top of page

ՓՆՏՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

29583 items found for ""

  • Հեռախոսում վնասակար հավելվածների մասին նշաններ

    Երբեմն վնասակար հավելվածներն առհասարակ իրենց ներկայության մասին զգացնել չեն տալիս, բայց երբեմն դրանց առկայության մասին կարելի է կասկածել՝ դատելով որոշակի «ախտանիշներից»: ՏՏ փորձագետ Սերգեյ Լիպովը կարծում է, որ հավելվածի անկայուն աշխատանքը կարող է նշաններից մեկը լինել այն մասին, որ հավելվածը վնասակար է։ Եթե ​​հավելվածը մշտապես ցուցադրում է նյարդայնացնող գովազդներ և հղումներ դեպի կասկածելի կայքեր կամ անհայտ ծրագրավորողների պատրաստած այլ հավելվածներ, ապա դա ևս զգուշանալու պատճառ է: Իսկ եթե ​​հեռախոսն սկսում է հաղորդագրություններ ուղարկել առանց օգտատիրոջ իմացության, դա արդեն մտահոգվելու շատ լուրջ պատճառ է։ Պետք է նաև ուշադրություն դարձնել հավելվածի մասին օգտատերերի ակնարկներին. եթե նրանք բողոքում են հավելվածի տարօրինակ պահվածքից, անձնական տվյալներին մուտք ստանալու անսպասելի հարցումներից և այլ կասկածելի գործողություններից, նույնիսկ եթե այդ հավելվածն իրեն «լավ է պահում», ամեն դեպքում դա մտածելու առիթ է, որպեսզի այն ջնջեք, կարծում է Լիպովը։ Ի՞նչ այլ նշաններ կարող են վկայել ձեր հեռախոսում վնասակար հավելվածի առկայության մասին: NEWS. am Tech-ը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նաև հետևյալ նշաններին. Տվյալների օգտագործում։ Եթե ​​նկատում եք ձեր տվյալների օգտագործման կտրուկ աճ (հատկապես համացանցին միացած ժամանակ) կամ ձեր հեռախոսի վճարն ավելանում է, դա կարող է նշան լինել առ այն, որ ձեր հեռախոսում կա վնասակար հավելված, որն աշխատում է հետին պլանում և իրականում լրացուցիչ տվյալներ է սպառում: Մարտկոցի արագ լիցքաթափում։ Վնասակար հավելվածները հաճախ հետին պլանում գործարկում են գործընթացներ, որոնք կարող են սովորականից ավելի արագ սպառել ձեր հեռախոսի մարտկոցի լիցքը: Եթե ​​նկատում եք մարտկոցի ինքնավար աշխատանքի ժամանակահատվածի զգալի նվազում՝ առանց հեռախոսի օգտագործման օրինաչափությունների փոփոխության, դա կարող է վկայել վնասակար հավելվածի առկայության մասին: Ճիշտ է, այստեղ կարող է մեղավոր լինել նաև մարտկոցը, քանի որ այն ժամանակի ընթացքում փչանում է և կորցնում իր սկզբնական հզորության մի մասը: Ցածր կատարողականություն։ Վնասակար հավելվածները կարող են օգտագործել համակարգի ռեսուրսները և դանդաղեցնել ձեր հեռախոսի աշխատանքը: Եթե ​​ձեր հեռախոսը սկսում է դանդաղ աշխատել, երբեմն «կախում» է կամ հաճախակի խափանվում է, դա կարող է պայմանավորված լինել վնասակար ծրագրերի առկայությամբ: Անբացատրելի գանձումներ կամ գնումներ: Վնասակար հավելվածները կարող են փորձել չարտոնված գնումներ կամ գործարքներ կատարել՝ օգտագործելով ձեր հեռախոսի վճարման միջոցները: Եթե ​​նկատում եք որևէ անծանոթ գանձում ձեր կրեդիտ քարտի քաղվածքում կամ չարտոնված ներծրագրային գնումներ, դա կարող է հուշել վնասակար հավելվածի առկայության մասին։ Տարօրինակ «պահվածք»։ Եթե ​​ձեր հեռախոսն իրեն տարօրինակ է «պահում», ինքնուրույն բացում և փակում է հավելվածները, փոխում է կարգավորումները կամ ներբեռնում և տեղադրում որևէ ծրագիր առանց ձեր իմացության, ապա պետք է մտածեք այն մասին, որ այն կարող է վտանգավոր ծրագրեր պարունակել: Գերտաքացում։ Հետին պլանում աշխատող վնասակար հավելվածները կարող են հանգեցնել ձեր հեռախոսի գերտաքացմանը, հատկապես, եթե դրանք օգտագործում են հաշվողական մեծ հզորություններ։ Եթե ​​ձեր հեռախոսը վերջերս սկսել է անսովոր տաքանալ, ապա արժե ստուգել վնասակար ծրագրերի առկայությունը: Եթե ​​այս բոլոր խնդիրները հայտնաբերվեն, խորհուրդ է տրվում հեռացնել կասկածելի հավելվածը և սկանավորել հեռախոսը հակավիրուսային ծրագրերով։ Կարող եք նաև դիտարկել ձեր հեռախոսը գործարանային վիճակի բերելը, եթե խնդիրը չվերանա բոլոր տարօրինակ հավելվածները ջնջելուց և հակավիրուսային միջոցներով սկանավորելուց հետո:

  • ՏՏ. 2023-ին ամենաշատ գրոհի ենթարկված ոլորտները

    Ռուսաստանում և ԱՊՀ-ում 2023-ին ամենամեծ թվով կիբեռգրոհների են բախվել արդյունաբերության (տարածաշրջանում միջադեպերի ընդհանուր թվի 20%-ը), ֆինանսների (17%) և ՏՏ (8%) ոլորտների կազմակերպությունները։ Այսպիսին են կիբեռսպառնալիքների շուրջօրյա մոնիթորինգի, պրոակտիվ որոնման և վերացման Kaspersky Managed Detection and Response լուծման կողմից օգտատերերի մոտ հայտնաբերված միջադեպերի վիճակագրության վրա հիմնված ամենամյա վերլուծական հաշվետվության տվյալները: Միջին հաշվով, «Կասպերսկի»-ի կիբեռանվտանգության մոնիթորինգի կենտրոնի (SOC) փորձագետներն օրեկան երկուսից ավելի բարձր կրիտիկական միջադեպ են հայտնաբերել։ Խոսքն այն դեպքերի մասին է, որոնց արձագանքման ընթացակարգերը ավելի քիչ են ենթակա ավտոմատացման և պահանջում են մասնագետների ներգրավում։ Ռուսաստանում և ԱՊՀ-ում կրիտիկական միջադեպերն առավել հաճախ կապված են եղել տարբեր տեսակի կիբեռվարժանքների (բարձր կրիտիկական միջադեպերի ընդհանուր թվի 41%-ը) և մարդու անմիջական մասնակցությամբ թիրախային գրոհների հետ (28%): Բարձր կրիտիկական մակարդակի միջադեպի հայտնաբերման միջին ժամանակը, ըստ բոլոր ոլորտների, 36 րոպե է կազմել: Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը նվազել է 17%-ով։ «2023-ին կրիտիկական միջադեպերի որոշակի անկումը ավելիով փոխհատուցվել է միջին և ցածր կրիտիկական միջադեպերի աճով՝ կապված տարբեր վնասաբեր ծրագրերի հայտնաբերման հետ, որոնց համար շուկայում առկա ավտոմատացման միջոցներն ի վիճակի են արդյունավետ հակազդեցություն ապահովել: SOC թիմի ներսում մենք այս միտումը անվանեցինք «գրոհների կոմոդիզացիա», երբ նախկինում գլխավորապես թիրախային գրոհներում օգտագործվող գործիքներն ավելի ու ավելի հաճախ դառնում են լիովին ավտոմատացված վնասաբեր ԾԱ-ի բաղադրիչներ, որը գործում է առանց գրոհողի ակտիվ մասնակցության: Այնուամենայնիվ, կրիտիկական միջադեպերի քանակի նվազումը չի հանգեցնում դրանց հնարավոր վնասի նվազման: Թիրախային գրոհները սկսել են ավելի մանրակրկիտ պլանավորվել, հետևաբար, ավելի վտանգավոր դառնալ։ Հետևաբար, չնայած XDR-ի կամ EPP-ի նման ավտոմատացված լուծումների արդյունավետ աշխատանքին, MDR-ի շրջանակներում SOC վերլուծաբանների արդյունավետ աշխատանքը չափազանց կարևոր է»,- մեկնաբանում է «Կասպերսկի»-ի Կիբեռանվտանգության մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Սերգեյ Սոլդատովը: Թիրախային գրոհները կանխելու համար «Կասպերսկի» ընկերության փորձագետները խորհուրդ են տալիս կազմակերպություններին. օգտագործել մասնագիտացված կառավարվող լուծում, որը համատեղում է հայտնաբերման և արձագանքման գործառույթները threat hunting-ի գործառույթների հետ և թույլ է տալիս ճանաչել հայտնի և անհայտ սպառնալիքները՝ առանց ընկերության ներքին ռեսուրսների ներգրավման; գործառնական անվտանգության ոլորտում ներքին իրավասությունների զարգացման հնարավորության դեպքում օգտագործել լավագույն գործելակերպերը և դիմել ժամանակով ստուգված գործընկերներին՝ SOC-ի կառուցման նախագծերի իրականացման, ինչպես նաև դրա հասունության կանոնավոր գնահատման համար; իսկ եթե միջադեպն արդեն տեղի է ունեցել, ապա չափազանց կարևոր է օպերատիվ կերպով կազմակերպել միջադեպին արձագանքումը, իսկ ծառայության որակը կախված կլինի տվյալ ծառայությունը մատուցող թիմի փորձաքննությունից, փորձից և գիտելիքներից:

  • Միջազգային տիեզերակայանում մուտացված և դեղակայուն բակտերիաներ են գտել

    Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) կան շատ տարբեր բակտերիաներ՝ չնայած այն մաքուր պահելու բոլոր ջանքերին, քանի որ որտեղ կան մարդիկ, այնտեղ կլինեն նաև մանրէներ, իսկ վերջին 24 տարիների ընթացքում գրեթե 300 մարդ է այցելել ՄՏԿ։ Հնդկաստանից հետազոտողները, NASA-ի ռեակտիվ շարժիչ լաբորատորիայի հետ համատեղ, վերլուծել են ՄՏԿ-ի բակտերիաների շտամները և համեմատել դրանք Երկրի վրա գտնվող նույն բակտերիաների հետ և պարզել, որ տիեզերական միկրոօրգանիզմները տարբերվում են դրանցից թե՛ ֆունկցիոնալությամբ, և թե՛ գենետիկորեն: Ավելին, դրանք նաև դեղորայքային ավելի մեծ կայունություն ունեն։ Ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել։ Կենդանի օրգանիզմները միշտ զարգանում են և ձգտում հարմարվել իրենց միջավայրին: Տիեզերքում, այս դեպքում՝ ՄՏԿ-ում, մարդկությունն ստեղծել է բոլորովին նոր միջավայր՝ հերմետիկ պղպջակ՝ վերամշակված օդով, բարձր ճառագայթմամբ և միկրոգրավիտացիայով: Եվ քանի որ բակտերիաները շատ արագ են բազմանում, նոր միջավայրում դրանց զարգացումը մի փոքր այլ ճանապարհով է ընթանում (թե կոնկրետ ինչպես, հնարավոր չէ կանխատեսել), և, հետևաբար, շատ շուտով դրանք սկսում են տարբերվել Երկրի վրա գտնվող իրենց «բարեկամներից»: Հետազոտողներն ուշադրությունը կենտրոնացրել են Enterobacter bugandensis բակտերիայի վրա, որը հաջողությամբ հարմարվել է ՄՏԿ-ի վրա կյանքին: Կայանից վերցված նմուշներից հետազոտողներն առանձնացրել են այս մանրէի 13 շտամ: E. bugandensis-ը սովորաբար ապրում է մարդու մարսողական տրակտում և կարող է որոշ դեպքերում առաջացնել վարակներ, հատկապես նորածինների մոտ: Պարզվել է, որ ՄՏԿ-ի նմուշներում հայտնաբերված E. bugandensis-ն ավելի դեղակայուն է հակաբիոտիկների նկատմամբ: Բացի դրանից՝ դրանք ավելի մեծ կարողություն ունեն աջակցելու այլ միկրոօրգանիզմների առկայությունը, մասնավորապես գրամ դրական բակտերիաների, ինչպիսիք են Staphylococcus saprophyticus-ը: Թեև ուսումնասիրությունը չի անդրադառնում մուտացված E. bugandensis-ի հնարավոր ազդեցությանը տիեզերագնացների վրա, տիեզերական գործակալությունները պետք է դա հաշվի առնեն ապագայում: Նման բակտերիաների առկայության փաստը մի շարք հարցեր ու հնարավոր խնդիրներ է առաջացնում։ Այսպես, որոշ կառավարություններ և մասնավոր օդատիեզերական ընկերություններ ծրագրում են ստեղծել մի քանի նոր տիեզերակայաններ, որոնք կօգտագործվեն գիտական ​​և առևտրային, ինչպես նաև զբոսաշրջության նպատակներով: Արդյունքում, շատ ավելի շատ մարդիկ կառնչվեն նոր միկրոօրգանիզմների հետ և գուցե ենթարկվեն այնպիսի վարակների ազդեցությանը, որոնք շատ դժվար կլինի բուժել գոյություն ունեցող հակաբիոտիկներով, իսկ նորերի մշակումն էլ ավելի շատ դժվար կլինի: Այսպիսով, եթե հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ունեցող բակտերիաները ժամանակի ընթացքում էլ ավելի տարածված դառնան տիեզերքում, դա կարող է լուրջ վտանգներ ներկայացնել տիեզերագնացների առողջության համար և ավելի դժվարացնել նրանց առողջության պահպանումը տիեզերական ճանապարհորդության ժամանակ: Ավելին, կարելի է միայն ենթադրություն անել Երկրի վրա դեղակայուն նոր բակտերիաների տարածման հետևանքների մասին, որտեղ այսօր արդեն հակաբիոտիկների նկատմամբ կայունության բավականին լուրջ խնդիր կա։

  • ՌԴ-ում մշակվում է 3D տպիչ, որը մինչև 450 x 450 x 550 մմ չափերով մասեր կտպի. ինչո՞վ է այն առանձնահատուկ

    Ռուսաստանում մշակում են ընտրովի լազերային հալեցման տեխնոլոգիայով գործող առաջին արդյունաբերական 3D տպիչը՝ AM450-ը, որը կկարողանա տպել մեծ չափի մետաղական մասեր, որոնք օգտագործվում են մասնագիտացված մեքենաշինության և օդատիեզերական արդյունաբերությունում: Կոնստրուկտորական փաստաթղթերը և ծրագրային ապահովումն ստեղծել է Onsint ընկերությունը, որը տպիչը կհամալրի նաև մասնագիտացված բաղադրիչներով: Այդ բաղադրիչների պատրաստման և զանգվածային արտադրության համար պատասխանատու է TechnoSpark ընկերությունը: Ակնկալվում է, որ առաջին նախատիպի հավաքումը TechnoSpark-ի տարածքում կավարտվի մինչև 2024-ի վերջ, իսկ տպիչը կփորձարկվի հաջորդ տարի։ AM450-ը հնարավորություն կտա տպել մինչև 450 x 450 x 550 մմ չափի մասեր տիտանից, քրոմ-նիկելի, կոբալտ-քրոմի համաձուլվածքներից, ինչպես նաև ալյումինից և չժանգոտվող պողպատից: Տպիչի տարբերակներից մեկը կունենա մեկ լազեր, երկրորդը՝ չորս, համապատասխանաբար 500 և 1000 Վտ հզորությամբ։ Ավելի մեծ տպիչնե՞ր Այսօր հասանելի են տարբեր չափերի 3D տպիչներ, և դրանց տպելու առավելագույն ծավալները կարող են զգալիորեն տարբերվել: Կան տպիչներ, որոնք կարող են իսկապես տպավորիչ չափերի մասեր տպել. Elegoo Neptune 4 Max-ը, օրինակ, ունի 420 x 420 x 480 մմ աշխատանքային ծավալ և կարող է աշխատել այնպիսի նյութերի հետ, ինչպիսիք են PLA-ը, TPU-ն, PETG-ն, ABS-ը, ASA-ն և նեյլոնը: Anycubic Kobra Max-ը 450 x 400 x 400 մմ աշխատանքային ծավալով տպիչ է, ունի այնպիսի նյութերի աջակցություն, ինչպիսիք են PLA-ը, ABS-ը, PETG-ն և TPU-ն: Modix Big-60 V3 Kit-ը տպավորիչ չափեր ունի՝ 600 x 600 x 660 մմ, և նույնպես հարմար է լայնամասշտաբ նախագծերի համար: Raise3D Pro 3 Plus-ն ունի 299,72 x 299,72 x 604,52 մմ աշխատանքային ծավալ (մեկ էքստրուդատոր) կամ 254 x 299,72 x 604,52 մմ (երկակի էքստրուդատոր) և ունի նյութերի լայն տեսականու աջակցություն: Massivit 10000-ը կարող է պարծենալ ապշեցուցիչ` 1420 x 1110 x 1500 մմ չափերով, ինչը մոտ փոքր սենյակի չափ է: Ինչո՞վ է AM450-ն առանձնահատուկ Չնայած կան տպիչներ, որոնք կարող են տպել ավելի մեծ մասեր, քան AM450-ը, վերջինս դեռ որոշակի հետաքրքրություն է ներկայացնում: Փորձենք պարզել, թե ինչու: Նախ՝ սարքը կաշխատի մի շարք նյութերով՝ թեթև ալյումինից մինչև դիմացկուն տիտան, և դա լայն հնարավորություններ է բացում: Յուրաքանչյուր նյութ ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները, ինչը տպիչը հարմար է դարձնում հատուկ կիրառությունների համար՝ մեքենաշինությունից մինչև օդատիեզերական արդյունաբերություն: Մեքենաշինական արդյունաբերությունում նման տպիչը կկարողանա ստեղծել շարժիչների, արտանետման համակարգերի և մի շարք այլ մասերի նախատիպեր և բաղադրիչներ: Ավիատիեզերական արդյունաբերությունում նման տպիչը կարող է ստեղծել ինքնաթիռի շարժիչի մասեր, կառուցվածքի և վայրէջքի մեխանիզմի բաղադրիչներ։ Այն կարող է օգտագործվել նաև էներգետիկայի ոլորտում՝ տուրբինների, գեներատորների և ջերմափոխանակիչների բարդ մասեր տպելու համար, ինչպես նաև բժշկության մեջ՝ անհատական ​​իմպլանտներ, վիրաբուժական գործիքներ և պրոթեզներ ստեղծելու համար։ Իհարկե, և՛ նման տպիչի ստեղծումը, և՛ դրա շահագործումը ներառում է մի շարք դժվարություններ։ Բայց եթե այս նախագիծը հաջողվի, նման տպիչը կարող է մեծացնել Ռուսաստանի արտադրական հնարավորությունները, նվազեցնել կախվածությունը ներմուծումից և խթանել նորարարությունը:

  • Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

    Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը գրեթե երեք տասնամյակ եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունն ու ձեռքբերումը, որն ուղղակիորեն բխում էր Հայաստանի անկախության հռչակագրում ամրագրված և ՀՀ սահմանադրության մեջ իրավական ձևակերպում ստացած դրույթներից։ Այն նպատակ էր հետապնդում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության ավելի քան մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, միևնույն ժամանակ կանխարգելելու նոր ցեղասպանությունները և ամրապնդելու Հայաստանի անվտանգային միջավայրը։ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներիի և հայաթափման տրամաբանական շարունակությունն է այսօր իրականացվող Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների միակողմանի զիջումները, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են մեր համազգային և ամենացավոտ ողբերգության շահարկմանն, ինչը հղի է հայ ժողովրդի և հայկական պետականության համար աննախադեպ սպառնալիքներով և նոր գոյութենական մարտահրավերներով։ Դիվանագետների համահայկական խորհուրդը դատապարտում է Հայոց ցեղասպանության շահարկման և նվաստացման ցանկացած փորձ։ Անհնար է խաղաղություն հաստատել ազգային արժանապատվության և նվիրական զգացմունքների ուրացման գնով։ Վստահ ենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրները հավատարիմ կմնան իրենց սկզբունքային դիրքորոշմանը՝ համամարդկային այս ողբերգության և մարդկության դեմ իրագործված այլ ոճրագործությունների հանդեպ։ Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև, խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունն, ինչի արդյունքում նոր կորուստներն անխուսափելի կլինեն և անդառնալի հետևանքներ կունենան հայ ժողովրդի և հայոց պետականության համար։ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈւՐԴ

  • Հայաստանը բջջային ինտերնետի արագությամբ երկրների վարկանիշում զբաղեցրել է 89-րդ տեղը

    2024 թվականի մարտի դրությամբ Հայաստանը շարժական ինտերնետի արագությամբ աշխարհում 89-րդն է. երկրի դիրքը նախորդ ամսվա համեմատ վատթարացել է 9 կետով։ Ֆիքսված լայնաշերտ կապի արագությամբ երկիրն աշխարհում զբաղեցնում է 96-րդ տեղը և դեկտեմբերի համեմատ բարձրացել է մեկ կետով։ Ըստ Speedtest Global Index հաշվետվության՝ Հայաստանում շարժական ինտերնետից օգտվելիս ներբեռնման միջին արագությունն այսօր կազմում է 29,07 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնմանը՝ 12,68 Մբիթ/վրկ։ Ինչ վերաբերում է ֆիքսված կապին, ապա խոսքը, համապատասխանաբար, 52,76 Մբիթ/վրկ և 50,37 Մբիտ/վ արագությունների մասին է։ Համեմատության համար, համաշխարհային միջինը, ըստ զեկույցի, 52,98 Մբիթ/վրկ է և 11,48 Մբիթ/վրկ բջջային ցանցում ներբեռնումների և վերբեռնումների համար, իսկ ֆիքսված ցանցում՝ 93,28 Մբիթ/վրկ և 45,46 Մբիթ/վրկ։ Այսօր ամենաարագ բջջային ինտերնետը, ըստ Speedtest Global Index-ի, Քաթարում է (ներբեռնման արագությունն այնտեղ 313,30 Մբիթ/վրկ է), որին հաջորդում են ԱՄԷ-ն (286,00 Մբիթ/վրկ) և Քուվեյթը (228,64 Մբիթ/վ): Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ն այս ցուցակում զբաղեցնում է 9-րդ տեղը՝ 129,26 Մբիթ/վրկ ներբեռնման արագությամբ: Չինաստանը զբաղեցնում է 7-րդ տեղը (143,73 Մբիթ/վրկ), Հնդկաստանը՝ 16-րդ (105,85 Մբիթ/վրկ), Ռուսաստանը՝ 111-րդ (24,88 Մբիթ/վրկ): Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա Վրաստանը 69-րդ տեղում է (38,10 Մբիթ/վ), Թուրքիան՝ 72-րդ (37,45 Մբիթ/վրկ), Ադրբեջանը՝ 56-րդ (50,12 Մբիթ/վ): Ինչ վերաբերում է ֆիքսված ինտերնետին, ապա առաջին տեղում Սինգապուրն է (ներբեռնում՝ 284,13 Մբիթ/վրկ), երկրորդում՝ ԱՄԷ-ն (276,02 Մբիթ/վրկ), երրորդում՝ Հոնկոնգը (274,26 Մբիթ/վ): Այս ցուցակում ԱՄՆ-ն արդեն 5-րդ տեղում է (254,01 Մբիթ/վ), Ռուսաստանը՝ 65-րդ (87,28 Մբիթ/վ), Հնդկաստանը՝ 92-րդ (61,84 Մբիթ/վ), Չինաստանը՝ 8-րդ (241,69 Մբիթ/վ): Տարածաշրջանում Հայաստանը, ինչպես պարզվում է, առաջատարն է ֆիքսված ինտերնետի արագությամբ։ Վրաստանը 131-րդ տեղում էր (26,87 Մբիթ/վ), Թուրքիան՝ 110 (43,10 Մբիթ/վ), իսկ Ադրբեջանը՝ 117 (38,32 Մբիթ/վ):

