամենաբարդ իրականացվող ծրագիրը։ Ունենալու ենք բազա, որի հիման վրա կկարողանանք պլանավորել մեր հակահամաճարակային միջոցառումները, ինչը կբարձրացնի հանրային առողջության մակարդակը։ Լուծելու ենք արոտի կառավարման հարցը։ Ամենակարևորը ապահովելու ենք հետագծելությունը՝ ֆերմայից մինչև վերջնական սպառող։
Նախատեսվում են նաև այլ բազաներ մանր եղջերավոր կենդանիների համար, որոնք նույնպես կարևոր են։ Բարեհաջող ավարտից հետո կիրականացնենք նաև այս ծրագրերը։
Իրականացվող ծրագիրը գյուղացու համար շատ կարևոր նախադրյալ է, քանի որ կենդանին դառնում է գույք և գրավի առարկա։ Կան անասնապահներ, որոնք ֆերմայում ներդրումներ չեն կարողանում անել, քանի որ բանկերը կենդանուն գրավի առարկա չեն համարում: Սա շատ կարևոր նախապայման է անասնապահության զարգացման գործում։ Կենդանուն այլևս հնարավոր կլինի ապահովագրել և եթե կենդանին վնասվում կամ անկում է նա կստանա համարժեք փոխհատուցում։
Յուրաքանչյուր ականջապիտակ իր համապատասխան համարով նախ գրանցվում է հատուկ մատյանում: Այնուհետև ականջապիտակի համարը գրանցվում է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային համակարգում: «ԱՆԻ ՊԱՍ» համակարգում գրանցվում է նաև տեղեկատվություն կենդանու առողջական վիճակի մասին: Նախքան համարակալման ու հաշվառման գործընթացն սկսելը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը, փոքր անասնապահական տնտեսություններով հայկականին նման է Ավստրիայի անասնապահությունը: Վերջին տվյալով, մոտավոր հաշվարկով, Հայաստանում գրանցված է եղել 550 հազար խոշոր եղջերավոր կենդանի: Հաշվի առնելով նաև տարեկան արձանագրվող ծինը՝ ներկրվել է 800 հազար զույգ ականջապիտակ: Ականջապիտակների դակման գործընթացն արագ է ընթանում. մինչև տարեվերջ կհասցնենք համարակալել եղած գլխաքանակի կեսը:
Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը (CARD) Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ աջակցում է ծրագրի իրականացմանը։
Commentaires