top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Խաղողօրհնեքը «Մայրություն» հուշարձանի մոտ



«Մայրություն» հուշարձանը Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն գյուղում տեղադրվեց 2016 թվականին, իսկ պաշտոնական բացումը տեղի ունեցավ օգոստոսին՝ սբ. Աստվածածնի վերափոխման տոնի օրը։ Ջրաշենցի Ատոմ Մխիթարյանի նախաձեռնությամբ իր մոր՝ Հրածին Հովհաննիսյանի հիշատակին կանգնեցված այս հուշարձանը բնորոշում է բոլոր մայրերի անաղարտ կերպարը, այն հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Շուրջ երկու մետր բարձրությամբ, տրավերտինից ու բազալտից քանդակված հուշարձանի հեղինակը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ, քանդակագործ Էմին Պետրոսյանն է:


2021 թվականի օգոստոսի 15-ին «Մայրություն» հուշարձանի մոտ արդեն վեցերորդ անգամ տեղի ունեցավ ավանդական դարձած Խաղողօրհնեքի արարողությունը։ Նախ, Սպիտակի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանն օրհնեց տարվա բերքն ու բարիքը, ապա խաղողի օրհնված ողկույզները բաժանվեցին ժողովրդին: Այնուհետև ջրաշենցիներին, միջոցառման մասնակիցներին ու հյուրերին իրենց կատարումներով ողջունեցին «Փարոս» /գեղարվեստական ղեկավար՝ Սվետա Վարդանյան/ և «Տարոնցիք» /գեղարվեստական ղեկավար՝ Անահիտ Մելոյան/ համույթները, ինչպես նաև ջրաշենցի տաղանդավոր պատանիներ և երիտասարդներ։

-Ավանդական այս միջոցառումը մեր երեխաների համար լավ առիթ է ներկայանալու, ցուցադրելու սովորածն ու ոգևորվելու առաջիկա մրցույթներին ու փառատոններին պատշաճ մասնակցություն ցուցաբերեկու համար, - ասում է «Տարոնցիք» համույթի պարուսույց Վարդիթեր Մելոյանը:

-Խաղողօրհնեքի տոնակատարությունը «Մայրություն» հուշարձանի մոտ մեծ դաստիարակիչ նշանակություն ունի մատաղ սերնդի համար։ Նրանք առնչվում են հայ ազգային ավանդույթներին ու արժեքներին, - ընդգծում է Ջրաշենի դպրոցի ուսուցչուհի, «Սպիտակ» երիտասարդական ակումբի ղեկավար Տաթևիկ Բադիկյանը:

Վարդան Մամիկոնյանի ժառանգների գյուղում՝ Ջրաշենում (նախկինում՝ Վարդանավան, Վարդնավ) ավանդույթ դարձած այս միջոցառումը լավ առիթ է նաև համայնքի բնակիչներին հուզող խնդիրների բարձրաձայնման, նոր նախաձեռնությունների դրսևորման համար. այն դարձել է հանրային քննարկումների հարթակ, որը շատ ուրախալի է, քանզի գյուղ այցելելու առիթը բաց չեն թողնում այլ բնակավայրերում ապրող բազմաթիվ ջրաշենցիներ:


Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցին Աստվածածնի Վերափոխման տոնը նշում է օգոստոսի 15-ին մոտ կիրակի օրը: Այն հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Այս օրն առավելապես ընդգծվում է որդիական սիրո ու մայրական զուսպ սպասման ու հավատի հանգամանքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը:





0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page