  • «Եթե մարդու սննդային սովորությունները սխալ են, դեղահաբերը և դեղաբույսերը նիհարելու հարցում չեն կարող երկարաժամկետ օգուտ տալ». սննդաբան Արևիկ Պետրոսյան

    Ճիշտ և բալանսավորված սննդակարգը առողջ օրգանիզմ ունենալու առաջնային նախապայմաններից է, որին սակայն ոչ բոլորն են հետևում: Առողջ սննդակարգի, անվնաս քաշի նվազեցման, ինչպես նաև նիհարեցնող միջոցների մասին զրուցեցինք սննդաբան Արևիկ Պետրոսյանի հետ. -Ի՞նչ ենք հասկանում բալանսավորված սննդակարգ ասելով: -Դա սննդի այն միջին քանակությունն է, երբ մարդ սննդից և՛ բավականաչափ ստանում է այն, ինչ պետք է օրգանիզմին, և՛ բավականաչափ հաճույք է ստանում նախընտրելի սննդից, և՛ նաև իրեն չի ծանրաբեռնում ավելորդ սննդով: -Առողջ սննդակարգ ունենալու համար առաջնային ո՞ր ուտելքները և բաղարդիչները պետք է հանել սննդակարգից: -Անկախ նպատակից կարևոր է սննդակարգից հանել շատ հագեցած յուղերը, դրանցից հիմնականում շատ պարունակվում են Fast Food (արագ սնունդ)-երում և ինդրուստրյալ ուտելիքներում: Ուտելիքը պետք է պատրաստված լինի պարզ բաղադրիչներից, որոնք հասկանալի են, պատրաստված են բնական աղբյուրներից՝ առանց պահպանման ժամկետները երկարեցնող սինթետիկ հավելումների, և ոչ կոնսերվացված, այս բոլորի առկայությունը օրգանիզմում նպաստում է, որ նյութափոխանակությունը դանդաղի: Ցանկալի և գերադասելի է տանը պատրաստված ուտելիքը, երբ մարդ ինքն է ընտրում ուտելիքի բաղադրիչները և ձգտում է մաքսիմալ բարձր որակի: - Ինչպե՞ս է ընկալվում «դիետան»: - Նախ պետք է հասկանանք դիետաներ ասելով ինչ ենք հասկանում, այժմ սովորաբար այս բառը օգտագործում են որպես նկարագրություն այն երևույթին, երբ մարդը շատ սուղ է սնվում և դրանից կորուստ է ունենում մարմնի ծավալի երբեմն մկանային զանգվածի հաշվին, ինչը սխալ երևույթ է: Նույն կերպ երբեմն մարդիկ քաշը ավելացնելու համար ավելորդ շատ ծանր ուտելիք են ուտում կամ գիշերն են ուտում: Դիետան բառի դասական նկարագրության մեջ մարդու սննվելու կարգն է և սննդային սովորությունները, այդ պատճառով ընդունված է կիրառել սննդակարգ բառը: -Ինչպե՞ս որշակի շրջանում հասնել քաշի նվազեցման: - Որևէ շրջանում քաշի նվազեցումը այն փուլն է, երբ մարդը չի կարողնում իր սննդային միջին բալանսը պահել, սննդային բալանսը գտնելու համար այդ փուլում օրգանիզմը մեկ ծայրահեղությունից գնում մեկ այլ ծայրահեղության, և շրջանը ընթանում է սննդակարգում որոշակի սահմանափակումներով: Կարճ շրջանում քաշի նվազեցման համար սննդային մի քանի բացառումների համատեղումը բավականին արդյունավետ է: Դրանք են` սպիտակ ալյուրը ռաֆինացված շաքարավազը և դրանցից պատրաստված ամեն ինչ խոզի միսը Ընդամենը այս երեքի բացառումը մեկ շրջանում, օրինակ` մեկ ամսում կարող է շատ մեծ արդյունք տալ: Կարող է տարբերություն տալ և՛ քաշի, և՛ նյութափոխանակության, և՛ մարդու ինքնազգացողության մեջ: - Որքանո՞վ է անհրաժեշտ որևէ սննդակարգի անցնելուց առաջ օրգանիզմի հետազոտությունը: - Ցանկալի է, որ մարդը ոչ միայն անցնի առողջության զննում, նաև կիսվի իր առողջության պատմությամբ, այսինքն` պատմի ինչ բժշկական միջամտություններ և վիրահատություններ է արել, ինչ հիվանդություններ է ունի քրոնիկ և գենետիկ: - Որքանո՞վ է անհրաժեշտ սննդակարգի կազմումը հենց սննդաբանի կողմից: - Սննդակարգի կազմումը սննդաբանի հետ ավելի էֆեկտիվ է այնքանով, որ սննդաբանը ավելի ճիշտ և խորացված պատկերացում ունի, թե տվյալ փուլում, առողջական վիճակում, տարիքում օրգանիզմին ինչ է անհրաժեշտ: Սննդաբանը կարողանում է մարդու համար կառուցել էֆեկտիվ սխեմա, որ և՛ նյութափոխանակությունն է ճիշտ կազմակերպում, և՛ մարդը ստանում է բավականաչափ նյուտրիենտներ: Եթե սննդաբանը ունի նաև մարզչի մասնագիտություն, նա նաև սովորեցնում է ճիշտ սննդակարգը դարձնել կենսակերպ: - Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ սխալ նշանակված սննդակարգը: Որո՞նք են տարածված խնդիրները սննդակարգում: - Ելնելով նշանակված սննդակարգի սխալից՝ այն տարատեսակ խնդիրներ կարող է առաջացնել: Հիմանականում ամենատարծվածն այն է, երբ շատ են իջեցնում կալորիականությունը սննդի և հատկապես ածխաջրերի հաշվին և կենդանական չոր սպիտակուցի քանակը շատ են բարձրացնում: Այն մարդիկ, ովքեր սննդաբանության մասին պատկերացում ունեն «բոդիբիլդինգ»-ից տարածված եղանակներից, օրինակ` հավի կրծքամիս, հնկդաձավար, վարունգ և նմանատիպ սուղ սննդակարգ, քիչ միրգ, քիչ ածխաջուր: Իրականությունը նա է, որ այս բոլոր բաղադրիչները բալանսի մեջ անհրաժեշտ են մարդուն : - Այժմ շատ տարածված են նիհարեցնող միջոցները և դեղահաբերը, ի՞նչ կասեք դրանց մասին: - Նիհարեցնող միջոցների մի մասը աշխատում են որպես ախորժակի լոկատրներ(նվազեցնում են ախորժակը), դրանք վիզուալ և ֆիզիկապես ապահովում են քաշի կորստի էֆեկտը, բայց մեծ հաշվով, եթե մարդու սննդային սովորությունները սխալ են, դեղահաբերը և դեղաբույսերը չեն կարող երկարաժամկետ օգուտ տալ: Անժելա Հակոբյան

