top of page

ՓՆՏՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

29592 items found for ""

  • «Սևամորթները վտանգավոր են»․ Վիզուալ ֆրեյմինգ

    Քաղաքային ոստիկանի կրակոցի մեկ հարվածով սպանվեց սևամորթ մի տղամարդ։ Ոստիկանին արդարացրին, իսկ ահա սևամորթներին հանրությունը համարեց վտանգավոր յուրաքանչյուր սպիտակամորթի համար․ ԶԼՆ-ների արած «աշխատանքն» ու հանրության արձագանքը՝ տեսանյութում։ Հեղինակ՝ Անահիտ Ղազարյան

  • «Կրթության կառավարում» գրքերի ներկայացում՝ Կրթության միջազգային օրվան ընդառաջ

    Հունվարի 23-ին` Կրթության միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Կրթության կառավարում» խորագրով «Մասնագիտական կրթության կառավարման հիմունքներ», «Կրթության կառավարման օրենսդրական կարգավորումներ»,  «Ֆինանսական կառավարումը բուհերում» և «Կրթության որակի ապահովումը բուհերում» գրքերի ներկայացումը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, գիտական հանրության ներկայացուցիչներ, լրագրողներ։ «ՄԱԿ-ը հունվարի 24-ը հռչակել է Կրթության միջազգային օր, սակայն այն պետք է տոնել ամեն օր։ Շատ ուրախ եմ ներկա գտնվել միջոցառմանը և տեսնել, որ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում պահպանում եք նաև տպված տարբերակով գրքերի հանրայնացումը։ Չէ՞ որ, գիրք կարդալը երկխոսություն է և մենք պետք է հանրայնացնեք այդ երկխոսությունը», - իր խոսքում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն։ «Վերջին շրջանում մենք անընդհատ խոսում ենք կրթության ոլորտում փոփոխությունների կամ, այսպես ասած, բարեփոխումների անհրաժեշտության մասին, - իր խոսքում նշեց Ատոմ Մխիթարյանը, -սակայն ովքե՞ր պետք է դա իրականացնեն, ի՞նչ գիտելիքներ ու հմտություններ ունենան, ոչ ոք չգիտի, այդպիսի մասնագետեր չկան։ Սա է, թերևս, հիմնական պատճառը, որ հեղինակների խմբով որոշեցինք անդրադառնալ այդ բացին և ունենալ դասագիրք, որով ուսանողները կսովորեն և հետո մուտք կգործեն կրթության կառավարման ոլորտ»։ Ընդ որում գրքերի շապիկները ձևավորված են այնպես, որ մեկը մյուսի կողքին դնելով ստանում ենք Գլաձորի համալսարանի մանրանկարներից մեը։ Դա ցույց է տալիս ինչպես միջնադարից եկող հայկական կրթության ավանդույթների, այնպես էլ հրատարակված գրքերի շարունակականության կարևորությունը։ «Կրթության կառավարում» խորագրով գրքերի ներկայացմանը ներկա էին գրքերի հեղինակները՝ տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, մանկավարժության դոցենտ, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը, տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դոցենտ Նոննա Խաչատրյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը: Արմեն Ճուղուրյանի կարծիքով՝ աշխարհում երկփեղկված կարծիք կա կրթության վերաբերյալ․ «Մի մասը կարծում է, թե կրթությունը բիզնես է, մյուս մասը՝ թե այն հանրային բարիք է։ Մենք որոշեցինք այս չորս հիմնասյուների՝ ֆինանսների, կրթության որակի, կրթության օրենսդրական կարգավորումների և կրթության արդյունավետ կառավարման վրա կառուցել մի հայեցակարգ, որը մի կողմից կրթությունը կներկայացնի որպես գործարարություն, մյուս կողմից՝ որպես հանրային բարիք՝ կառավարիչների համար»։ Գրքերը նախատեսված են ոչ միայն բուհերի մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողների, այլեւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի, կրթության և գիտության վարչարարությամբ զբաղվող մասնագետների, կրթության բարեփոխումների գործընթացով հետաքրքրվածների համար: Գրքերը երաշխավորված են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի եւ Հյուսիսային համալսարանի գիտական խորհրդի կողմից: Միջոցառման ավարտին հեղինակները գրքերը նվիրեցին  Հայաստանի ազգային գրադարանին։ Գրքերի մասին՝ «Մասնագիտական կրթության կառավարման հիմունքներ» գիրքն անդրադառնում է կրթության կառավարման անհրաժեշտությանն ու բնույթին, կրթական ծառայությունների էկոհամակարգին, համալսարանական ինքնակառավարմանը, ակադեմիական ազատություններին, ներկայացնում է դասընթացի կառավարման գործընթացը, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության կառավարման առանձնահատկությունները: «Կրթության կառավարման օրենսդրական կարգավորումներ» գիրքը ըստ գլուխների մանրամասն ներկայացնում է Կրթության, Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության, Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքները, ինչպես նաև անդրադառնում է Հայաստանում գիտական աստիճանաշնորհման համակարգին ու բարձրագույն կրթության ենթաօրենսդրական կարգավորումներին: «Կրթության որակի ապահովումը բուհերում» գիրքը ներկայացնում է կրթության որակի բնորոշումը, անդրադառնում է կրթության որակի ապահովման մշակույթին, հավատարմագրման գործընթացներին, վերջնարդյունքների հենքով գնահատման համակարգին, ինչպես նաև հետբուհական կրթության որակի ապահովման Զալցբուրգյան սկզբունքներին և գիտական ղեկավարների ինստիտուտին: «Ֆինանսական կառավարումը բուհերում» ուսումնական ձեռնարկն անդրադառնում է բուհական համակարգում ֆինանսական ռեսուրսների ձևավորմանը, համալսարանների ֆինանսների կառավարման առանձնահատկություններին, ինչպես նաև ֆինանսական վերահսկողության խնդիրներին:

