Ներկայացվեց «Գիտության կազմակերպում և կառավարում» ուսումնական ձեռնարկը
Updated: Jan 25

Հունվարի 24-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ քննարկում նվիրված Կրթության միջազգային օրվան։ Այդ կապակցությամբ ներկայացվեց Արմեն Ճուղուրյանի և Ատոմ Մխիթարյանի «Գիտության կազմակերպում և կառավարում» ուսումնական ձեռնարկը։ Այն հրատարակության է երաշխավորվել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից։


«Մենք ստեղծում ենք որակյալ գիտություն, բայց պետք է սովորենք ներկայացնել դրա արդյունքները ոչ միայն ազգային մակարդակով, այլ նաև արտահանել դրանք միջազգային շուկաներ՝ գիտությունը դարձնելով հասարակության շարժիչ ուժը»,- իր խոսքում ընդգծեց Միջազգային գիտակրթական կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը։
Ըստ Մխիթարյանի, գիրքը ուղղված է ինչպես մագիստրատուրայի ուսանողներին, այնպես էլ գիտության կառավարման ոլորտում որոշում կայացնող մասնագետներին:
Անդրադարձ կատարվեց նաև «կանաչ գիտություն» հասկացության ներդրման և արհեստական բանականություն թեմաներին, քանի որ դրանք արծարծված են գրքում: Ըստ բանախոսների, բնապահպանական խնդիրները պետք է ներառվեն կրթական ծրագրերում, որպեսզի պատրաստվեն մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական գործունեության մեջ կկիրառեն բնապահպանական կայուն մոտեցումներ։

Նրանք ընդգծեցին, որ արհեստական բանականությունը գործիք է, որը կարող է զգալիորեն բարելավել գիտության արդյունավետությունը, սակայն այն պետք է խելամտորեն օգտագործել։

«Արհեստական բանականությունն արդեն դարձել է մեր իրականության մի մասը։ Գիտնականների և մասնագետների համար կարևոր է տիրապետել դրան, բայց ոչ թե կուրորեն հետևել դրա ալգորիթմներին, այլ գիտակցաբար օգտագործել՝ զարգացնելով ստեղծագործական միտքը»,- նշեց Մխիթարյանը։
Գրքի թվային տարբերակը հասանելի է համացանցից, տպագիր օրինակները հեղինակները ծրագրում են բաժանել հանրապետության գրադարաններին։


Comments