  • Արևի ակտիվության պիկը կարող է խաթարել ուղեծրի աշխատանքը

    Արևային փոթորիկները կարող են շեղել արբանյակները Երկրի ցածր ուղեծրում հարյուրավոր կիլոմետրեր իրենց հետագծերից: Խնդիրն վերաբերում  է ոչ միայն փոքր սարքերին, այլ նաև այնպիսի խոշոր օբյեկտներին, ներառյալ ISS-ը և չինական Tiangong տիեզերական կայանը: Այս մասին հայտնում է Space.com պորտալը՝ հղում կատարելով հարցված փորձագետներին։ «500 կիլոմետր բարձրության վրա մենք կարող ենք երկու սանտիմետր ճշգրտությամբ որոշել արբանյակների դիրքը։ Բայց ավելի ցածր բարձրություններում դա մեծ խնդիր է դառնում», - ասում է Ալեքս Սոլթմանը, Կալիֆոռնիայի արբանյակային GeoOptics ընկերության գործադիր տնօրենը: Էֆեկտը պայմանավորված է նրանով, որ արեգակնային բռնկումները մեծացնում են Երկրի վերին մթնոլորտի խտությունը։ Այս տարբերությունները կարող են արբանյակներին հունից դուրս շպրտել, ընդ որում արևային քամու ազդեցությունն ամենաուժեղն է մոտ 400 կիլոմետր և ավելի ցածր բարձրությունների վրա: ISS-ը գտնվում է մոլորակից հենց այս հեռավորության վրա, իսկ Տյանգոնգը՝ ընդամենը 25 կիլոմետր բարձրության վրա։ Արեգակնային ազդեցությունը շատ դժվար է դարձնում ուղեծրային մանևրների կանխատեսումը` տրանսպորտային միջոցների դիմադրության փոփոխվող պրոֆիլի պատճառով: Զորավարժությունների նախապատրաստումը պահանջում է մի քանի օր: Մոտավորապես նույն ժամանակահատվածում Երկիր են հասնում արևային պլազմայի արտանետումները, որոնք սովորաբար տեղի են ունենում անսպասելիորեն: Գիտնականներն ակնկալում են, որ ընթացիկ արեգակնային ցիկլը, որը 25-րդն է գրանցումների սկզբից ի վեր, կհասնի իր գագաթնակետին այս տարվա վերջին: 2014 թվականի վերջին գագաթնակետից հետո ուղեծրում արբանյակների թիվը յոթ անգամ ավելացել է: Հետևաբար, արևային փոթորիկների մոտեցող գագաթնակետին չի կարելի բացառել վերահսկողության կորուստը կամ նույնիսկ շատ սարքերի կորուստը, զգուշացրել են փորձագետները։

  • Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Ռատատույ» ներկայացման պրեմիերան

    Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ըստ Բրեդ Բյորդի սցենարի՝ «Ռատատույ» ներկայացման պրեմիերան, որն արժանացավ կրտսեր ու մեծահասակ հանդիսատեսի հրաշալի ընդունելությանը։ Ներկայացման ռեժիսորը Ժիրայր Գաբրիելյանն է, բեմականացման հեղինակները՝ Արմինե Բոյաջյանը և Նարեկ Մանուչարյանը, բեմանկարչության և զգեստների հեղինակը՝ Լիլիթ Մխիթարյանը, երաժշտական ձևավորումների և տեխնիկական հնարքների պատասխանատուն՝ Հրանտ Վարդումյանը, լույսի նկարիչներն են Դավիթ Գալստյանն ու Աշոտ Գևորգյանը, դեկորատոր և բուտաֆորիստ՝ Տիգրան Աբգարյանն ու Անահիտ Գևորգյանը։ Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները, աշակերտներ և ուսանողներ հանրակրթական դպրոցներից և կրթական այլ հաստատություններից։ Ներկայացումը պատմում է երիտասարդ առնետ Ռեմիի մասին․ նա ֆրանսիական խոհանոցի մեծ սիրահար է, իր երազանքներին հասնելու համար անցնում է բազմաթիվ ու բազմապիսի փորձությունների միջով, մինչև որ կարողանում է դառնալ հայտնի խոհարար: Ստացվել է գունեղ ու հետաքրքիր ներկայացում, որը վստահաբար երկար է մնալու Վանաձորի թատրոնի խաղացանկում և հիացնելու է թե՛ կրտսեր, թե՛ մեծահասակ հանդիսատեսին։ Բեմադրության մեջ հետաքրքիր է ներկայացված գաղափարը, թե մարդիկ էլ, առնետներն էլ տարբեր են լինում: Տարբեր են լինում նաև երազանքին հասնելու ճանապարհները: Արտահայտված կարծիքների մեջ ամենահետաքրքիրը թերևս այն էր, որ ներկայացումը սիրել տվեց առնետներին և մտածել տվեց մարդ-առնետների մասին։

