top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հարուստ կենսագրությամբ Վազրիկ Բազիլն ապագա PR մասնագետներին ծանոթացրեց ճառագրության գաղտնիքներին




«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը հերթական անակնկալը մատուցեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին: Հրապարակախոս, հայտնի ճառագիր, հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ, Գերմանիայի Սաքսոնիա նահանգի Ներքին գործերի Ռազմավարական PR–ի պատասխանատու, փիլիսոփայության դոկտոր Վազրիկ Բազիլը, ով երկար տարիներ աշխատել է Գերմանիայի Բունդեսթագում, բազմաթիվ ճանաչված քաղաքական գործիչների համար գրել է թիրախավորված ճառեր և խորհրդատվություն է մատուցել Եվրոպայի խոշորագույն ընկերություններին, կորպորացիաներին ժամանել էր Հայաստան: Բացառիկ կենսագրություն ունեցող փորձագետի բաց դասախոսությունը նախատեսված էր Հայաստանի PR դպրոցի և «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ուսանողների, արդեն իսկ փորձառու մասնագետների և դասախոսների համար:


Դասախոսության թեման ճառագրությունն էր, իսկ նպատակը մեկը` կիսվել հարուստ փորձառությամբ, սովորեցնել բոլոր հայտնի և սքողված գործիքակազմերը, որոնք կոչված են հասուն և ազդեցիկ ճառի ստեղծմանը: «Լավ ճառը պերճախոսությունը չէ, կարող է`անգրագետ խոսվի, բայց եթե համոզում է` ճառը լավն է, կարևորը նպատակին հասնելն է, մեզ պետք է գոհացնի վերջնարդյունքը»,- այսպես իր խոսքը սկսեց հայտնի ճառագիրը: Նախքան դասախոսությունը փորձագետը ծանոթացավ լսարանի պատկերացումներին`ի՞ նչ է ճառագրությունն առհասարակ, ինչի՞ն է միտված, արդյո՞ք Հայաստանում կայացած է ճառագրի ինստիտուտը, թե ոչ: Ըստ պարոն Բազիլի, ինչպես հաղորդակցման ցանկացած տեսակ, այնպես էլ ճառագրությունը հետապնդում է 5 նպատակ: Նախ պետք է բավարարել լսարանի տեղեկատվական ծարավը` նրանց հաղորդելով մաքսիմալ գիտելիք առաջադրված թեմայի վերաբերյալ, այնուհետև ճիշտ թիրախավորված գիտելիքը պետք է օգնի լսարանին փոփոխել իր արդեն իսկ ձևավորված կամ էլ դեռևս առկախ կարծիքը: Կարծիքի հետ համակշիռ կարևոր է հասարակության դիրքորոշումը և վերաբերմունքը, որոնց փոփոխելիությունն էլ ի վերջո հանգեցնում է մշակույթի փոփոխությանը, ինչն էլ հենց համարվում է հաղորդակցության հեռահար նպատակը:​5 կարևոր նպատակները բացատրելուց հետո մասնագետը սահուն անցում կատարեց դեպի ճառագրության ոլորտ և մանրամասն ներկայացրեց`ինչ է պետք անել լավ ճառ ստանալու համար. «Առաջին քայլը, որ պետք է անել ճառը գրելուց առաջ, թեմայի ուսումնասիրությունն է: Դու պետք է կարդաս գրականություն, օգտվես կենդանի աղբյուրներից, մանրամասն ծանոթանաս նյութին, բայց այդ ամենից առաջ կա կարևոր մեկ քայլ՝ դա մենախոսությունն է, պետք է օրվա ընթացքում մեծ մասը հատկացնել այդ մասին մտածելուն, հենց մենախոսության ժամանակ են ծնվում հանճարեղ մտքերը: Դրանից հետո նոր կարևորվում է տեղեկատվության հավաքման գործընթացը: Սակայն դա էլ դեռ բավարար չէ լավ ճառի համար: Անհրաժեշտ է մեր հաճախ խառնիխուռն մտքերը դասավորել, որն է համարվում է ճառի գրման երկրորդ փուլը»:

Ըստ Վազրիկ Բազիլի, այս երկու փուլերին պետք է հաջորդեն «բանաձևման», «հիշողության» և «արտաբերման» փուլերը: Հենց այս բոլորի գեղեցիկ համադրումն է, որ կհանգեցնի կայացած և հասուն ճառ գրելուն, արտաբերելուն: Պարոն Բազիլը նաև կիսվեց սեփական փորձառությամբ`խոստովանելով, որ իրականում այնքան էլ հեշտ չէ ճառը մտապահելը, բայց կան որոշակի մեթոդներ, որոնց կիրառությունը կօգնի առավել հեշտացնել գործընթացը: «Հնում կար տարածված մի մեթոդ, որը այժմ էլ ես խորհուրդ կտամ կիրառել: Որպեսզի հեշտ հիշեք մտքերը, դրանք պետք է ասոցացնել որոշակի սիմվոլների հետ: Օրինակ, դուք կարող է սենյակում գտնվող սեղանը կապել ձեր խոսքի սկզբնամասի հետ: Առավել արդյունավետ կլինի, եթե այդ պահին հիշեք ձեր սիրելի ֆիլմի ամենից տպավորիչ տեսարանը և դարձյալ կիրառեք այդ սիմվոլիկան»:


Վազրիկ Բազիլը հորդորեց նաև հասկանալ ճառի արժեքը և կարողանալ այն անվանել, քանի որ հայտնի խոսք կա`ով կարող է անվանել, նա մեծ ուժ ունի: Չնայած խոսքի կարևորությանը մասնագետը հորդորեց նաև ճիշտ ժամանկին լռել, քանզի եթե կա լավ խոսելու արվեստը, կա նաև լռելու արվեստը, որը հաճախ ավելի բարդ է և վճռորոշ: Բազրիկ Բազիլը անդրադարձավ նաև խոսքի արտաբերման փուլին`դրա մեջ կարևորելով ամեն մի դետալ: «Միշտ վիճելի է եղել այն հարցը, թե տեղեկատվություն մատուցելիս ի՞ նչն է ավելի շատ ազդում մարդու վրա` ձայնը, խոսքը, կամ գուցե ժեստերը: Կան բազմաթիվ հետաքննություններ, փորձեր, որոնց նպատակը եղել է ի վերջո պարզաբանել այս հարցը: Ես կներկայացնեմ մեր կողմից Գերմանիայում անցկացրած փորձաքննության արդյունքները: Ըստ դրա, լսարանը ավելի շատ տեղեկատվություն վերցնում է հռետորի շարժուձևից` 56%, ապա ձայնից` 23%, իսկ 21%-ն էլ բուն խոսքից: Չնայած սրան, պետք է հասկանանք, որ առանց բովանդակության խոսքը պիտանի չէ, այսինքն` սրանք պետք է համակշռեն և համադրվեն, կարևոր է բառերի ընտրությունը, քանի որ դրանցից յուրաքանչյուրը ունի հաղորդագրություն, բայց չմոռանանք նաև դրա արտասանության ձևն ու եղանակը»:

Վազրիկ Բազիլը ողջ դասն անցկացրեց հարց ու պատասխանի ձևով`դրանով ավելի հստակ, հասանելի դարձնելով ասելիքը և լսարանին ներգրավվելով ընթացքի մեջ: Հանդիպումը կայացած էր, ուսանողները` գոհ, իսկ սպասելիքները մեծ, որ Վազրիկ Բազիլը մյուս տարի էլ կայցելի Մայր բուհ և կկիսվի հարուստ փորձառությամբ: Նա էլ իր հերթին ջերմությամբ ընդունեց հրավերը`խոստովանելով, որ ամեն անգամ Մայր բուհ գալով տեսնում է, որ հիմնական ներդրումները նյութականից բացի մարդկանց ուղեղում են, ինչը շատ ուրախալի և ողջունելի է:


practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page