top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ներսես Ներսիսյան. Իրական լեգենդը

Updated: 13 hours ago





Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ, հայրենիքի հանդեպ ծառայողական պարտքը կատարելիս, մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհվեց` «ԱՐԾԻՎ 11» կամավորական ջոկատի հրամանատար Ներսես Ներսիսյանը:

Ներսես Ներսիսյան Գևորգի` նույն ինքը «Արծիվ» ՆԵՍՈՆ: Նրա հերոսությունները սկիզբ են առնում դեռևս 1988 թ-ից: Նա մասնակցել է «Հայոց համազգային շարժմանը» և եղել վերջինիս կազմում:

Այս թիվը դաջված է հայ ժողովրդի հավաքական և պատմական հիշողության մեջ:

1988թ-ի իրադարձություններն արագ զարգացան: Սկսվեց Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմը, որը շարունակվեց մոտ չորս տարի և որի արդյունքում հայկական կողմը վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղում: Պատերազմի հորձանուտում հայերը միացյալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար: Հենց այս 25 հազարից մեկն էլ Ներսեսն էր` քաջ, խրոխտ, անվախ, հայրենասեր ու հայրենապաշտ երիտասարդը: Պատերազմը սկսվելուն պես նա ընկերների հետ ջոկատ կազմեց Բաղրամյանում և անմիջապես մեկնեց ռազմաճակատ: Կռվելով Ադրբեջանի 80-հազարանոց բանակի դիմաց` այս քաջ տղաները կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը:

1991թ. Ներսեսն իր ողջ ջոկատով մասնակցեց Կոռնիձորի, Երասխի, Հադրութի, Էդիլլուի, Բլութանի, Խրմնջուղի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

1992թ. մասնակցեց Մարտակերտում Ղարաչինարիի և մի շարք այլ գյուղերի պաշտպանությանը: Նույն թվականին Վազգեն Սարգսյանի հրամանով օրինականացվեցին բոլոր կամավորական ջոկատները և որոնք ազգային բանակի հիմքը հանդիսացան: Ջոկատի հիման վրա կազմավորվեց 76 հոգուց բախկացած վաշտ, որը հետո միացավ Ռուբիկ Եղոյանի գումարտակին:

1993 թվականին հիմնադրվեց Երկրապահ կամավորականների միություն (ԵԿՄ) հասարակական կազմակերպությունը: Հիմնադրման օրվանից Ներսեսը միացավ ԵԿՄ-ին ու այնտեղ մնաց մինչև իր մահը: Ի սկզբանե ԵԿՄ-ին կարող էին անդամագրվել հայկական կողմից Արցախյան պատերազմի մասնակիցները:

1994թ. հունվարին 150 հոգուց բախկացած ջոկատով մեկնեց Մարտակերտ: Նույն թվականի հունվարի 11-ին Ներսեսի մասնակցությամբ զորախումբն անցավ հակահարձակման և գրավեց` Հակոբ Կամարին:

1994-ին Ներսեսը մարտնչելուվ հակառակորդի հետ շատ ծանր վիրավորվեց ուսից` սրտից ընդամենը մի քանի սանտիմետր վերև: Նրա քաջության, հայրենասիրության անսահմանության շնորհիվ շատ դիրքեր պահվեցին ու ազատագրվեցին:

Քառօրյա պատերազմ. 22 տարի անց` 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեցին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով: Պատերազմի մասին լսելուն պես Ներսես Ներսիսյանը Երկրապահ կամավորական ջոկատի հետ մեկնեց ռազմադաշտ: Չնայած պատերազմը կարճ տևեց, բայց նա մինչև վերջին պահը մնաց, ինչպես ինքն էր սիրում ասել. իր զինվորի կողքին, իր ազատագրած հողի վրա:

Արցախյան հակամարտության վերջին էսկալացիան դեռ պիտի սկսվեր, և ամենաարյունալին՝ առաջին պատերազմից հետո:

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայով սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, պատերազմ Արցախի և Ադրբեջանի միջև:

Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Ինչպես միշտ, այս անգամ էլ Ներսես Ներսիսյանը, ով արդեն 57 տարեկան էր, հագավ համազգեստը կռվողի ու խրոխտ զինվորի կեցվածք ընդունեց: Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի լուրը լսելուն պես, հրամանատարը հավաքեց մարտական ընկերներին, կազմեց 93 հոգուց բաղկացած ջոկատ և հոկտեմբերի 2-ին մեկնեց առաջնագիծ` Եղնիկներ: 10 օր մարտնչելուց հետո, «Արծիվ 11» ջոկատի առաջ կարևոր մարտական առաջադրանք է դրվում հոտեմբերի 12-ի գիշերը․ ութ անդամներով պետք է բարձրանային Արեգա սարն ու պահեին լքված դիրքը: Ամբողջ գիշեր ութ հոգով կյանքի գնով պահել են դիրքը, լույսը բացվելուն պես հակառակորդը սկսել է կատաղի ռմբակոծել։ Մի պահ տիրող լռությունից հետո Ներսեսը եռագույնը մխրճել է դիրքի վրա:

Այնուհետև ձայն է լսվել. Դա Արկ էր, որն ընկել էր ուղիղ Ներսեսի կողմը:

«Ես գնացի, երեխեքին ուշադիր կլինես...»,- Նրա վերջին խոսքերն են` մարտընկերոջը մահվանից վայրկյաններ առաջ:

«Արծիվ 11» ջոկատի հրամանատարին փորձել են Շտապ օգնության մեքենայով արագ հասցնել մոտակա բուժկետ, բայց չեն հասցրել․ Ներսիսյանը, ստացված ծանր վնասվածքներից ճանապարհին մահացել է։

Դիրքը, սակայն, ջոկատի կամավորների կողմից պահվեց։

Հպարտ էր Ներսեսը, անասելի հայրենասեր: Այնքան հայրենասեր, որ նույնիսկ ընտանիքը նրան չկարողացավ հետ պահել այդ վճռորոշ պահին: Նա պիտի գնար, պիտի պաշտպաներ իր հողը, իր Արցախը: Ու ոչ ոք, անգամ համարձակություն չուներ նրան հետ պահել հայրենիքի պաշտպանության սուրբ գործից:

44 օր հետո պատերազմն ավարտվեց, որով Արցախի հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվեց Ադրբեջանին: Ներսեսը չէր համակերպվի այս մտքի հետ:

Ու եթե հազար կյանք ունենար նա, հազարն էլ փառքով կնվիրեր Արցախը կանգուն լինելու համար:

Գոհար Սարգսյան












0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page