top of page
ԼՐԱՀՈՍ
Search

105 ամյա Մայր բուհի 87 ամյա դասախոսը

Updated: Dec 19, 2023



ԵՊՀ, 7-րդ մասնաշենք, երրորդ հարկ. Այստեղ` աջ անկյունում, համեստորեն տեղավորված մի աշխատասենյակ կա:

Մտնել ցանկանալու դեպքում, եթե չկարդաս` ում աշխատասենյակն է, գուցե թվա` արխիվում ես, իսկ այդ թուղթ ու թանաքի մեջ խորացած պապիկը` արխիվի աշխատակիցը, ով վարպետորեն տիրապետում է յուրաքանչյուր էջի բովանդակությանն ու անգամ հոտին:

Բայց աշխատասենյակի պատին` ցուցանակի վրա, գրված է`

Մելիքյան Գուրգեն Վրեժի․ Ալևելագետ, Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։

Գուրգեն Մելիքյանի հետ իմ առաջին հանդիպումը, թերևս, նման տպավորությամբ սկսվեց: Այդ պահին խորացած ուսումնասիրում էր դիմացը դրված գրքի էջերը:

ԵՊՀ-ն 39 տարվա պատմություն ուներ, երբ պարոն Մելիքյանը ընդունվեց ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի Արևելյան լեզուների և գրականության բաժին:

Այսօր 105 ամյա Ծերուկը իր պատերի ներսում մեկ այլ Ծերուկի ներկայությունն է զգում՝ արդեն կես դարից ավելի, որտեղ Մելիքյանը եղել է և′ սովորող և′ նաև սովորեցնող:


-Նոր էի վերադարձել Պարսկաստանից, ես բժշկական թեքումով դպրոց եմ այնտեղ ավարտել,- պատմում է Մելիքյանը։ 

-Շատ բարդ էր այնտեղ սովորելը: 7-րդ դասարանում եղել ենք 127 հոգի, ավարտելուց մնացել 29 հոգով:

-Բնագիտամաթեմատիկական թեքում ունեցող դպրոցն ավարտելուց հետո եկաք ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետ (այն ժամանակ Արևելագիտության ֆակուլտետը Բանասիրության ֆակուլտետի առանձին բաժին է եղել): Ինչպե՞ս ստացվեց:

-Ես գալիս եմ Հայաստան, հարցնում` որտեղ է համալսարանը (այն ժամանակ Բժշկական ինստիտուտը գտնվում էր ԵՊՀ-ում) պատասխանում են` Աբովյան 52, այնտեղ ինձ ասում են օգոստոսին գամ, քանի որ անձնագիրս արտասահմանյան էր:

Օգոստոսի 26-ին ներկայանում եմ, անձնագիրս արդեն հայկական էր, պատասխանում են, որ քննությունները ավարտվել են ու հարցնում` ինչու եմ փոխել անձնագիրս: Ինձ ուղղորդում են ռեկտորի` Գագիկ Դավթյանի մոտ:

Դեռ ուսանող չեմ, գնում եմ տուն, տանը ծանուցագիր է եկել` ծառայելու բանակում: Պարսկասատնում բարձր դասարաններում սովորելու դեպքում իրավունք ունես զինվորական մրցույթի մասնակցել։ Կամ ուղարկում են արտասահման, կամ վիճակահանությամբ ազատվում ես․ես ազատվել էի: Ծանուցումը բերում եմ ռեկտորի մոտ: Այդ ժամանակ ես ով էի, ոչ ոք չունեի, հայրս վտարանդի էր, մեր ականջին անընդհատ բարձրաձայնել են` հայրենիք, հայրենիք, հայրենիք, հիմա եկել ես ու ոչ ոք չունես:

Նայում է ծանուցագրին, հեռախոսը վերցնում և զանգում «Կիրովի» կուսակցական կոմիտեի առաջին քարտուղարին, ասում` քեզ մոտ մի հրաշք տղա եմ ուղարկում, շատ կհավանես, իր ծառայելու հարցերը լուծիր, ես համալսարանի հարցերը կլուծեմ:

Քարտուղարը զինկոմիսարիտ է զանգում, ասում` հետաձգեք...

Մարդիկ բայրացակամ էին, պատրաստ էին օգնել, աջակցել...

