top of page

ՓՆՏՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

29592 items found for ""

  • WhatsApp-ը նոր և օգտակար գործառույթ ունի (լուսանկար)

    WhatsApp հանրահայտ մեսենջերում հայտնվել են տեքստի ֆորմատավորման նոր հնարավորություններ. այժմ արդեն հաղորդագրություններում հնարավոր է տեքստը կառուցվածքավորել, ընդգծել մեջբերումները և օգտագործել տեքստի ֆորմատավորման այլ տեսակներ: Ինչպես հայտնում է The Verge-ը, տեքստն ընդգծելու համար արդեն գոյություն ունեցող մեթոդներին (թավ (*Text*), շեղատառ (_Text_), ընդգծված (~Text~) և Monospaced տառատեսակ (``Text```), երբ բոլոր տառերին հատկացված է հավասար հորիզոնական տարածք) ավելացվել են նորերը: Այսպես, այժմ հնարավոր է ցուցակներ ստեղծել մարկերներով (- Text) և համարակալմամբ (1. Text): Բացի դրանից՝ մեսենջերում այժմ հնարավոր է ընտրել մեջբերում (> Text) և տեղադրել կոդի հատվածներ՝ պահպանելով ֆորմատավորումը (`Text`). Նոր գործառույթներն արդեն հասանելի են WhatsApp-ի բոլոր օգտատերերին (Android, iOS, Mac), ինչպես նաև մեսենջերի վեբ տարբերակում։ Բայց դեռ հայտնի չէ՝ արդյոք նոր ֆորմատավորումն աշխատում է Windows օպերացիոն համակարգով հավելվածներում։ Նշենք, որ տեքստի ֆորմատավորման նմանատիպ մեթոդներ կան նաև Telegram-ում, սակայն այնտեղ դա իրականացվում է շատ ավելի պարզ. պարզապես անհրաժեշտ է ընտրել տեքստը և բացվող ընտրացանկում ընտրել ֆորմատավորման տեսակը:

  • Oppo-ն ներկայացրել է Air Glass 3 խելացի ակնոց, որն աշխատում է ԱԲ-ով

    Չինական Oppo ընկերությունը Բարսելոնայում ընթացող MWC 2024 միջազգային ցուցահանդեսին ներկայացրել է արհեստական բանականությամբ աշխատող Air Glass 3 խելացի ակնոցի նախատիպը։ Ակնոցը միանում է ընկերության սմարթֆոններին՝ AndesGPT-ի լեզվական մեծ մոդելին հասանելիություն ունենալու համար: Ակնոցը կարող է նաև երաժշտություն նվագարկել, ցուցադրել տեղեկություն և ստանալ ձայնային զանգեր: Օգտատերերը կարող են դրանք կառավարել՝ օգտագործելով շրջանակի կողային մասում գտնվող հպման սենսորները: Արտաքինից Air Glass 3-ը սովորական ակնոցի տեսք ունի, կշռում է ընդամենը 50 գրամ։ AndesGPT լեզվական մոդելը մշակել է հենց Oppo-ն: Այն ներկայումս հասանելի է միայն Չինաստանում: Չատբոտը կարող է «տեղեկություններ որոնել և զրույցներ վարել՝ օգնելու օգտատերերին այնպիսի խնդիրներում, ինչպիսիք են ճանապարհորդության պլանավորումը» և այլն: Oppo-ն նշում է, որ խելացի ակնոցը կդառնա «հարմար ապարատային կրիչ արհեստական ​​բանականության համար՝ շնորհիվ իր գործառույթների, ինչպիսիք են տեսողական և ձայնային փոխազդեցությունը, և, ի վերջո, կդառնա սմարթֆոնների լավագույն ուղեկից մեծ թվով իրավիճակներում»։ Մոդելը չի ​​վաճառվի Չինաստանից դուրս։ Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերին Meta-ն թողարկել է խելացի ակնոց՝ Ray-Ban ապրանքանիշի ներքո: Այն թույլ է տալիս լուսանկարել և տեսանյութեր անել, ինչպես նաև կիսվել բովանդակությամբ: Բոլոր տվյալները համաժամանակացվում են Meta View հավելվածի միջոցով: Սարքը վաճառվում է 300 դոլարով։

