top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀՀԿ-Ի ԺԱՄԱՆԱԿԸ



Անդրադարձ Ա. Հակոբյանի «Ուրիշի ժամանակը» հոդվածին

05.10.2018թ. «Հրապարակ» թերթում տպագրված Անդրանիկ Հակոբյանի «Ուրիշի ժամանակը» հոդվածում հեղինակը, նախորդ քսան տարիները բնութագրելով որպես իշխանությունը գողանալու, մարդկանց ընտրական իրավունքը ոտնահարելու ժամանակ, եզրակացնում է, որ եկել է ուրիշի ժամանակը, ու ՀՀԿ-ն չպետք է մտնի այդ ժամանակի մեջ: Բանավեճի մեջ չմտնելով հիշյալ մոտեցման շուրջ՝ նշեմ միայն, որ, լինելով ՀՀԿ անդամ, բնականաբար, ինձ չի կարող չհուզել այդ ձեւակերպումից ածանցվող մի հարց. արդյոք Հանրապետականն այսուհետ ունի՞ անելիք երկրի քաղաքական կյանքում:

Քաղաքական դաշտի ՀՀԿ-ական տիրույթում առաջացել է յուրահատուկ վակուում: Տասնյակ հազարավոր անդամներ ունեցող կուսակցությունն ասես գոյություն չունի, եթե չհաշվենք խորհրդարանում ՀՀԿ-ական խմբակցության՝ այսբերգի երեւացող մասի հայտարարություններն ու քայլերը, որոնք հարց է դեռ, թե որքանով են համահունչ կուսակցության անդամների մեծամասնության տրամադրություններին:

Շարքային անդամները հիասթափված են, խաբված ու վրդովված: Շատերը կուսակցությունից դուրս գալու դիմում են գրել: Հեռանում են նաեւ նրանք, ովքեր բարեխղճորեն կատարել են իրենց պարտքը կուսակցության ու երկրի առջեւ: Բացակայում է շարքերի հետ երկխոսությունը: Ակնհայտ է կուսակցության քաղաքականությունը որոշող փոքրամասնության եւ այդ որոշումների կայացման վրա ազդեցություն չունեցող մեծամասնության շահերի տարբերությունը:

Գործողությունների այն շղթան, որն իրականացվեց ՀՀԿ ղեկավարության կողմից վերջին 5-6 ամիսներին, կարելի է բնորոշել դավադրություն հենց իր՝ ՀՀԿ-ի դեմ կամ պարզապես՝ անգործություն:

Պետությունները՝ պատերազմներում, կուսակցությունները՝ քաղաքական կյանքում, երբ հասկանում են, որ պարտությունն անխուսափելի է, սովորաբար փորձում են իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով: Բայց անվերջ կրկնել քայլեր, որոնք, միեւնույն է, վերջանալու են պարտությամբ, վկայում են կա՛մ միտումի, կա՛մ քաղաքական անհեռատեսության մասին:

Սերժ Սարգսյանի վարչապետության գաղափարը Հանրապետականի նկատմամբ ծնեց համաժողովրդական հիասթափություն, մայիսի 1-8-ը իշխանության հանձնման ձգձգումը՝ համաժողովրդական ատելություն, իսկ հոկտեմբերի 2-ի օրինագիծը՝ համաժողովրդական սրտխառնուք: Ո՞րն է հաջորդ քայլը…:

Միայն կույր պետք է լինել՝ չնկատելու համար, թե ինչպես հաշված ամիսների ընթացքում հողին հավասարեցվեցին ՀՀԿ-ի՝ թող որ փոքր, բայց առկա ազդեցությունն ու հեղինակությունը:

Ուրիշ էլ ինչպե՞ս բնորոշել այն ամենը, որի արդյունքում իշխանակիր կուսակցությունն այս աստիճան վարկաբեկվեց, եւ այսօր արդեն խոսք կարող է գնալ միայն ապագա քաղաքական դաշտում ընդամենը ՀՀԿ-ի ինչ-որ փոքրիկ, համեստ ներկայացվածություն ակնկալելու մասին: Բայց դա էլ կասկածի տակ կարող է լինել, եթե կուսակցությունը չգնա բարեփոխմանն ուղղված արմատական քայլերի:

