top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ. արդյո՞ք դա չի հանգեցնի ակադեմիական ժառանգության կորստի



Հոդվածագիր՝

Ատոմ Մխիթարյան

Ֆիզմաթ. գիտ. թեկն., ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան, կրթության փորձագետ






«ՀՀ կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ: Գաղափարը, կարծես, լավն է, սակայն եկեք տեսնենք, թե Կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ և ինչպես է պատկերացնում այդ Ակադեմիական քաղաքը:

Նախ, պետության կողմից ստեղծվեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որ պետք է իրականացնի այդ քաղաքի նախագծումն ու համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը...

Ընդ որում, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ և ոչ մի ակադեմիկոս կամ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչ, ոչ մի համալսարանի ներկայացուցիչ կամ ուսանող:

Ակնհայտ է, որ Կառավարությունն ակադեմիական քաղաքը պատկերացնում է մի վայր, որտեղ կան համապատասխան շենքեր ու ենթակառուցվածքներ և որտեղ կարելի է միավորելով տեղափոխել գոյություն ունեցող բուհերն ու գիտական կազմակերպությունները. ընդամենը մեխանիկական տեղափոխում՝ գիտնականներից ու ուսանողներից ազատելով Երևանում գոյություն ունեցող շենքերը: Իսկ թե ինչպիսի՞ն պիտի լինի բովանդակությունը՝ ոչ ոքի առայժմ հետաքրքիր չի:

Այս ոլորտում որոշում կայացնողները պետք է հասկանանա, թե, վերջին հաշվով, ի՞նչ է նշանակում ունենալ Ակադեմիական քաղաք, համաշխարհային ինչպիսի՞ փորձ կա և, որ ամենակարևորն է՝ ի՞նչ կարժենա այդ նախագիծը:

ակադեմիական քաղաք

Գիտության զարգացման համար ընդհանրապես, իսկ ժամանակակից գլոբալացված աշխարհում առավել ևս, կարևոր է միջազգայնացումն ու համաշխարհային փորձը: Այն ուսանողների համար, ովքեր սովորում և բնակվում են որևէ համալսարանական կամպուսում, համաշխարհային փորձ ձեռք բերելու հնարավորությունները ավելի շատ են, քան «սովորական» համալսարանում սովորողներինը: Ակադեմիական քաղաքների բնակչությունը բազմաբնույթ է, միախառնված են տարբեր մշակույթներ: Սա ուսանողներին հնարավորություն է տալիս շփվել տարբեր մարդկանց հետ և սովորելուն զուգահեռ միջմշակութային հաղորդակցության հմտություններ ձեռք բերել: Բացի այդ, ակադեմիական քաղաքները հաճախ մեծ ուշադրություն են դարձնում միջազգայնացմանը: Սա նշանակում է, որ ուսանողների համար կան բազմաթիվ հնարավորություններ մասնակցելու միջազգային ծրագրերին, պրակտիկան անցկացնել համալսարաններին կից գործող ձեռնարկություններում ու ստարտափերում, իրականացնել հետազոտական նախագծեր միջազգային թիմերում և այլն:

Քաղաքից դուրս գտնվող համալսարանում համաշխարհային փորձ ձեռք բերելը շատ առավելություններ ունի, մասնավորապես.

• Մշակութային իրազեկության մակարդակի բարձրացում. տարբեր մշակութային համայնքներից եկած ուսանողները հնարավորություն ունեն ծանոթանալու այլ մշակույթների հետ: Սա կարող է օգնել նրանց դառնալ ավելի հանդուրժող, իսկ գիտության մեջ՝ թիմային աշխատանքի հմտություններ ձեռք բերել:

• Բարելավված հաղորդակցային հմտություններ. ուսանողները, ովքեր սովորում են արտասահմանում կամ իրենց համալսարանում շփվում են միջազգային ուսանողների հետ, հնարավորություն ունեն բարելավելու իրենց լեզվական և հաղորդակցային հմտությունները: Սա կարող է արժեքավոր ակտիվ լինել ապագա աշխատավայրում և նրանց անձնական կյանքում:

• Խնդիրներ լուծելու հմտություններ. ուսանողները, ովքեր ապրում և սովորում են իրենց համար տարբերվող միջավայրում, հաճախ բախվում են նոր և դժվարին իրավիճակների: Սա կարող է օգնել նրանց զարգացնել խնդիրներ լուծելու իրենց հմտությունները և դառնալ ավելի ստեղծագործ:

• Համաշխարհային մրցունակության բարձրացում. այսօրվա գլոբալացված տնտեսության պայմաններում գործատուները փնտրում են աշխատողների, ովքեր ունեն համաշխարհային փորձ: Այն ուսանողները, ովքեր սովորել են արտասահմանում կամ ապրել են տարբեր համայնքներում, ավելի հավանական է, որ աշխատանքի ընդունվեն այս գործատուների կողմից:

Հիմա հարց Կառավարությանը. այդյո՞ք բուհերի մեխանիկական տեղափոխումից բարձրանալու է դրանց միջազգայնացման մակարդակը, արդյո՞ք ապահովվելու է միջմշակութային միջավայր, արդյո՞ք այստեղ են շտապելու ողջ աշխարհի առաջատար գիտնականներն ու դասախոսները, արդյո՞ք ավելանալու է արտասահմանյան ուսանողների տեսակարար կշիռը. ո՛չ, իհարկե:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ի լրումն վերը թվարկված առավելությունների, կան նաև մի քանի մարտահրավերներ, որոնց ուսանողները կարող են հանդիպել ակադեմիական քաղաքում ապրելիս: Մասնավորապես.

• Կարոտ. կարող է դժվար լինել առաջին անգամ տնից բացակայելը, հատկապես, եթե ուսանողը միանգամից հայտնվելու է տարբեր մշակույթների միջավայրում:

• Մշակութային շոկ. եթե նախկինում ուսանողը միջմշակութային հաղորդկցության փորձ չի ունեցել, ապա կարող է մշակութային շոկ ապրել: Սա էական ազդեցություն կարող է ունենալ ուսանողի վարքագծի վրա, միաժամանակ, կարող է դառնալ արժեքավոր հնարավորություն:

• Լեզվական խոչընդոտներ. եթե ուսանողը չի խոսում այն երկրի լեզվով, որտեղ սովորում է, լեզվական խոչընդոտների է բախվելու: Դա կարող է դժվարացնել մարդկանց հետ շփվելը և բազմաբնույթ միջոցառումներին մասնակցելը:

Այսպիսով, մեծ քաղաքներից դուրս համալսարանական կամպուսները «համաշխարհայնացման կենտրոններ» են, որտեղ միախառնվում են տարբեր մշակույթներ՝ ապահովելով գիտության ու կրթության շաղկապված զարգացումը, իսկ ուսանողների համար՝ դառնալ առավել մրցունակ գլոբալ շուկայում: Կրկին ընդգծենք, որ սա չի ենթադրում «քաղաքային» համալսարանի մեխանիկական տեղափոխում «քաղաքից դուրս»:


Իսկ աշխարհում ինչպիսի՞ փորձ կա այս առումով և համալսարանների տեղափոխումը ինչպիսի՞ պատճառներ է ունեցել: Բերենք մի քանի օրինակ.

Չինաստան. Միջազգային բիզնեսի և տնտեսագիտության համալսարանը (UIBE) հիմնադրվել է 1950 թվականին և ի սկզբանե գտնվում էր Պեկինի սրտում: Այնուամենայնիվ, 2010 թվականին համալսարանը տեղափոխվեց Շունիի արվարձանում գտնվող կամպուս: Այս քայլը պայմանավորված էր ավելի շատ տարածքի անհրաժեշտությամբ և ավելի ժամանակակից համալսարան ունենալու ցանկությամբ:

Բրազիլիա. Universidade Federal de Viçosa (UFV) հիմնադրվել է 1923 թվականին և ի սկզբանե գտնվում էր Վիչոսա քաղաքում: Այնուամենայնիվ, 2009 թվականին համալսարանը տեղափոխվեց Ֆլորեստալ գյուղաքաղաք: Այս քայլը պայմանավորված էր ավելի կայուն համալսարան ստեղծելու և ուսանողների համար գյուղական միջավայրով ապահովելու ցանկությամբ:

Ավստրալիա. Sunshine Coast-ի համալսարանը (USC) հիմնադրվել է 1996 թվականին և ի սկզբանե տեղակայված է եղել Մարուչիդոր քաղաքում: Այնուամենայնիվ, 2008 թվականին համալսարանը տեղափոխվեց Սիփի Դաունս ծովափնյա քաղաքում գտնվող նոր համալսարան։ Այս քայլը պայմանավորված էր ուսանողների թվի աճով, քաղաքում տարածքների սղությամբ, ինչպես նաև ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար ստեղծագործական հանգիստ միջավայր ապահովելու ցանկությամբ:


Իհարկե, «քաղաքից դուրս» տեղափոխվելիս համալսարանները բախվում են մի շարք դժվարությունների.

• Ուսանողների հավաքագրում. Տեղափոխվելիս բոլոր համալսարաններն ունեցել են ուսանողների հավաքագրման հետ կապված խնդիրներ, որովհետև ուսանողների մեծամասնությունը չի ցանկանում տեղափոխվել:

• Պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավում. Ինչպես ուսանողների պարագայում, պրոֆեսորադասախոսական կազմը ևս դժկամությամբ է տեղափոխվում «քաղաքից դուրս», միշտ եղել են կորուստներ:

• Հարմարավետության ապահովում. Միշտ չէ, որ կարելի է ապահովել համապատասխան քանակի և որակի բնակարաններ, ռեստորաններ, սրճարաններ, առևտրի կենտրոններ, ժամանցի վայրեր և այլն:

Հիմա հարց Կառավարությանը. արդյո՞ք Երևանում գործող համալսարանները տարածքների սղության խնդիր ունեն, երբ ուսանողների թիվը պակասել է մի քանի անգամ, իսկ դիմորդների թիվը գնալով նվազում է:

Ակադեմիական քաղաքի մասին խոսելիս չի կարելի շրջանցել ԽՍՀՄ փորձը: Դրա ամենահայտնի օրինակը Նովոսիբիրսկի Ակադեմգորոդոկն է: Այն գիտության և տեխնոլոգիաների կենտրոն է, որը հիմնադրվել է 1957 թվականին խորհրդային կառավարության կողմից՝ որպես տիեզերական մրցավազքում ԱՄՆ-ին հասնելու Խորհրդային Միության ջանքերի մի մաս: Նովոսիբիրսկի ակադեմիական քաղաքում տեղակայված են ավելի քան 50 գիտահետազոտական ինստիտուտներ և համալսարաններ, և այն դարձել է Ռուսաստանի գիտական հետազոտությունների հիմնական կենտրոններից մեկը: Քաղաքը կառուցվել է Նովոսիբիրսկի ծայրամասում գտնվող անտառում և ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք այն դարձնում են էներգաարդյունավետ՝ արևային մարտկոցներ, երկրաջերմային ջեռուցում և այլն:

Ակադեմգորոդոկը մեծ դեր է խաղացել Ռուսաստանում գիտության և տեխնիկայի զարգացման գործում: Քաղաքում բնակվում են Նոբելյան մրցանակակիրներ, այստեղ կատարվել են մի շարք կարևոր գիտական հայտնագործություններ: Ակադեմգորոդոկը նաև հայտնի զբոսաշրջային վայր է՝ գործող մի շարք թանգարաններով ու մշակութային - տեսարժան վայրերով:

Հարկ է նշել, որ անցած դարի 60-70-ական թվականներից Աշտարակում գործում է նմանատիպ մոդել՝ Գիտավանը: Այստեղ խորհրդային տարիներին բնակվում էին այն գիտկանանները, որոնք աշխատում էին, օրինակ, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում:

Աշխարհում հայտնի են մի շարք այլ «ակադեմիական քաղաքներ», որոնք գիտական և կրթական կարևոր կենտրոններ են տվյալ երկրի համար:

Ցուկուբայի կենտրոնը Ճապոնիայում ստեղծվել է 1963 թվականին որպես ծրագրված քաղաք՝ խթանելու գիտական և տեխնոլոգիական նորարարությունները: Ցուկուբայում են գործում Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA), Բարձր էներգիայի արագացուցիչների հետազոտական կազմակերպությունը (KEK) և առաջադեմ արդյունաբերական գիտության և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը (AIST):

Քեմբրիջը Միացյալ Թագավորության մայրաքաղաքից մոտ 80 կմ հյուսիսում է, որտեղ տեղակայված է նաև Քեմբրիջի համալսարանը՝ աշխարհի ամենահին և ամենահեղինակավոր համալսարաններից մեկը: Այստեղ է կենտրոնացված երկրի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զգալի մասը, հատկապես կենսատեխնոլոգիայի, ծրագրային ապահովման և ճարտարագիտության ոլորտներում: Քեմբրիջում տեղակայված հայտնի ընկերություններից են ARM Holdings-ը, Microsoft Research-ը, AstraZeneca-ն, Wellcome Trust Sanger Institute-ը և այլն:

Պալո Ալտոն, որ գտնվում է ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածքում և հանդիսանում է Սիլիկոնային հովտի մի մասը՝ նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կենտրոն է: Այստեղ է տեղակայված Սթենֆորդի համալսարանը՝ աշխարհի առաջատար հետազոտական համալսարաններից մեկը, ինչպես նաև բազմաթիվ հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Hewlett-Packard-ը, Tesla-ն, Facebook-ը, Google-ը, VMware-ը և այլն:

Հիմա հարց Կառավարությանը. արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական ստեղծված իրավիճակում ֆինանսավորել և ունենալ գոնե մեկ այսպիսի համալսարան կամ գիտահետազոտական կենտրոն: Ուղղակի նշենք, որ աշխարհի լավագույն հետազոտական համալսարանների բյուջեները հարյուրապատիկ մեծ են Հայաստանի կրթությանն ու գիտությանը հատկացվող բյուջեից և համեմատական են ՀՀ տարեկան ողջ բյուջեին:

Որոշում կայացնելիս հարկավոր է հաշվի առնել նաև Եգիպտոսի փորձը, որի կառավարությունը 2015 թվականին հայտարարեց, որ կկառուցի նոր վարչական մայրաքաղաք Կահիրեից արևելք՝ ներկայիս մայրաքաղաքի ծանրաբեռնվածությունն ու գերբնակեցումը մեղմելու համար: Ակնկալվում է, որ նոր քաղաքում, որը դեռևս կառուցման փուլում է, կտեղակայվեն նաև համալսարաններ և հետազոտական կենտրոններ: Նախատեսվում էր, որ առաջիններից մեկը կդառնա Zewail City of Science and Technology հետազոտական համալսարանը, որը հիմնադրվել է Նոբելյան մրցանակակիր Ահմեդ Զևեյլի կողմից: Այնուամենայնիվ, նախագիծը բախվել է բազմաթիվ մարտահրավերների և տեղափոխումն անընդհատ հետաձգվում է, և պարզ չէ, թե երբ այն վերջապես իրականություն կդառնա:

Եվ վերջում, ինչպես հիմա արդեն ընդունված է, Հայաստանում ակադեմիական քաղաք ունենալու և բուհերն ու գիտական կազմակերպություններն այնտեղ տեղափոխելու նպատակահարմարության մասին հարցրեցի արհեստական բանականությանը, որի պատասխանն այսպիսին էր. «Չեմ կարծում, որ կա բուհերը մայրաքաղաքից դուրս տեղափոխելու իմաստ, քանի որ դա կհանգեցնի ակադեմիական և մշակութային ժառանգության զանգվածային խաթարման և վերջին հաշվով՝ կորստի»:

Սա էլ պատասխան այն հարցերին, որ վերևում ուղղեցի Կառավարությանը, խնդրեմ:


Ատոմ Մխիթարյան

Ֆիզմաթ. գիտ. թեկն., ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page