  • Արեգակի վրա հզոր բռնկումները Երկրի վրա անսպասելի մագնիսական փոթորիկի են հանգեցրել. «Ֆոբոս»

    Երկրի վրա շարունակվող մագնիսական փոթորիկը առաջացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկումներից, որոնք կարելի է համեմատել 2019 թվականի դեկտեմբերին գրանցված ամենաուժեղ բռնկումների հետ։ Այս մասին հայտնում է «Ֆոբոս» կենտրոնի կայքը։ «Այն բռնկումները, որոնք հինգ ամենահզորներից են, որոնք տեղի են ունեցել 25-րդ արեգակնային ցիկլի սկզբից ի վեր և առաջացել են 3590 արևային բծերի խմբի կողմից, որը հաղթահարել է Երկիր-Արև գիծը և շարժվում է դեպի արևային սկավառակի արևելյան եզր, թվում է, որ չի կարող ազդեցություն ունենալ Երկրի մագնիսոլորտի վրա: Այնուամենայնիվ, արևային նյութի մի մասը դեռ դիպչել է մեր մոլորակին», - նշում է «Ֆոբոսը»: Փետրվարի 27-ի առավոտյան Kp գործակիցը հավասարվել է 5-ի, ինչը թույլ մագնիսական փոթորկի ցուցանիշ է։ Կանխատեսողները նշում են, որ այս ցուցանիշը չի ավելանա և շուտով կնվազի։

  • «Նրանք սիրիացիներ են․ վտանգավոր է»․ Վիզուալ ֆրեյմինգ

    Սիրիական պատերազմի պատճառով արտագաղթի թիվը կրկնապատկվեց։ Երկրից երկիր գնացողներին ոչ բոլորն էին հոժարակամ ընդունում։ Հանրությունն ինքն էր մտել այն շրջանակի մեջ, որը ստեղծել էին լրատվամիջոցները՝ սիրիացիներին համարելով «վտանագվոր»։

