top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՔՈԱՖ շրջանավարտների ստարտափ գաղափարների ընտրություն և իրագործում


Հոկտեմբերի 16-ին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) երևանյան գրասենյակում տեղի կունենա ՔՈԱՖ շրջանավարտների համար նախատեսված Ինկուբացիոն ծրագրի (COAF Alumni Incubation Program) դեմո օրը, որի ժամանակ շրջանավարտների կողմից կներկայացվեն տուրիզմի, ագրոտեխնոլոգիայի և կանաչ տեխնոլոգիաների ոլորտներին առնչվող 5 ստարտափ գաղափարներ։ Ժյուրիի կողմից ընտրված 3 գաղափարների իրականացումը կֆինանսավորվի Imagine Hub-ի կողմից։ Միջոցառմանը ներկա կլինեն նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

ՔՈԱՖ շրջանավարտների համար նախատեսված Ինկուբացիոն ծրագիրն իրականացվում է StartDoon բիզնես աքսելերատորի և Imagine Hub-ի հետ համատեղ։ Նպատակն է զարկ տալ Հայաստանում գյուղական համայնքների զարգացմանը՝ ապակենտրոնացնելով հայաստանյան ստարտափ էկոհամակարգը՝ բիզնես նախաձեռնությունների հնարավորություններ ստեղծելով գյուղական համայնքներում։ Վեցշաբաթյա ծրագրին մասնակցել են ՔՈԱՖ-ի շուրջ 40 շրջանավարտներ, որոնք վեր են հանել գյուղական համայնքներում առկա խնդիրներ ու, ի դեմս իրենց ստարտափ գաղափարների, առաջարկում են նորարարական լուծումներ։ Վեց շաբաթների ընթացքում Ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն անցել են ձեռներեցության, գաղափարների գեներացման, թիմերի ձևավորման, բիզնես հայեցակարգերի մշակման և դրանց ներկայացման հմտությունները զարգացնող դասընթացներ, աշխատել են ոլորտի հայաստանյան ու ֆրանսիացի փորձագետների հետ, ստացել պոտենցիալ ներդրողների հետ շփման ու կապերի հաստատման հնարավորություններ, ինչպես նաև ձևավորել են թիմեր ստարտափ գաղափարների շուրջ։

Մրցանակային ֆոնդը կազմում է 10,500 ԱՄՆ դոլար։ Առաջին տեղը գրավող ստարտափ գաղափարի իրականացմանը կհատկացվի 5,000 ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնողներին՝ համապատասխանաբար 3,000 և 2,500 ԱՄՆ դոլար։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page