  • Ոչ մի արհեստական բանականություն կատարյալ չէ. Google

    Միշտ էլ եղել են մտահոգություններ արհեստական բանականության, նորարար տեխնոլոգիաների վերաբերյալ, դրանք հեղաշրջում են կատարում աշխարհում իրենց բազմաֆունկցիոնալ գործիքներով։ Google Gemini-ն, որը նախկինում կոչվում էր Bard, արհեստական ինտելեկտի (AI) չաթբոտ է, որը մշակվել է Google-ի կողմից։ Բացի Google-ի որոնմանն աջակցելուց, Gemini-ն կարող է ավելացվել կայքերում, հաղորդագրությունների հարթակներում կամ հավելվածներում՝ օգտատերերի հարցերին իրատեսական պատասխաններ տալու համար: Gemini 1.0-ի մասին հայտարարվել է 2023 թվականի դեկտեմբերի 6-ին և ստեղծվել է Google DeepMind ստորաբաժանման կողմից, որը Alphabet-ի մաս է կազմում և մասնագիտացված է արհեստական ինտելեկտի ոլորտում առաջադեմ հետազոտությունների և զարգացման մեջ։ Իր թողարկման պահին Gemini-ն Google-ի ամենաառաջադեմ LLM հավաքածուն էր։ Այն ի վիճակի է հասկանալ և ճանաչել պատկերները, ինչը թույլ է տալիս վերլուծել բարդ տեսողական տարրեր, ինչպիսիք են գծապատկերները: Gemini-ն նաև ունի լայն, բազմալեզու հնարավորություններ՝ տարբեր լեզուներով թարգմանչական առաջադրանքների և ֆունկցիոնալության համար: Gemini-ի հետ կապված խնդրահարույց իրավիճակը սկսեց այն ժամանակ, երբ գործիքը սկսեց ցուցադրել անպատշաճ պատկերներ, օրինակ՝ նացիստական համազգեստով ցեղերի մի շարք, ի պատասխան 1943 թվականին գերմանացի զինվորի ցույց տալու պատվերի։ Այս ու նման իրավիճակները դրդեցին Google-ին դադարեցնել գործիքի՝ պատկերներ ստեղծելու հնարավորությունը, մինչդեռ խնդիրը չի լուծվել։ WSJ-ն հաղորդեց, որ նախորդող շաբաթներին մասսայական բողոքի կոչերը ավելի բուռն էին, որոնք մեծ մասամբ գլխավորում էր Իլոն Մասկը՝ խոսելով մոդելի ընդհանուր  «ռասիզմի» վերաբերյալ։ Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը հայտնել է, որ թիմը աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ և հավելել․ «Ոչ մի արհեստական բանականություն կատարյալ չէ, հատկապես արդյունաբերության զարգացման այս աճող փուլում, բայց մենք գիտենք, որ մեզ համար նշաձողը բարձր է, և մենք հավատարիմ կմնանք դրան, անկախ նրանից, թե ինչքան ժամանակ դա կպահանջի»։ Պիչայը ճիշտ է․ ոչ մի մոդել կատարյալ չէ, սխալներ լինում են, բայց դա այն սխալն էր, որը Google-ը, որն արդեն զիջում է մրցակից գործընկեր Microsoft-ին և OpenAI-ին, իրականում չէր կարող իրեն թույլ տալ: Եթե Google-ը կարողանա համախմբվել, բացատրել իրավիճակի մանրամասները, միգուցե դեռ հնարավորություն ունենա առաջ շարժվելու և դառնալու հանճար արհեստական ինտելեկտի զարգացման գործում՝ ստեղծելով լավ մտածված մոդել, որն առաջ է շարժվում ժամանակին համընթաց։ Նյութի հեղինակ՝ Միլենա Սարգսյան

  • Շուրջ 800 գիտնական զրկվում է իր գիտական աստիճանի համար նախատեսված հավելավճարներից. Ատոմ Մխիթարյան