  • Open AI-ի նոր գործիքը՝ տեսահոլովակներ գեներացնող Sora-ն

    OpenAI-ը կրկին ցնցեց աշխարհը իր նոր գեներատիվ AI վիդեո գործիքի՝ Sora-ի մասին հայտարարելուց հետո: Թեև այն դեռ հասանելի չէ լայն հանրությանը և ներկայումս սարքի օգտագործման հնարավորություն տրված է միայն մի քանի փորձագետների և ֆիլմարտադրողների, այնուամենայնիվ «Վաշինգտոն Փոստը» հնարավորություն ստացավ Սորայի հետ որոշ փորձարկումներ կատարելու։ Արդյունքները զարմանալի էին, դրանք ցույց էին տալիս, թե որքան առաջադեմ է տեխնոլոգիան և որքան հեռու է այն գնալու առաջիկայում։ Sora-ն OpenAI-ի կողմից մշակված արհեստական ինտելեկտի վրա հիմնված գեներացնող վիդեո ստեղծող գործիք է: Այն օգտագործում է մեքենայական ուսուցման լավագույն փորձը՝ տեքստային նկարագրությունների կամ օգտատերերի կողմից տրամադրված հուշումների հիման վրա տեսանյութեր ստեղծելու համար: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս օգտվողներին ստեղծել տեսանյութեր՝ հիմնված պարզ տեքստի մուտքագրման վրա։ Հասկանալով օգտագործողների կողմից տրամադրված տեքստային նկարագրությունները՝ Sora-ն կարող է ստեղծել համապատասխան տեսահոլովակներ կամ անիմացիաներ։ Արհեստականորեն ստեղծված տեսանյութերը շատ քիչ են տարբերվում իրական՝ տեսախցիկով նկարված կադրերից: Երբ փորձարկողները խնդրեցին անօդաչու թռչող սարքի օրինակով նկարված կադրեր ստեղծել Սորային, որոնք արված կլինեին Բիգ Սուր ափամերձ համայնքի շրջակայքում, այն ստեղծեց մի վայր, որը գոյություն չուներ, բայց շատ նման էր Բիգ Սուրի տարածքին, այն տեսահոլովակում ներառում էր ժայռեր, արև, ալիքներ: Եվ փորձարկողների խոսքերով կադրերն այնքան գեղեցիկ ու իսկականին մոտ էին ստացվել, որ դրանք հանգիստ կարող էին որևէ ֆիլմում օգտագործել։ Չնայած լավ ու որակյալ կադրերի ստեղծմանը, Սորան դեռևս կատարյալ չէ, որոշ դեպքերում նշմարվել են հեղինակային իրավունքների խախտումներ՝ Սորայի օգտագործած կադրերում, այլ դեպքերում գեներացված տեսահոլովակի բովանդակությունը լիովին չի համատասախանել պատվիրված հարցմանը։ Սորայի լավագույն օգտագործման տարբերակը կարող է լինել ֆոնային կադրեր տրամադրելը, որոնք մանրամասն չեն զննվի և չունեն ձայնի կարիք, որովհետև Սորան դեռևս չի կարողանում արտադրել ձայնային էֆեկտներ տեսահոլովակին համապատասխան։ Նյութի հեղինակ՝ Միլենա Սարգսյան

  • Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն, Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն. ԵԱ

    Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում հավասարը չունեին: Երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հակոբ Մկրտչյանը: Դավիթ Հովհաննիսյանը 1 կգ-ով զիջեց  թիմակցին եւ նվաճեց արծաթե մեդալ: 2019 թվականի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցեց 375 կգ արդյունք  (166+209): Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանի երկամարտի արդյունքը 374 կգ է (169+205): Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունը սկսեց 161 կգ-ով եւ հաջողությամբ ծանրաձողը պահեց գլխավերեւում: Երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ ֆիքսեց նաեւ 166 կգ-ոց ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար պատվիրած 168 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում Հակոբ Մկրտչյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հովհաննիսյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ ձախողեց 166 կգ-ն: Երկրորդ մոտեցմամբ դժվարությամբ պոկեց 166 կգ: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 169 կգ: Դավիթ Հովհաննիսյանը այս մոտեցումն էլ հաջողությամբ կատարեց եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը: Հրում վարժության առաջին մոտեցմամբ Հովհաննիսյանն ու Մկրտչյանը մեկնարկեցին 200 կգ-ով եւ հաջողությամբ կատարեցին: Երկրորդ մոտեցմամբ էլ երկու ծանրորդները հաջողությամբ հրեցին 205 կգ-ոց ծանրաձողը: Երրորդ մոտեցումով Մկրտչյանը հրեց 209 կգ, Հովհաննիսյանը ձախողեց 210 կգ-ն: Եվրոպայի կրկնակի չեմպիոնը ուժասպառ եղավ եւ ընկավ՝ գցելով ծանրաձողը: 96 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիր դարձավ բելառուս ծանրորդ Պավել Կադասեւիչը: Երկամարտում նա գրանցեց 360 կգ արդյունք 165+195: Հակոբ Մկրտչյանը 2019 թվականի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն է: Սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը երկամարտի 372 կգ արդյունքով 6-րդն էր (164+208), Դավիթ Հովհաննիսյանը 368 կգ արդյունքով 9-րդը (168+200): Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) Երեւանում անցկացված ԵԱ-ում երկրորդ անգամ հչակվեց չեմպիոն: Երկամարտում գրանցեց  377 կգ արդյունք (172+205): Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականի կազմում Սոֆիայի մրցահարթական դուրս կգան նաեւ Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Պետրոս Պետրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան (+109 կգ), Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ): Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականից կմասնակցեն նաեւ Տաթեւ Հակոբյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ 87 կգ):