Ռեկտորը գրություն է գրում ու ես մտնում եմ համալսարան` որպես ուսանող: Ու այդ պահից էլ սկսվում է իմ ամենամեծ ուղին: Կարճ ժամանակում ուսանողների ու դասախոսների սերը ձեռք բերեցի: Մեկ տարի հետո անվանական կրթաթոշակ էի ստանում, սա ինձ համար այդ տարիներին մեծ բան էր:

Գուրգեն Մելիքյանը 1962թ. իր սովորած բաժնում անցել է աշխատանքի, 1984թ. պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը: 1985թ. նրան շնորհվել է դոցենտի, 2008-ին պրոֆեսորի կոչում:

Գուրգեն Մելիքյանի կրթած առաջին սերունդը 58 տարեկան է: 15 իրարից շատ տարբեր ու շատ նման սերունդներ են լսել Մելիքյանի դասախոսությունները, ընդ որում և 20-րդ դարի և 21-րդ դարի:

-Ես իմ ուսանողներին շատ եմ սիրում, իրենք ինձ նաև այսօր ուղղարդում են, զարմանալի է, բայց, այդպես է: Ես առաջվա ուսանողների պարկեշտությունը ավելի էի ընդունում: Հիմա շատ տարբեր են: Առաջ մեկ ամբողջություն էին, երբ ուսունողներին ասում էիր գնում ենք ինչ-որ վայր, մեկը մյուսին հերթ չէր տալիս, հիմա մի քիչ ուրիշ է: Ես Դավիթ անունով ուսանող ունեմ, նրա պատկառանքը, ջերմությունը, վերբարեմունքը, ճիշտ նման է այն ուսանողին, որին  ես գիտեի, կամ ես էի նախկինում:

-Դուք ձեզ գտնում եք ձեր ուսանողների մեջ:

-Այո,եթե չէ, ուրեմն իզուր էր քո արածը:

-Ձեր առավոտները միշտ սկսվում են համալսարան գալով, այլ առավոտներ պատկերացնում եք, առանց համալսարան գալու:

- Ուրեմն այդ ժամանակ արդեն ես չկամ։ (ծիծաղում է)

ԵՊՀ Հայ Բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ անգամ «էն մյուս կյանքում» էլ նա գործելու է համալսարանի համար։

-ԵՊՀ-ն ու Գուրգեն Մելիքյանը նույնական են, նույն բանի երկու տարբեր մասեր են,-կարծում է դեկան Ավագյանը:

-Մելիքյանի գործունեության մասին ավելի մանրամասն պատմողներ կլինեն, նրա մեծ գործերի մասին շատերը գիտեն, ես ուզում եմ վերջին շարքի էպիզոդները հիշել, որոնք ամենևին էլ մանրուքներ չեն:

Գնում ենք Արցախ ծառատունկի: Այստեղից 75 հոգի ուսանողներ են մեզ հետ գալիս: Մելիքյանը շատ լավ գիտեր, որ այդ ուսանողների մի մասը բոլորովին էլ ծառ չի տնկելու և չգիտի էլ` ոնց են այդ ծառը տնկում. պատահել է, որ այդ ուսանողները ծառի տերևեներն են տնկել հողի մեջ, արմատները պարզել վերևում։ Այս փաստը չխանգարեց ...

Մելիքյանի նպատակը ոչ թե այդ ծառատունկն էր, այլ այդ ուսանողներին Արցախի հողի վրա քայլեցնելը, կապելը հող ու ջրին,- պատմում է Արծրուն Ավագյանը։

Արցախի Քաշաթաղի շրջանում 10 հազար ծառ է տնկել Գուրգեն Մելիքյանը`հաճախ իր ուսանողների հետ:

Քչերը գիտեն, որ Մելիքյանը խաղացել է «Ինչու է աղմկում գետը» հայկական ֆիլմում` թուրք զինվորականի դերում: Ասում է` նկարահանվելը իր կյանքի ամենահպարտ դրվագներից է:

1958 թ. Երևան: 

-Ընկերներիցս մեկը` Սեդրակը, առաջարկում է գնալ «Ինչու է աղմկում գետը» ֆիլմի համար ինձ «նայեն»: Գնում եմ, պիտի թուրք զինվորի դեր խաղայի, ընտրեցին: Ամենամեծ երջանկությունս էր` Հրաչյա Ներսիսյանի հետ եղել եմ Կուր հետի ափին նկարահանման ժամանակ` մոտ մեկ ամիս, հետո իմացավ իմ պատմության մասին, ասեց, եթե քեզ համալսարանում չընդունեն, կգաս ինձ մոտ, թատերականում կսովորես:

Մելիքյանին ընդունեցին Մայր Բուհում, նա էլ ընտրեց Մայր բուհը` որպես ամեն բացվող առավոտվա նպատակակետ ու սրբատեղի:

Մելիքյանի համար, ինչպես ինքն է բնորոշում, մեկ Արցախը, մեկ ԵՊՀ-ն նույն բարձրագույն դերն ու արժեքը ունեն:

  

Անահիտ Ղազարյան

 

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page