Միանգամայն տրամաբանական կլիներ անել այնպիսի քայլեր, ինչպիսիք ժողովրդավարական երկրներում անում են ժողովրդավարական կուսակցությունները:

Ընթացող գործընթացների առնչությամբ ՀՀԿ ղեկավար մարմինն առնվազն պետք է դիմեր կուսակցության անդամներին՝ շարքերից առայժմ չհեռանալու հորդորով, մինչեւ արտահերթ համագումարի կամ խորհրդի նիստի հրավիրումը, որում կներկայացվեր իրավիճակի վերաբերյալ հաշվետվություն, վերլուծաբար կդատապարտվեին անցյալի բոլոր սխալներն ու արատները, կնշվեին հեռանկարի ուղիները:

Դա պետք է լիներ անկեղծության ու զղջումի համագումար: Մեկ անգամ, հիմնավորապես պետք է խոսեինք ու դուրս նետեինք սեփական աչքի գերանը, ուժ գտնեինք մեր մեջ՝ ներողություն խնդրելու կուսակցության շարքային անդամներից ու ժողովրդից՝ երկրում ձեւավորած բացասական բարքերի համար: Առանց ներողամտություն հայցելու, մեր կողմից հնչեցված ոչ մի միտք ու գաղափար, որքան էլ դրանք լինեն օգտակար, հավատ չեն ներշնչի հանրությանը, ինչին որ ականատես ենք այսօր: Թեեւ, իսկապես էլ, ասելու եւ մտահոգվելու բաներ կան: Միայն սխալներից դասեր քաղած, ժողովրդից ներում հայցած եւ առողջ ուժերը համախմբած քաղաքական ուժը կարող է կառուցողական դերակատարություն ունենալ երկրի կյանքում:

ՀՀԿ ղեկավարը, ուշացնելով կուսակցության առողջացմանն ուղղված տրամաբանական քայլերը, կորցնում է առաջնորդի իր հատկանիշները եւ ստիպված նավը մոտեցնում ծովափին: Իսկ հայտնի բան է, որ նավերը ծովախորշում երկար մնալուց ենթարկվում են կոռոզիայի: Այդպես վերջանում է Հանրապետականի ժամանակը: Հնարավոր է, որ մեզ՝ հանրապետականներիս, սպասվ ում է փորձության տեւական մի ժամանակաշրջան:

Գուցե մեր միակ հնարավորությունը վերադա՞րձն է նավասարդյանական ակունքներին՝ ամեն ինչ նորից սկսելու հավատով: Համենայնդեպս, հնարավոր է, որ մեզնից պահանջվեն յուրահատուկ քավարանով անցման տարիներ: Ի՛նչ արած, այդպիսին է բոլոր նրանց ճակատագիրը, ովքեր անխոհեմաբար կորցնում են իրենց տրված վստահությունն ու շանսը: Գուցե մեր օրինակով ուրիշներին զգոնացնե՞լն է լինելու մեր առքելություններից մեկը: Այո, չի կարելի չհամաձայնել հոդվածագրի հետ, որ եկել է ուրիշի ժամանակը:

Եվ, ինչ խոսք, պետք է հեռանալ ժամանակին ու գեղեցիկ: Ովքեր դա չեն կարողանում անել, պատմությունը նրանց հեռացնում է անժամանակ եւ կոպիտ: Բայց չպետք է մոռանալ նաեւ, որ ժամանակը չի ընդհատվում: Անցյալն ինչ-որ չափով դրսեւորվում է ներկայի մեջ, իսկ ներկան՝ անխուսափելիորեն ապագայի մեջ: Որեւէ մեկի ժամանակը տարիների մեխանիկական գումար չէ: Այն պայմանավորված է նրա գոյատեւման իրական հիմքերով: ՀՀԿ-ում կան շատ ու շատ օրինապաշտ ու փորձառու մարդիկ: Իսկ փորձը բոլոր ժամանակներում ունի պահանջարկ: Թեեւ ճշմարիտ է եւ այն, որ լռության մատնված փորձը հավասարազոր է անգոյության: Իսկ ո՜վ գիտե, գուցե հենց Հանրապետականի փորձառուների՝ տվյալ դեպքում բոլորովին էլ ոսկի չհանդիսացող երկարամյա լռությո՞ւնն է այդպես հախուռն մոտեցրել ուրիշի ժամանակը:

Հեղինակ՝ Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page