  • Պոկում վարժության ոսկե մեդալը նվաճեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը. ԵԱ

    Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպպայի առաջնության տղամարդկանց 96 կգ քաշայինների A խմբի պայքարը, որտեղ Հայաստանն ունի երկու մասնակից: Տիտղոսի համար պայքարում են աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը: Ավարտվել է պոկում վարժությունը, որտեղ առաջատարները հայ ծանրորդներն են: Պոկում վարժության փոքր ոսկե մեդալը 169 կգ արդյունքով նվաճեց Դավիթ Հովհաննիսյանը: Փոքր արծաթե մեդալը 166 կգ արդյունքով նվաճեց Հակոբ Մկրտչյանը: Այս քաշային կարգում մեդալի համար պայքարում է 10 ծանրորդ։ Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը միակ ֆավորիտներն են։ Նրանք բոլորից 20 կգ ավելի բարձր հայտ են ներկայացրել երկամարտում: 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) Երեւանում անցկացված ԵԱ-ում երկրորդ անգամ հռչակվեց չեմպիոն: Երկամարտում գրանցեց  377 կգ արդյունք (172+205):

  • Բուն Բարեկենդանը` Քարակերտի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնում

    Արմավիր թեմի Քարակերտի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնը Արմավիր թեմի Դալարիկի Սուրբ Վարդան եկեղեցու հետ համատեղ կազմակերպել էին Բուն Բարեկենդանը, որով կազդարարվի Մեծ Պահքի սկիզբը: Կենտրոնում այսօր այն մեծ շուքով նշվեց: Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանի տոնին կենտրոնի սաները երգեցին, պարեցին, խրախճանքներ, խաղեր կազմակերպեցին: Արմավիր թեմի Դալարիկի Սուրբ Վարդան եկեղեցու քահանա Տեր Գրիգոր Հովսեփյանը ներկայացրեց տոնի խորհուրդը և պատմեց Մեծ Պահքի մասին: Տեր Գրիգոր Հովսեփյանի խոսքով` կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Այս օրերին հատկապես ուշադիր եղեք ձեր անձերին, ձեր արած գործերին, ձեր խոսքերին, մի՛ չարախոսեք և բանբասեք: Ավետարանական ընթերցումներ, աղոթքներ արեք, ահա այն ամենը, որոնցով պիտի սնվի հավատացյալ մարդու հոգին պահքի ընթացքում»,- կարևորեց քահանա Տեր Գրիգոր Հովսեփյանը: Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնի հիմնադիր տնօրեն Աննա Ղուկասյաննի խոսքով` յուրաքանչյուր հայ, քրիստոնյա մտնելով, Պահքի շրջան պիտի ինքնամաքրվի և ստանա Աստծո ողորմությունը: «Պահքը ոչ միայն կենդանական սննդից հրաժարումն է, այլև այն առաջին հերթին հեգևոր, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ»,- նշեց Աննա Ղուկասյանը: Վերջում տոնախմբության մասնակիցները վայելեցին առատ ուտելիք` ճոխ սեղաններ պատրաստելով:

  • Ինովացիոն կամ նորարարության սխալները

    Ըստ McKinsey-ի՝ ինովացիոն մշակույթով ընկերությունները 3․5 անգամ ավելի մեծ շանսեր ունեն մրցակիցներից առաջ անցնելու։ Իսկ ո՞րն է ինովացիոն մշակույթը։ Տնտեսագետ և նորամուծության մասին մտածող ու փորձագետ Ջոզեֆ Շումպուրը պնդում է, որ կապիտալիզմը սկզբունքորեն փոփոխության համակարգ է, այն չի կարող ստատիկ մնալ։ Համաձայն Շումպերի՝ «ստեղծագործական քանդող փոթորիկը պրոցես է, որը անընդհատ և արմատապես ներսից փոփոխում է տնտեսական կառուցվածքը, անընդհատ ոչնչացնելով հինը և ստեղծելով նորը»։ Սակայն թե ինչ է նշանակում «նորարարություն», կարծես կախված է այն բանից, թե ով և ինչ համատեքստում է օգտագործում այն։ Նորարարություն կա արվեստում, տեխնոլոգիաներում, գրականությունում և այլ ոլորտներում, բայց ամեն տեղ այն ունի տարբեր դրսևորումներ ու բացատրություններ․ կարծես բոլոր բնագավառներում նորարարությունը փորձում է փոփոխել համակարգը, որպեսզի այն ավելի «հարմարավետ դառնա» ապրելու համար։ Ինովացիոն տիպերն են՝ պրոդուկտի կամ ապրանքի, մարքեթինգային գործընթացի, կազմակերպչական նորարարությունները։ Պրոդուկտի կամ ապրանքի նորարարությունը այն ծառայությունն է, որը նոր է կամ զգալիորեն բարելավվել է։ Սա, թերևս, այն է, ինչ մենք հիշում ենք, երբ մտածում ենք նորարարության մասին, օրինակ՝ «խելացի» հեռախոսները։ Մարքեթինգային նորարարությունը իրենից ներկայացնում է նոր մարքեթինգային մեթոդ, որը ներառում է զգալի փոփոխություններ ապրանքի դիզայնի կամ փաթեթավորման, արտադրանքի տեղաբաշխման կամ գնագոյացման մեջ։ Գործընթացի նորարարություն՝ նոր կամ զգալիորեն բարելավված առաքման կամ արտադրության մեթոդ։ Կազմակերպչական նորարարություն՝ գործարար պրակտիկայում նոր կազմակերպչական մեթոդների ներդնում, արտաքին հարաբերությունների բարելավում։ Հասկանալի է, որ նորարարությունը միայն գաղափարը չէ։ Նորարարությունն այն գործընթացն է, որում նոր գաղափարները հաջողությամբ օգտագործում են տնտեսական, սոցիալական կամ բնապահպանական արժեք ստեղծելու համար, հետևաբար նորարարությունը պրոցես է, որը ղեկավարելու և առաջնորդելու կարիք ունի։ Բայց արդյո՞ք միշտ հաջողվում է ինովացիոն մշակույթը ճիշտ օգտագործել ու առաջնորդել։ Այն ոչ թե տարվա ընթացքում ֆիքսված անգամներ որևէ բանի ներդրումն է կամ անընդհատ շուկայում հայտնված նոր բաներ փորձելը, այլ ընկերությանը համապատասխան, լավ մտածված և գրագետ ներդրված սխեմա է։ Ինովացիաների ներմուծման սխալներից են՝ մակերեսային հետազոտություն անելը․ սա ինովացիոն բյուջեների վատնման առաջին պատճառներից մեկն է; Իմաստ ունի ներդրում անել նորարարության մեջ այն դեպքում, երբ առկա է որևէ խնդիր, որի լուծման համար նախկին մոտեցումներն այլևս չեն աշխատում։ Մեծ ինովացիաների ներմուծման համար պարտադիր չէ լինել մեծ ընկերություն։ Նորարարական լուծումների նպատակն է ապահովել ավելի արագ և հեշտ զարգացում բիզնեսի համար։ Հետևաբար՝ դրա կարիքն ավելի շատ ունեն իրենց ճանապարհը նոր սկսող կազմակերպությունները; Եվ վերջին կետը ինովացիաների վերաբերյալ այն է, որ որքան վատ է ինովացիաներից վախենալը, նույնքան բացասական հետևանքներ կարող է ունենալ դրանց՝ առանց նախապատրաստվելու ներդնումը։ Նույնիսկ ամենալավ լուծումները կարող են տապալվել, եթե տվյալ դեպքում ընկերության աշխատակիցներն ու աշխատանքի մոդելը պատրաստված չեն այն ընդունելու ու օգտագործելու։ Նյութի հեղինակ՝ Միլենա Սարգսյան