    «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը – Պարո՛ն Մխիթարյան, գործադիրի հունվարի 4-ի նիստում հաստատվեցին գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրման պայմանները, որը, ըստ ԿԳՄՍ նախարարի, խրախուսելու է գիտաշխատողների լրիվ զբաղվածությամբ գիտական գործունեությամբ զբաղվելուն։ Նշեմ, որ գիտաշխատողները պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված լինելու պարագայում իրենց գիտական աստիճանի համար ստանում էին հավելավճար՝ գիտությունների թեկնածուները 25 հազար դրամի չափով և գիտությունների դոկտորները՝ 50 հազար դրամի չափով։ Որքանո՞վ է այս փոփոխությունը խրախուսելու գիտաշխատողների լրիվ զբաղվածությամբ գիտական գործունեությամբ զբաղվելուն։ – Բնավ չի նպաստելու դրան, որովհետև սա նշանակում է, որ ուղղակի շուրջ 800 գիտնական, որ գիտությանը զուգահեռ զբաղվում է նաև վարչական կամ դասախոսական աշխատանքով, այսինքն՝ ամբողջ ծանրաբեռնվածությամբ միայն գիտության բնագավառում չի, ուղղակի կզրկվի հավելավճարներից: Այս որոշումը, կարճ ասած, դա է նշանակում, այսինքն՝ եթե մարդը որպես գիտաշխատող ամբողջ դրույքով չի աշխատում, նա ուղղակի կզրկվի հավելավճարից, ու ոչ ոք իր, օրինակ՝ դասախոսական աշխատանքը չի թողնի ու 25000 դրամի համար միայն զբաղվի գիտական աշխատանքով, որովհետև անընդհատ խոսում են բարձր աշխատավարձերի մասին, բայց բոլորս էլ գիտենք, որ դրանք չնչին աշխատավարձեր են, ու այս 25000 դրամը որևէ էական փոփոխություն չի կարող մտցնել։ Ամփոփ՝ ստացվում է, որ կառավարության այսօրվա որոշմամբ շուրջ 800 գիտնական՝ գիտությունների թեկնածու ու դոկտոր, ուղղակի զրկվում է իր գիտական աստիճանի համար նախատեսված հավելավճարներից։ Սա ևս մեկ հարված է գիտության ոլորտին։ – Այսինքն՝ այս որոշումն ունենալու է հակառա՞կ էֆեկտ։ – Տեսեք, օրինակ՝ ես ինքս դասախոսում եմ ու նաև գիտական աստիճանի համար հավելավճար եմ ստանում, ժամանակի մի մասն էլ տրամադրում եմ գիտական աշխատանքին, դրա համար ստանում եմ այդ հավելավճարը: Հիմա ես իմ դասախոսական աշխատանքը չեմ պատրաստվում թողնել ու միայն գիտական աշխատանքով զբաղվել, այսինքն՝ ստանալ միայն 25000 դրամ կամ նվազագույն աշխատավարձ գումարած 25000 դրամ։ Այսինքն՝ բոլորս ուղղակի կզրկվենք այդ հավելավճարից, ու դա ոչ մի դրական արդյունք չի տալու։ – Պարո՛ն Մխիթարյան, բայց նախարարությունը վարում է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, ինչպես հավաստիացնում են, այսինքն՝ դա բավարար չէ՞, որ գիտնականը զուգահեռ այլ աշխատանք չանի։ – Ո՛չ, խնդրում եմ գտեք մեկ գիտնական, որի սոցիալական վիճակը բարձրացել է վերջին մեկ տարվա ընթացքում, կամ, գոնե, աշխատավարձն է բարձրացել։ Բարձրացման համար կան լրացուցիչ պահանջներ, ատեստավորման մասին են հիմա խոսում, գիտնականներն այդ աշխատավարձերին հավակնելու համար պետք է ատեստավորվեն, ինչպես անում են մյուս բնագավառներում, այսինքն՝ այդ ավելացումները նրանց վրա դեռ չեն ազդում, իսկ ատեստավորման այդ սուբյեկտիվ գործընթացի մասին բոլորս գիտենք, թե ինչպես է կազմակերպվել գիտության բնագավառում, այսինքն՝ դրանք ուղղակի խոսքեր են, իսկ իրականում մենք շոշափելի արդյունք չենք տեսնում, ընդհակառակը՝ անընդհատ տեսնում ենք գիտնականների թվի նվազում։ – Իսկ ի՞նչ պետք է անի պետությունը, որպեսզի իրապես նպաստի գիտնականների թվի ավելացմանը, գիտական աշխատանքով զբաղվելու նկատմամբ հետաքրքրություն առաջացնի։ – Այդպիսի մի հարց ես տվել եմ հայտնի Նոբելյան մրցանակակրի, ու նրա պատասխանը հետևյալն էր․ «Պետությունը պետք է գիտությանն այնքան փող տա, ինչքան ուզում են գիտնականները, ու ընդհանրապես չմիջամտի նրանց գործունեությանը»։ Այս պատասխանի հետ լիարժեք կարելի է համաձայնել, որովհետև գիտությանը պետք է ուղղակի ֆինանսավորել՝ որևէ բան չպահանջելով, սա ստեղծագործական աշխատանք է, դուք չեք կարող ինչ-որ չափանիշներ դնել։ Պարզ է, որ եթե գիտնականների սոցիալ-տնտեսական պահանջները բավարարվեն, նրանք կսկսեն ուղղակի ստեղծագործել, այդպիսի իրավիճակ էր խորհրդային ժամանակաշրջանում, երբ Հայաստանում գիտնականների թիվը 3-4 անգամ շատ էր, քան հիմա ունենք։ Այն ժամանակ ֆինանսավորումը կատարվում էր հետևյալ կերպ․ գիտական կազմակերպությունը ներկայացնում էր պլանային տնտեսությանը համապատասխան պլան, թե ինչ են պլանավորում անել 1 կամ 4 տարվա ընթացքում, և ստանում էին ուղղակի ֆինանսավորումը։ Պարզ է, որ կային շատ լավ գիտնականներ, կային միջին որակի գիտնականներ և կային շատ վատ գիտնականներ, ինչպես ամեն տեղ, բայց գիտությունն այդպես է զարգանում։ Իսկ այս պարագայում, մենք ունենք 2000 ու մի փոքր ավելի գիտնական, որոնք նաև այլ աշխատանքով են զբաղվում, և նրանց ավելի քան 1/3-ն ուղղակի զրկվելու է այդ հավելավճարից, այսինքն՝ ստացվում է, որ նրանց ներդրումը գիտության մեջ ուղղակի կհավասարվի զրոյի։ Քրիստինե Աղաբեկյան