  • «Նորարարական կրություն և բիզնեսի հիմնում» անվճար կրթական ծրագիրը՝ միայնակ մայրերի և ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց համար

    Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը «Կանանց տնտեսական զորեղացման աքսելերատոր» նախաձեռնության շրջանակում Շիրակում, Լոռիում, Արմավիրում և Երևանում մեկնարկում է «Նորարարական կրություն և բիզնեսի հիմնում» անվճար կրթական ծրագիրը՝ միայնակ մայրերի և ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց համար։ «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» ծրագրի նպատակը կանանց շրջանում զբաղվածության խթանումն է բիզնես և տեխնոլոգիական դասընթացների ու դրամաշնորհների միջոցով։ «Ծրագիրն ունի 3 հիմնական բաղադրիչ. արցախցի կանանց և միայնակ մայրերին զինել տեխնոլոգիական և բիզնեսի կառավարման հմտություններով, աջակցել վերջիններիս, որպեսզի իրենց բիզնես գաղափարը կյանքի կոչեն և, իհարկե, տրամադրել դրամաշնորհ, որի միջոցով կանայք կկարողանան ստեղծել և զարգացնել սեփական ծրագրերը»,- նշեց Գյումրիի Տեղեկատավական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը: Ծրագրին մասնակցելու միակ և կարևոր նախապայմանը բիզնես գաղափարի առկայությունն է, որը իրագործելու համար մասնակից կանայք ստանալու են համապատասխան գիտելիքներ տարբեր ոլորտներից, այդ թվում՝ հաշվապահություն, գրաֆիկ դիզայն, մարքեթինգ, առցանց վաճառքների իրականացում և այլն: Գաղափարի իրագործման փուլում GITC-ն աջակցելու է նաև բիզնեսը գրանցելու հոետ կապված իրավաբանական հարցերում։ «Ունենք 300-ից ավել դիմորդ: Մասնակիցները պարտադիր պետք է լինեն կամ միայնակ մայրեր կամ Արցախից բռնի տեղահանվածներ, իսկ հարցազրույցի ժամանակ կստուգենք նրանց մոտիվացիան, կաջակցենք և առաջին փուլից հետո միջոցներ կներգրավենք, որ ավելի մեծ թվով կանանց ներգրավենք,- ներկայացրեց Եղոյանը: Ծրագրի տևողությունը յուրաքանչյուր մասնակցի համար անհատական է, այն տևելու է առավելագույնը 3 ամիս՝ կախված բիզնես գաղափարից և դրա  իրագործման բարդությունից։

  • Ozon-ն ընդլայնում է լոգիստիկ ծառայությունները և արագացնում ապրանքների առաքումը Հայաստանից

    Ապրիլի 3-ին Երևանում կայացած առաջին COM.E ON FORUM-ին Ozon մարքեթփլեյսը հայտարարեց Հայաստանում լոգիստիկ գործընթացներն ընդլայնելու և առաքումներն արագացնելու մասին։ Ընկերության ներկայացուցիչները տեղեկացնում են, որ մոտ ապագայում Ozon-ը 1,5 անգամ կընդլայնի Երևանում գործող պահեստային համալիրը և կմեկնարկի առցանց պատվերների մշակման ամբողջական շղթան։ Դրա շնորհիվ վաճառողները կկարողանան իրենց ապրանքները բերել մարքեթփլեյսի պահեստ, որտեղ դրանք կփաթեթավորվեն, կպահվեն, ապա կառաքվեն ինչպես Ռուսաստան, այնպես էլ՝ Հայաստանի ամբողջ տարածքով։ Երկրորդ եռամսյակի ավարտին Ozon-ը կգործարկի Երևանի պահեստից հայկական ապրանքները դեպի ռուսական պահեստներ ուղարկելու հնարավորությունը։ Այսպիսով, վաճառողները կկարողանան հնարավորինս մոտ պահել ապրանքները ռուս սպառողին և կկրճատեն առաքման ժամկետը: Արդեն մայիսին վաճառողները կկարողանան փոխանցել ապրանքները գնորդներին Հայաստանի տարածքում գտնվող 192 առաքման կետերից որևէ մեկի միջոցով։ Այս կերպ ձեռնարկատերերը նվազագույնի են հասցնում ապրանքների առաքման ծախսերն ու ժամկետները: Ընկերությունը նախատեսում է նաև մինչև 2024 թվականի վերջն ավելի քան 2․5 անգամ ավելացնել առաքման կետերի գործընկերային ցանցը։ «Վերջին մեկ տարվա ընթացքում Ozon-ում գրանցվել է ավելի քան 2.5 հազար տեղական վաճառող։ Հարթակում նրանց ստացած պատվերների թիվն ամեն ամիս կրկնապատկվում է, իսկ շրջանառությունը եռապատկվում է ամսական կտրվածքով: Հետևաբար, մենք հետագայում ևս նախատեսում ենք ակտիվորեն բարելավել լոգիստիկան, կրճատել ձեռնարկատերերի ապրանքների առաքման ժամկետները և օգնել նրանց մեծացնել եկամուտը մարքեթփլեյսի միջոցով», - ասաց Հայաստանում Ozon-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը: COM.E ON FORUM-ը համախմբեց ավելի քան 400 ձեռներեցի և ընկերության գործընկերների: Միջոցառման ընթացքում փորձագետները խոսեցին Հայաստանում էլեկտրոնային առևտրի շուկայի զարգացման մասին։ Ozon-ի ղեկավարները և փորձառու վաճառողները կիսվեցին գործնական խորհուրդներով, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ բիզնես սկսել Ozon-ում և արագորեն ավելացնել շրջանառությունը: ԱՊՀ երկրներում OZON-ն իր գործունեությունը սկսել է 2021 թվականից։ Հայկական շուկա մուտք է գործել 2023 թվականի հուլիսին՝ Երևանում բացելով 2000 քմ տարածք զբաղեցնող իր տեսակավորման կենտրոնը։ OZON մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են 350 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքեր, հագուստ, սնունդ, առողջության համար նախատեսված ապրանքներ և այլն։ Շնորհիվ զարգացած բեռնափոխադրման համակարգի, ավելի քան 46 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 450,000 գործարար կարողանում է վաճառել ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