  • Ապատեղեկատվություն «Մայրենի 5» դասագրքի մասին

    «Մայրենի 5» դասագիրքը վերջին օրերին թիրախավորվել է տարբեր սոցիալական մեդիա օգտատերերի կողմից, իսկ ԶԼՄ-ներն առանց փաստերին ծանոթանալու տարածում են ապատեղեկատվություն: Դասագրքի հեղինակները Հայաստանում հեղինակավոր և վաստակաշատ մանկավարժներ են, դասախոսում են տարբեր բուհերում, բազմաթիվ գիտամանկավարժական հոդվածների, դասագրքերի և մեթոդական ձեռնարկների հեղինակ են՝ Աշոտ Գալստյանը և Թամարա Թովմասյանը: Մեր հարցերին պատասխանում է «Մայրենի 5» դասագրքի համահեղինակ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը: -Պարո՛ն Գալստյան, Դուք հանրակրթական դպրոցի «Մայրենի 5» դասագրքի համահեղինակներից եք։ Ինչո՞վ է տարբերվում դասագիրքը մյուս դասագրքերից և ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել։ -«Մայրենի 5»-ը կազմված է նոր չափորոշիչների հենքով, այսինքն՝ միտված է աշակերտի կարողունակությունների զարգացմանը։ Սա ինտեգրված դասագիրք է.  գրական նյութի հիման վրա պիտի ներկայացվի լեզվական նյութը։ Ընտրված դասերը փորձարկվել են ուսուցիչների և աշակերտների շրջանում։ Ամբողջությամբ նորություն է դասագրքի QR ծածկագրի  առկայությունը, որը լրացուցիչ նյութեր է պարունակում և գրավում է աշակերտին։ Դասագիրքը 176 էջ է, մնացյալ նյութերը մենք զետեղել ենք QR-ի տակ, որտեղ տեղ են գտել և՛ լեզվական վարժություններ, և՛ առաջադրանքներ, և՛ գրական նյութեր, խաչբառ-վիկտորինաներ։ Դասագրքի հեղինակները հաճախ են հեռակապով հանդիպում ուսուցիչների հետ, լսում նրանց, պատասխանում հարցերին։ Ավելին. եղել ենք Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում, տեղում հանդիպել պատասխանատուներին և աշակերտներին։ Այս հարցում մեզ օգնում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Այդ հանդիպումները շատ արդյունավետ են։ Մենք եղել ենք նաև մայրաքաղաքի դպրոցներում, հանդիպել աշակերտների հետ, դասեր վարել։ Ուսուցիչների  առաջարկով մենք ստեղծել ենք ուսուցանող և թեմատիկ գրավորների տետրեր։ Այժմ կազմում ենք 5-րդ դասարանի աշակերտի նվազագույն բառապաշարի բառարան։ -Վերջին շրջանում հաճախ է թիրախավորվում «Մայրենի 5»-ը։ Սոցիալական ցանցերում տարաբնույթ կարծիքներ են շրջանառվում։ -Մենք՝ հեղինակներս, գիտենք այդ մասին։ Դե, սկզբում դրոշի խնդիրը բարձրաձայնվեց, որ մեր դասագրքի հետ ոչ մի աղերս չուներ։ Հետո Հ. Թումանյանի ծննդավայրի հետ կապված հարցեր էին բարձրացվել, որը դարձյալ իրականությանը չի համապատասխանում։ Վերջին օրերին էլ մեղադրվում ենք մի ստեղծագործության ընտրության մեջ. պատճառաբանվում է, որ այդ պատմվածքի հեղինակը ադրբեջանցի է։ Որտե՞ղ է