  • Ինչու՞ դադարեցվեց Digital gallery-ի աշխատանքը

    Հայաստանում թվով առաջին մուլտիմեդիա ցուցադրություններն այլևս հասանելի չեն։ Digital Gallery-ն իրականացնում էր շարժական ցուցադրություններ, որոնք այցելուների մոտ ստեղծում էին իրականության պատրանք՝ հնարավորություն տալով արվեստի գործերին ավելի մանրակրկիտ ու մոտիկից ծանոթանալու։ Թանգարանը գործեց ընդամենը մեկ տարի։ Ցուցադրությունների ընթացքում այնպիսի նկարիչների գործեր էին ներկայացվել, ինչպիսիք են՝ Վան Գոգը, Ֆրիդա Կալոն, Գուստավ Կլիմտը և այլք։ Խոսել ենք թանգարանի տնօրենի հետ, ով ներկայացրեց թանգարանի ստեղծման պատմությունն ու ասաց այն փակելու դրդապատճառները։ -Ինչպե՞ս է ստեղծվել Digital gallery-ն։ -Թանգարանը ստեղծվել է մոտ մեկ տարի առաջ, 2022 թվականի դեկտեմբերից մենք բաց ենք։ Սկզբից եղել է Վան Գոգի, Այվազովսկու ցուցադրությունները։ Դրանք բերված էին Ռուսաստանից, այնտեղ էին պատրաստվում բոլոր նյութերը որոնք ցուցադրում էինք և որոշ խնդիների ենք հանդիպել այս հարցի վերաբերյալ։ Քանի որ Ռուսաստանում են պատրաստվում ներկայացումները, որոշների հայերեն տարբերակը չունեինք, միայն ռուսերենով էինք կարողանում ներկայացնել և այցելուներից ոմանք, ցավոք, չեին տիրապետում ռուսերենին։ Դժգոհությունները շատ էին այս հարցի վերաբերյալ։ -Իսկ բացի լեզվական դժվարությունները, այլ խնդիրների հանդիպե՞լ եք թանգարանի աշխատանքի ընթացքում։ -Դժվարությունները կապված են եղել միայն հյուրերի պատկերացումների հետ, քանի որ մի փոքր գերագնահատել են մեր հնարավորությունները, այլ բան են պատկերացրել։ Հյուրերից շատերը մտածում էին, որ և՛ առաստաղին, և՛ հատակին լինելու են պատկերների արտացոլանքներ, բայց մենք ունեինք հնարավորություն միայն պատերի վրա ցուցադրելու նկարները ու, իրականում, ցավում ենք, որ ոմանք հիասթափություն են ապրել մեզ այցելելով։ -Ո՞ր նկարիչների աշխատանքներն եք ցուցադրել թանգարանում։ -Մեզ մոտ եղել են Վան Գոգի, Բենքսի, Նիկոլայ Ռերիխի, Այվազովսկու, Գուստավ Կլիմտի և Ֆրիդա Կալոյի ցուցադրությունները։ -Ո՞ր արտիստի ժամանակ է ամենաշատ այցելությունը եղել։ -Եղել են ակտիվ Այվազովսկու ժամանակ, Գուստավ Կլիմտը նույնպես բում առաջացրեց, բայց ոչ մեկ Վան Գոգին չհասավ, որովհետև առաջինն էր, նորություն էր Հայաստանում։ -Իսկ ո՞րն է պատճառը, որ դադարեցրել եք գործունեությունը։ -Ինչ-որ հստակ պատճառ չկա, ուղղակի, կարծում եմ, որ այս ֆորմատը սպառել է իրեն հայ հասարակության համար, բայց կուզեի, որ նմանատիպ թանգարաններ լինեն հետագայում, որոնք թվային կերպով կցուցադրեն մեծանուն արտիստների աշխատանքները։ Թանգարանն այլևս չի գործում, բայց այցելուներից ոմանք ցավով են հիշում դրա մասին, քանի որ Digital Gallery-ն իր տեսակով միակն էր, որը բոլոր ներկայացումները ցուցադրում էր շարժական տարբերակով։ Հեղինակ՝ Միլենա Սարգսյան