  • Որակական առումով հետընթաց ենք ունենալու. կրթության փորձագետ

    «Փաստ» օրաթերթը գրում է. Դեռ չկառուցված՝ «Ակադեմիական քաղաքը» շարունակում է իր շուրջ աղմուկ բարձրացնել: Օրերս հայտնի դարձան այն ուղղությունները, որոնցում «հավաքվելու» են կրթական ու գիտական հաստատությունները: Արդյոք սա առաջ չի՞ բերի խառնաշփոթ, չի՞ հանգեցնի մի իրավիճակի, երբ Հայաստանի կրթական համակարգն «անհասկանալի» կդառնա նաև միջազգային գործընկերների համար: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն անդրադառնում է նախ հնչող այն տեսակետներին, թե այս ամբողջ գործընթացն իրականացնելիս հաշվի է առնվել միջազգային փորձը: «Միջազգային ասպարեզում չկա դրական փորձ, երբ որևէ երկրում պետական կամ ոչ պետական բուհեր փակվել կամ միավորվել են մեկ բուհի շրջանակում: Եղել են նման դեպքեր, բայց բնական ճանապարհով, ասենք, երկու բուհ միավորվել է: Պարտադրական, վարչական-հրամայական մեթոդներով բուհերին ստիպել, որ նրանք միավորվեն, նման փորձ չկա: Սա՝ միջազգային պրակտիկայի մասին: Հաջորդիվ՝ կա «Ակադեմիական քաղաքի» կամ նման հնարավորություններով կառույցի փորձ տարբեր երկրներում: Հիմնականում դա կիրառելի պրակտիկա է եղել այն պարագայում, երբ բուհերը գտնվել են մայրաքաղաքի ներսում, բայց ուսանողների թիվը ժամանակի ընթացքում ավելացել է, հնարավորությունները թույլ չեն տվել այդտեղ կազմակերպել դասերը, այն է՝ կրթական պրոցեսը, և քաղաքից դուրս ավելացել են նոր մասնաշենքեր: Դրանք եղել են նոր հանգույցներ, հնարավորություն է ստեղծվել տարբեր բուհերի, գիտական կազմակերպությունների համար համատեղ օգտագործել նման տարածքները, գործիքները, սարքերը և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը: Ընդգծում է՝ ներկայում Հայաստանում էապես կրճատվում է ուսանողների թիվը: «Տարածքները բաց են մնում, ցանկանում են այդ տարածքները վերցնել և օգտագործել այլ նպատակների համար: Սա անում են՝ բուհերը միավորելով և տեղափոխելով. ինչպես ասում են, առիթը բաց չեն թողնում: Բայց չկա միջազգային փորձ, երբ նույնն արվել է արտերկրում: Բացի դա, ամենակարևորը՝ չկա որևէ գնահատական, չի արվել որևէ հետազոտություն, թե այս գործընթացի արդյունքում ի՞նչ ենք ունենալու, ո՞րն է սրա նպատակը: Եթե նպատակը կրթության որակի բարձրացումն է, ապա սա բնավ դրան չի նպաստի, եթե նպատակը «բարեփոխումները» շարունակելը և բարձրագույն կրթության և գիտության համակարգը քանդելն է, ապա սա լավագույն տարբերակն է, և կարելի է այսպես առաջ շարժվել»,-նշում է մեր զրուցակիցը: Փորձագետն ասում է՝ որակական առումով հետընթաց ենք ունենալու: «Նույնիսկ այն խոսակցությունները, որ սկսվել էին սրանից մեկ-երկու տարի առաջ, արդեն մեզ հետ են գցել: Մարդիկ սպասողական վիճակում են, սա վերաբերում է բոլոր բուհերին: Մտածում են, որ, միևնույնն է, հիմա դրանք փակվելու են, մարդկանց մի մասն աշխատանքը կորցնելու է, մի մասը չի տեղափոխվելու այդ նոր տեղը: Այս ամբողջը հոգեբանական մեծ ազդեցություն է ունենում ինչպես պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողների և նրանց ծնողների վրա: Դա արդեն իր հետևանքները թողել է: Վերջին շրջանում պետական բուհերի ընդունելության արդյունքները ցույց են տալիս, որ շատ քչերն են դիմում այնտեղ սովորելու համար: Շատերը դիմում են միջազգային համաձայնագրերի շրջանակներում գործող բուհեր, որոնց պետությունն առայժմ չի կարող ձեռք տալ, խոսքը շենքերի կամ բուհերի տեղափոխման մասին է: Օրինակ՝ Ամերիկյան կամ Ֆրանսիական համալսարաններում ընդունելությունն ավելի լավացել է, քան պետական բուհերում: Դա խոսում է իմ նշած վատ ազդեցության մասին»,-հավելում է նա: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս է միջազգային գործընկերների կողմից ընկալվելու այս «բարեփոխումների» գործընթացը, փորձագետն ասում է. «Շատ մեծ գիտական կազմակերպություններ, բուհեր ունեն հրաշալի գործընկերներ, որոնց հետ համագործակցում են, ուսանողների և դասախոսների փոխանակության ծրագրեր և գիտական համատեղ հետազոտություններ են իրականացնում: Ստացվելու է, որ նրանք զրկվելու են հետագա համագործակցությունից, որովհետև այստեղ ոչ միայն բուհերի և գիտական կազմակերպությունների իրավական կարգավիճակն է փոխվելու, այլ նրանք կորցնելու են իրենց ողջ պատմությունը: Չես կարող ասել, օրինակ՝ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից եմ, պետք է ասես՝ ինչ-որ համալսարանից եմ, որը լրիվ նոր է լինելու քո գործընկերոջ համար, և դա խզելու է արդեն իսկ ձևավորված կապերը: Սա չի կարող բացասական հետևանքներ չունենալ գիտության և բարձրագույն կրթության հետագա զարգացման առումով»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը: ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

bottom of page