ապացուցված, որ դա ադրբեջանցի հեղինակի նյութ է. մի գրքում նման մի տեքստ ներկայացված է ըստ ադրբեջանական գրողի: Քանի նման դեպք ունենք, որ ադրբեջանցիները շատ հանգիստ յուրացնում են հայկական երգն ու երաժշտությունը, պատմական հուշաձանները, գրողներին ու գրական ժառանգությունը: Հերթական չապացուցված մանիպուլյացիան է ուղղված տարիների փորձառություն ունեցող գիտամանկավարժական խմբին: Մեզ համար կարևոր է տեքստի հայեցի լինելը, տեքստի բովանդակությունն ու աշակերտի վերլուծելու կարողությունը: Հաճախ դեռահասին այնպիսի նյութեր են անհրաժեշտ, որոնք պիտի լեզվական նյութի իրացումը լինեն։ Եվ այդ առումով այս նյութը լիովին համընկնում է լեզվականին։ Չենք կարծում, որ ադրբեջանցու հեղինակած նյութում լինեին Անի, Հարություն, Գրիգոր, Տիգրան հայկական անձնանուններ։ Տարբեր էլեկտրոնային հարթակներում բազմաթիվ ստեղծագործություններ կան, որոնք արժե, որ քննության նյութ դառնան. սա նաև ժամանակի և չափորոշչի պահանջ է: Այս դասագիրքը ոչ թե գրականության, այլ մայրենիի դասագիրք է, որի հիմնական նպատակներից է նաև կարծիք և դիրքորոշում արտահայտելու կարողության, ինչպես նաև լեզվական մշակույթի զարգացումը: -Իսկ աշակերտների հետ հետադարձ կապ ունեցե՞լ եք, նրանք գո՞հ են դասագրքից: Չէ՞ որ դասագիրքը նրանց համար է: -Տիկին Թովմասյանի հետ պարբերաբար այցելում ենք դպրոցներ, փորձարկումներ ենք իրականացնում 5-րդ դասարանում: Աշակերտները դասագիրքը շատ են հավանում: Թե՛ բառային և թե՛ տեքստային աշխատանքները սիրով են կատարում: Շատ հետաքրքրական հարցադրումներ են ուղղում դասագրքի հեղինակներին: Հետաքրքիր է աշխատել նրանց հետ: Ուսուցիչների կարծիքով աշակերտները չեն հոգնում դասագրքով աշխատելիս: Ընտրված նյութերը նպաստում են լեզվաքերականական վարժությունները հեշտ ըմբռնելուն: Դասագրքում յուրաքանչյուր նյութ ընտրված է տվյալ տարիքային խմբի հետաքրքրություններին համապատասխան։ Մեթոդական ապարատը հնարավորություն է ընձեռում սովորողների մոտ ձևավորելու ու զարգացնելու կարդալու և գրելու հմտություններ, ինքնուրույն մտածելու, կարծիք արտահայտելու, դիրքորոշում ունենալու, քննադատաբար վերլուծելու, որոշումներ կայացնելու, գնահատելու, զուգորդելու և բազմաթիվ այլ կարողություններ։ Միակ դասագիրքն է, որն ունի էլեկտրոնային տարբերակ և մեկ հպումով կարելի է ծանոթանալ լրացուցիչ ուսումնական նյութերին կատարել տարաբնույթ էլեկտրոնային տարբերակով առաջադրանքներ, ավտոմատ ինքնագնահատում ստանալ։ Իրականում դասագրքեր ստեղծելն այնքան էլ հեշտ գործ չէ, մեր թիմն ամենայն պատասխանատվությամբ է մոտենում այդ խնդրին, և մենք բազմիցս ապացուցել ենք, որ մեր գործի գիտակն ու մշակն ենք:

  • Որքան է կազմում պիրատության համաշխարհային արժեքը

    Առցանց կոնտենտի պիրատության համաշխարհային արժեքը կազմում է տարեկան 71 միլիարդ դոլար: ԱՄՆ-ի Առևտրի պալատի փորձագետները գնահատում են, որ այս իրավիճակը երկրի տնտեսությանը վնասում է տարեկան 30 միլիարդ դոլար եկամուտ և մոտավորապես 250 հազար աշխատատեղ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Նշվում է, որ պիրատային ծառայությունների ֆինանսական մոդելը հիմնված է գովազդի և բաժանորդագրությունների վրա։ Բացի այդ, նրանք ապահովում են բովանդակության ընտրության ավելի լայն շրջանակ, քան օրինական հարթակները, քանի որ նրանք գողանում են բովանդակությունը միանգամից բազմաթիվ աղբյուրներից: Լրագրողների կարծիքով, մի շարք պիրատային կայքեր փակ հարթակներ են, որոնք հասանելի են միայն հրավերով. դրանք չափազանց տարածված են darknet-ում: Այնուամենայնիվ, այս ծառայությունների մեծ մասը բավականին օրինական է թվում,  դրանք որոնելի են Google-ում և գովազդվում են TikTok-ում, ինչպես նաև այլ հարթակներում:

  • WhatsApp-ով հնարավոր կլինի շփվել այլ մեսենջերներ օգտագործողների հետ

    Հանրահայտ WhatsApp մեսենջերի թիմն ակտիվորեն աշխատում է նոր գործառույթի վրա, որը կապահովի WhatsApp-ի համատեղելիությունը այլ մեսենջերների հետ։ Ինչպես տեղեկացնում է WABetaInfo-ն, WhatsApp-ի վերջին բետա տարբերակում հայտնաբերել է third-party chats (երրորդ կողմի հետ չատ) թաքնված բաժին: Նոր բաժնում WhatsApp-ի օգտատերերը կկարողանան շփվել մրցակից մեսենջերներ օգտագործող մարդկանց հետ, ինչպիսիք են Telegram-ը, Discord-ը, Signal-ը և Viber-ը: Ըստ WABetaInfo-ի՝ նոր գործառույթը դեռ հասանելի է միայն iOS-ի մշակողների համար։ Նոր գործառույթը պետք է առանձին ակտիվացվի, ինչից հետո օգտատերերը կարող են ջնջել այն մեսենջերները, որոնք հարկավոր չեն: Նորարարությունը մշակվում է մեսենջերների փոխհամատեղելիության վերաբերյալ Եվրոպական Միության պահանջներին համապատասխան, որոնք պարտադիր կդառնան 2024-ի գարնանը։  ԵՄ թվային շուկաների մասին օրենքը պահանջում է, որ հաղորդագրությունների փոխանակման ամենամեծ հարթակները պետք է համատեղելի լինեն միմյանց հետ, որպեսզի մարդիկ հաղորդակցվելու համար ստիպված չլինեն տեղադրել տասնյակ հավելվածներ: Նոր գործառույթի գործարկման ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ: WAbetaInfo-ն ենթադրում է, որ այն կիրականացվի հաջորդ թարմացման հետ մեկտեղ, քանի որ օրենքը ուժի մեջ է մտնում մարտին։ Հայտնի չէ նաև, թե արդյոք այն կաշխատի ԵՄ տարածիքից դուրս գտնվող երկրներում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ WhatsApp-ը գրաֆիկական դիզայնով թարմացված նոր ինտերֆեյս կստանա։ Մեսենջերի մշակողը Meta Corporation-ն արդեն փորձարկում է ինտերֆեյսը, որի առաջին լուսանկարը X (Twitter) սոցցանցի իր օգտահաշվում հրապարակել էր տվյալների վերլուծաբան Աբհիշեկ Յադավը:

bottom of page