  • Samsung Galaxy S24 Ultra-ն ցուցադրել են բոլոր կողմերից

    Galaxy S24 սմարթֆոնի ռենդերային լուսանկարներից հետո համացանցում հայտնվել են Galaxy S24 Ultra-ի բարձրորակ լուսանկարներ, որոնք հրապարակել են China Digital Chat Station և Ice Universe հայտնի ինսայդերները: Թերևս այս պահին սրանք Samsung-ի ապագա ֆլագմանի ամենաորակյալ լուսանկարներն են։ Այս լուսանկարներում սմարթֆոնը ներկայացված է ստանդարտ գույներով, սակայն պետք է լինեն նաև բացառիկ գույներ, որոնք հասանելի կլինեն միայն սարքը պաշտոնական կայքից գնելիս։ Galaxy S24 Ultra-ն կլինի շարքի միակ դրոշակակիրը, որում կօգտագործվի բացառապես Qualcomm Snapdragon 8 Gen 3 SoC պրոցեսոր (Galaxy S24-ում և Galaxy S24 Plus-ում այլընտրանքը կլինի Exynos 2400-ը): Ըստ վերջին տվյալների՝ Galaxy S24 սարքերի շարքը կունենա արբանյակային կապի աջակցություն, սակայն Galaxy S24 Ultra-ն կզրկվի 10x խոշորացմամբ հեռաֆոտո ոսպնյակից։ Galaxy S24 շարքի պաշտոնական պրեմիերան կկայանա 2024-ի հունվարի 18-ին։ Նախկինում Digital Chat Station-ն առաջինն էր, ով տեղեկացրել էր Redmi K50-ի և Xiaomi 12-ի բնութագրերի և թողարկման ամսաթվերի մասին: Ice Universe-ն առաջինն էր, ով նախքան պաշտոնական տեղեկության ի հայտ գալը, խոսել էր ջրվեժի էկրանով սմարթֆոնների նոր միտման, iPhone 14-ի նոր դիզայնի և Samsung-ի 200 մեգապիքսել պատկերի սենսորի մասին: Նոր ապրանքների մասին բացառիկ տեղեկություններ նրան տրամադրում են հարավկորեական հսկայի հետազոտությունների և զարգացման բաժնի աղբյուրները։

