top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մխիթարյանը` «Բարձրագույն կրթության և գիտության մասին» փոփոխված օրենքի ընդունման վերաբերյալ


«Բարձրագույն կրթության և գիտության մասին» փոփոխված օրենքը կիրառման պարագայում կունենա լուրջ դժվարություններ, քանի որ օրենքի մշակման և քննարկման գործընթացում մասնակցայնություն չի ապահովվել։ Նման կարծիք 365news.am-ի հետ զրույցում հայտնեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

«Առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունումից հետո կազմակերպվել է ռեկտորների հետ միայն մեկ հանդիպում, որին մասնակցել էին ընդամենը 10-12 հոգի։ Դա եղել է միակ քննարկումը, որը կազմակերպվել է առաջին ու երկրորդ ընթերցումների ընթացքում։ Չեմ կարծում՝ այդ 10-12 հոգին արտահայտում են բազմաքանակ մեր քաղաքացիների կարծիքները։ Առաջին ընթերցման ժամանակ ներկայացված օրենքի նախագիծն արդեն իսկ թերություն ուներ այն առումով, որ լայն հասարակությունը, ըստ էության, մասնակցություն չէր ունեցել օրենքի քննարկմանը կամ նրա առաջարկությունները հիմնականում հաշվի չէին առնվել, իսկ երկրորդ ընթերցման ընթացքում այլևս հնարավորություններ չկային առաջարկություններ ներկայացնելու ու օրենքի փոփոխությունների վերաբերյալ մասնագետների կարծիքը հաշվի առնելու համար»,- նկատեց Մխիթարյանը։

Փորձագետն, անդրադառնալով օրենքի բուն փոփոխությունների դրական կողմերին, ընդգծեց, որ օրենքի փոփոխություններ միանշանակ անհրաժեշտ էր անել և՛ բարձրագույն կրթության, և՛ գիտության մասով, քանի որ երկու օրենքներն էլ ընդունվել էին շուրջ 20 տարի առաջ։

«Օրենքի ամենակարևոր դրական փոփոխություններից մեկն այն էր, որ բարձրագույն կրթության մակարդակը՝ ասպիրանտուրան, ընդգրկվեց բարձրագույն կրթության մեջ։ Մինչև երեկ մեզ մոտ բարձրագույն կրթություն ընդամենը 2 մակարդակով էր՝ բակալավրիատ և մագիստրատուրա, իսկ ասպիրանտուրան համարվում էր հետբուհական կրթություն, որը շատ անհասկանալի էր։ Մյուս դրական փոփոխությունը, ըստ իս, այն է, որ ուսանողները հնարավորություն ունեն սեփական արագությունն ընտրել բուհերում սովորելու համար։

Սեփական արագությունը ենթադրում է, որ, օրինակ՝ բակալավրիատի ուսանողները կարող են ավարտել 4, 5, 6 և այլ տարիների ընթացքում, ինչպես նաև ընտրել համապաստախան քանակի առարկաներ, հավաքել անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ ու նոր ստանալ ավարտական դիպլոմը։ Ուսանողների համար շարժունությունը, ընդ որում, Հայաստանի ներսում կամ Հայաստանից դուրս, շատ կարևոր հանգամանք է, որը կարող է դրականորեն ազդել կրթության որակի վրա»,- ընդգծեց Մխիթարյանը։

Մեր զրուցակիցը, միաժամանակ խոսելով նաև ընդունված օրենքի բացասական կողմերի վերաբերյալ, նշեց, որ օրենքի ընդունման ընթացքում հաշվի չի առնվել մեր իրականությունը, ուստի՝ օրենքն ունի նաև մի շարք թերություններ։

«Օրենքի թերություններից մեկն այն է, որ չնայած Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, որտեղ աշխատուժի ազատ տեղաշարժն առաջին կարևոր նախապայմաններից մեկն է, իսկ կառույցի առանցքային երկիրը Ռուսաստանն է, որտեղ գործում է երկաստիճան աստիճանաշնորհման համակարգը՝ ունեն գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի աստիճաններ, այնուամենայնիվ, Հայաստանում ընդունված օրենքով նվաստացրինք մեր գիտնականներին՝ հանելով երկրորդ գիտական աստիճանը։

Հայաստանում այլևս չենք ունենա երկրորդ գիտական աստիճանը, որը կոչվում էր գիտությունների դոկտոր ու, օրինակ՝ Ռուսաստանում մեր գիտնականները մի փոքր նվաստացած են իրենց զգալու, քանի որ մեկ աստիճան ավելի ցածր են լինելու ռուսաստանյան գիտնականներից։ Մեր դոկտորը հավասարվելու է Ռուսաստանի գիտությունների թեկնածուին ու դա շատ վատ է։

Մյուս ցցուն թերությունը վերաբերում է Գիտությունների ազգային ակադեմիային ու ակադեմիայի կարգավիճակին։ Փաստորեն, մեր ջանքերն ապարդյուն անցան, որպեսզի օրենքի մակարդակով ամրապնդվեր Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը։ Ընդունված օրենքով որոշ ժամանակ հետո ակադեմիայի կարգավիճակը որոշելու է կառավարությունը ու սա շատ վատ է»,- մատնանշեց Մխիթարյանը։

Փորձագետի հավաստմամբ՝ այն, որ օրենքի փոփոխությամբ բուհերի ռեկտորները նշանակվելու են նախարարի միանձնյա որոշմամբ, ևս բացասական փոփոխություն է, քանի որ այդ փոփոխության արդյունքում որոշումներն ընդունվելու են բրգաձև համակարգով, որի պարագայում երկրի մտավորականությունը լինելու է նախարարության ուղղակի վերահսկողության և ճնշման տակ։


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page