  • 105 ամյա Մայր բուհի 87 ամյա դասախոսը

    ԵՊՀ, 7-րդ մասնաշենք, երրորդ հարկ. Այստեղ` աջ անկյունում, համեստորեն տեղավորված մի աշխատասենյակ կա: Մտնել ցանկանալու դեպքում, եթե չկարդաս` ում աշխատասենյակն է, գուցե թվա` արխիվում ես, իսկ այդ թուղթ ու թանաքի մեջ խորացած պապիկը` արխիվի աշխատակիցը, ով վարպետորեն տիրապետում է յուրաքանչյուր էջի բովանդակությանն ու անգամ հոտին: Բայց աշխատասենյակի պատին` ցուցանակի վրա, գրված է` Մելիքյան Գուրգեն Վրեժի․ Ալևելագետ, Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։ Գուրգեն Մելիքյանի հետ իմ առաջին հանդիպումը, թերևս, նման տպավորությամբ սկսվեց: Այդ պահին խորացած ուսումնասիրում էր դիմացը դրված գրքի էջերը: ԵՊՀ-ն 39 տարվա պատմություն ուներ, երբ պարոն Մելիքյանը ընդունվեց ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի Արևելյան լեզուների և գրականության բաժին: Այսօր 105 ամյա Ծերուկը իր պատերի ներսում մեկ այլ Ծերուկի ներկայությունն է զգում՝ արդեն կես դարից ավելի, որտեղ Մելիքյանը եղել է և′ սովորող և′ նաև սովորեցնող: -Նոր էի վերադարձել Պարսկաստանից, ես բժշկական թեքումով դպրոց եմ այնտեղ ավարտել,- պատմում է Մելիքյանը։ -Շատ բարդ էր այնտեղ սովորելը: 7-րդ դասարանում եղել ենք 127 հոգի, ավարտելուց մնացել 29 հոգով: -Բնագիտամաթեմատիկական թեքում ունեցող դպրոցն ավարտելուց հետո եկաք ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետ (այն ժամանակ Արևելագիտության ֆակուլտետը Բանասիրության ֆակուլտետի առանձին բաժին է եղել): Ինչպե՞ս ստացվեց: -Ես գալիս եմ Հայաստան, հարցնում` որտեղ է համալսարանը (այն ժամանակ Բժշկական ինստիտուտը գտնվում էր ԵՊՀ-ում) պատասխանում են` Աբովյան 52, այնտեղ ինձ ասում են օգոստոսին գամ, քանի որ անձնագիրս արտասահմանյան էր: Օգոստոսի 26-ին ներկայանում եմ, անձնագիրս արդեն հայկական էր, պատասխանում են, որ քննությունները ավարտվել են ու հարցնում` ինչու եմ փոխել անձնագիրս: Ինձ ուղղորդում են ռեկտորի` Գագիկ Դավթյանի մոտ: Դեռ ուսանող չեմ, գնում եմ տուն, տանը ծանուցագիր է եկել` ծառայելու բանակում: Պարսկասատնում բարձր դասարաններում սովորելու դեպքում իրավունք ունես զինվորական մրցույթի մասնակցել։ Կամ ուղարկում են արտասահման, կամ վիճակահանությամբ ազատվում ես․ես ազատվել էի: Ծանուցումը բերում եմ ռեկտորի մոտ: Այդ ժամանակ ես ով էի, ոչ ոք չունեի, հայրս վտարանդի էր, մեր ականջին անընդհատ բարձրաձայնել են` հայրենիք, հայրենիք, հայրենիք, հիմա եկել ես ու ոչ ոք չունես: Նայում է ծանուցագրին, հեռախոսը վերցնում և զանգում «Կիրովի» կուսակցական կոմիտեի առաջին քարտուղարին, ասում` քեզ մոտ մի հրաշք տղա եմ ուղարկում, շատ կհավանես, իր ծառայելու հարցերը լուծիր, ես համալսարանի հարցերը կլուծեմ: Քարտուղարը զինկոմիսարիտ է զանգում, ասում` հետաձգեք... Մարդիկ բայրացակամ էին, պատրաստ էին օգնել, աջակցել... Ռեկտորը գրություն է գրում ու ես մտնում եմ համալսարան` որպես ուսանող: Ու այդ պահից էլ սկսվում է իմ ամենամեծ ուղին: Կարճ ժամանակում ուսանողների ու դասախոսների սերը ձեռք բերեցի: Մեկ տարի հետո անվանական կրթաթոշակ էի ստանում, սա ինձ համար այդ տարիներին մեծ բան էր: Գուրգեն Մելիքյանը 1962թ. իր սովորած բաժնում անցել է աշխատանքի, 1984թ. պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը: 1985թ. նրան շնորհվել է դոցենտի, 2008-ին պրոֆեսորի կոչում: Գուրգեն Մելիքյանի կրթած առաջին սերունդը 58 տարեկան է: 15 իրարից շատ տարբեր ու շատ նման սերունդներ են լսել Մելիքյանի դասախոսությունները, ընդ որում և 20-րդ դարի և 21-րդ դարի: -Ես իմ ուսանողներին շատ եմ սիրում, իրենք ինձ նաև այսօր ուղղարդում են, զարմանալի է, բայց, այդպես է: Ես առաջվա ուսանողների պարկեշտությունը ավելի էի ընդունում: Հիմա շատ տարբեր են: Առաջ մեկ ամբողջություն էին, երբ ուսունողներին ասում էիր գնում ենք ինչ-որ վայր, մեկը մյուսին հերթ չէր տալիս, հիմա մի քիչ ուրիշ է: Ես Դավիթ անունով ուսանող ունեմ, նրա պատկառանքը, ջերմությունը, վերբարեմունքը, ճիշտ նման է այն ուսանողին, որին  ես գիտեի, կամ ես էի նախկինում: -Դուք ձեզ գտնում եք ձեր ուսանողների մեջ: -Այո,եթե չէ, ուրեմն իզուր էր քո արածը: -Ձեր առավոտները միշտ սկսվում են համալսարան գալով, այլ առավոտներ պատկերացնում եք, առանց համալսարան գալու: - Ուրեմն այդ ժամանակ արդեն ես չկամ։ (ծիծաղում է) ԵՊՀ Հայ Բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ անգամ «էն մյուս կյանքում» էլ նա գործելու է համալսարանի համար։ -ԵՊՀ-ն ու Գուրգեն Մելիքյանը նույնական են, նույն բանի երկու տարբեր մասեր են,-կարծում է դեկան Ավագյանը: -Մելիքյանի գործունեության մասին ավելի մանրամասն պատմողներ կլինեն, նրա մեծ գործերի մասին շատերը գիտեն, ես ուզում եմ վերջին շարքի էպիզոդները հիշել, որոնք ամենևին էլ մանրուքներ չեն: Գնում ենք Արցախ ծառատունկի: Այստեղից 75 հոգի ուսանողներ են մեզ հետ գալիս: Մելիքյանը շատ լավ գիտեր, որ այդ ուսանողների մի մասը բոլորովին էլ ծառ չի տնկելու և չգիտի էլ` ոնց են այդ ծառը տնկում. պատահել է, որ այդ ուսանողները ծառի տերևեներն են տնկել հողի մեջ, արմատները պարզել վերևում։ Այս փաստը չխանգարեց ... Մելիքյանի նպատակը ոչ թե այդ ծառատունկն էր, այլ այդ ուսանողներին Արցախի հողի վրա քայլեցնելը, կապելը հող ու ջրին,- պատմում է Արծրուն Ավագյանը։ Արցախի Քաշաթաղի շրջանում 10 հազար ծառ է տնկել Գուրգեն Մելիքյանը`հաճախ իր ուսանողների հետ: Քչերը գիտեն, որ Մելիքյանը խաղացել է «Ինչու է աղմկում գետը» հայկական ֆիլմում` թուրք զինվորականի դերում: Ասում է` նկարահանվելը իր կյանքի ամենահպարտ դրվագներից է: 1958 թ. Երևան: -Ընկերներիցս մեկը` Սեդրակը, առաջարկում է գնալ «Ինչու է աղմկում գետը» ֆիլմի համար ինձ «նայեն»: Գնում եմ, պիտի թուրք զինվորի դեր խաղայի, ընտրեցին: Ամենամեծ երջանկությունս էր` Հրաչյա Ներսիսյանի հետ եղել եմ Կուր հետի ափին նկարահանման ժամանակ` մոտ մեկ ամիս, հետո իմացավ իմ պատմության մասին, ասեց, եթե քեզ համալսարանում չընդունեն, կգաս ինձ մոտ, թատերականում կսովորես: Մելիքյանին ընդունեցին Մայր Բուհում, նա էլ ընտրեց Մայր բուհը` որպես ամեն բացվող առավոտվա նպատակակետ ու սրբատեղի: Մելիքյանի համար, ինչպես ինքն է բնորոշում, մեկ Արցախը, մեկ ԵՊՀ-ն նույն բարձրագույն դերն ու արժեքը ունեն: Anews.am Անահիտ Ղազարյան

  • Ի՞նչ է տեղի ունենում համացանցում ամեն րոպե

    Հրապարակվել է Data Never Sleeps 11․0 զեկույցը՝ նվիրված համացանցում ամեն րոպե տեղի ունեցող իրադարձություններին։ 2013-ից ի վեր Domo վերլուծական ընկերությունը ներկայացնում է համացանցում տեղի ունեցող իրադարձությունների մասին հաշվետվություն: Ըստ Domo-ի՝ ChatGPT-ն օգտատերերից յուրաքանչյուր րոպե 6944 հարց է ստանում X-ը բարելավել է իր դիրքերը՝ յուրաքանչյուր րոպե 360,000 գրառում է հրապարակվում (2022 թվականի՝ 347,000-ի փոխարեն) Amazon-ի օգտատերերը յուրաքանչյուր րոպե հավելվածում ծախսում են ավելի քան 455,000 ԱՄՆ դոլար

  • Հայկական InoRain-ը մրցանակի է արժանացել Georgian IT Innovations 2023-ում

    Հայկական #inoRain ՏՏ ընկերությունը մասնակցել է դեկտեմբերի 11-12-ը Թբիլիսիում անցկացված Georgian IT Innovations 2023 միջազգային համաժողովին և միակ հայկական ընկերությունն է, որն այս տարի հաղթել է «Լավագույն բիզնես համալիր լուծումներ» անվանակարգում։ Ինչպես տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը, ընկերությունը Georgian IT Innovations 2023 միջազգային համաժողովին ներկայացրել էր իր Codifyer և inoRain OTT լուծումները: InoRain-ը OTT/ VOD լուծումներ ու ավտոմատացումներ է առաջարկում տարբեր ուղղություններ ունեցող բիզնեսների համար, մասնավորապես՝ հյուրանոցների, ինտերնետ մատակարարողների, ինֆլուենսերների ու բլոգերների:Codifyer-ն առաջարկում է ծրագրավորողների համար մշակված ավտոմատացման նորարարական համակարգ: Այս նորարարական լուծումը նախագծված է ոչ միայն աշխատանքային գործընթացը հեշտացնելու, այլև ժամանակ և այլ ռեսուրսներ խնայելու համար:

  • Դավիթ Հովհաննիսյանը՝ Գրան Պրիի արծաթե մեդալակիր

    Դոհայում ընթացող ծանրամարտի վարկանշային Գրան Պրիում այսօր հարթակ է դուրս եկել Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը: Նա մինչեւ 96 կգ քաշայի կարգի պոկում վարժությունը սկսել է 160 կգ-ից, ապա 5 կգ-ոց քայլ կատարել, իսկ վերջին մոտեցմամբ գլխավերեւում պահել 170 կգ: Ծանրորդը վարժության առաջատարն է եղել ու հրման առաջին փորձից 200 կգ բարձրացրել։ Մյուս երկու 205 կգ-անոց մոտեցումներն անհաջող են եղել ու նա երկամարտի 370 կգ-ով դարձել է արծաթե մեդալակիր: Առաջին տեղը 371 կգ-ով գրավել է Շահզաբեկ Մատյակուբովը (Թուրքմենստան): Ավելի վաղ Գրան Պրիում 18-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը մեծահասակների պայքարում իր 1-ին մեդալն է նվաճել՝ կանգնելով պատվոհարթակի 3-րդ աստիճանին: Վաղը ելույթ են ունենալու Եվրոպայի չեմպիոններ Գարիկ Կարապետյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ):

  • ԵՄ համաձայնեցրել է արհեստական բանականության կարգավորման կանոնները

    Եվրամիության երկրներն ու օրենսդիրները 10 ժամ տևած քննարկումներից հետո համաձայնության են եկել արհեստական ինտելեկտի համակարգերը, ինչպես օրինակ՝ ChatGPT-ն կարգավորող կանոնների շուրջ։ ԵՄ կառավարությունները փոխզիջումների են գնացել՝ հույս ունենալով օրենսդիրների աջակցությունը ձեռք բերել, որպեսզի կարողանան արհեստական բանականությունն օգտագործել կենսաչափական հսկողության համար՝ ազգային անվտանգության, պաշտպանության և ռազմական նպատակներով: Դեկտեմբերի 6-ին մեկնարկած բանակցությունները դեռ շարունակվում են։ Դրանց առանցքում է կենսաչափական հսկողության օգտագործումը, որն օրենսդիրները ցանկանում են արգելել:

  • WhatsApp-ը նոր գործառույթ է ներկայացրել․ ձայնային հաղորդագրությունները կարող են «ինքնաոչնչանալ»

    WhatsApp հանրահայտ մեսենջերը ներկայացրել է ձայնային հաղորդագրությունների ինքնաոչնչացման գործառույթ, որը կոչվում է «Տեսնել մեկ անգամ» (View Once): Այս գործառույթը 2021-ից գործում է լուսանկարների և տեսանյութերի համար, սակայն այժմ այն ​​տարածվում է նաև ձայնային հաղորդագրությունների վրա՝ բարձրացնելով հավելվածում հաղորդակցության գաղտնիության մակարդակը։ Մեսենջերի մշակողներն առաջարկում են նոր գործառույթն օգտագործել այն դեպքերում, երբ պահանջվում է խիստ գաղտնիություն, օրինակ՝ զգայուն տեղեկություն փոխանցելիս: WABetaInfo ռեսուրսի տվյալներով՝ գործառույթն աստիճանաբար կներդրվի iOS և Android հարթակների հավելվածում։ Ակնկալվում է, որ թարմացումը հասանելի կդառնա առաջիկա օրերին: Ջնջվող ձայնային հաղորդագրությունների կողքին հստակ նշված է, որ դրանք հնարավոր է նվագարկել միայն մեկ անգամ, որից հետո դրանք ջնջվում են։ Հիշեցնենք, որ WhatsApp-ը վերջերս բազմաթիվ նոր ու օգտակար գործառույթներ է ստացել։ Այսպես, iOS-ով աշխատող սարքերի համար հնարավոր է դարձել նույնականացումն անել էլփոստի միջոցով։ Այսուհետ հնարավոր է նաև ուղարկել մեդիա ֆայլեր՝ լուսանկարներ և տեսանյութեր, իրենց սկզբնական չափերով՝ առանց սեղմման և որակի կորստի: Այդուհանդերձ, կա ուղարկվող ֆայլերի մեծության սահմանափակում՝ մինչև 2 ԳԲ: Բացի դրանից, վերջերս WhatsApp-ի iPhone-ի բետա տարբերակում հայտնվել էր նոր գործառույթ, որը խմբային չատերի մասնակիցներին թույլ է տալիս կիսվել իրենց էկրանի բովանդակությամբ և հեռարձակել ֆիլմեր ու երաժշտություն իրենց զրուցակիցներին: Այս գործառույթը դեռ հասանելի չէ Android-ի բետա տարբերակներում, և հայտնի չէ, թե երբ այն կհայտնվի:

bottom of page