top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հարությունյանի փառատոնի շրջանակում հնչեցին համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ


Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում հունիս 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված համերգային երեկոյին հնչեցին համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ: Հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Նվագախմբի հետ որպես մենակատարներ ելույթ ունեցան Քրիստոֆ Հարթմանը (հոբոյ, Գերմանիա), Ջորջիո Մանդոլեսին (ֆագոտ, Իտալիա), Դավիդ Բրուշեն (տրոմբոն, Շվեյցարիա), Բլանկա Կերեկեշը (ֆլեյտա), Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ):

Հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի, Սկոնտրինոյի, Պիացոլլայի, Դեդոսի, Մենդելսոնի ստեղծագործությունները:

Ֆագոտահար, Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի տնօրեն և գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը փաստում է՝ երեկոյին հանդես են եկել փայլուն մենակատարներ: Նրա խոսքով՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը շատ լավ է ստացվում: «Փառատոնի շրջանակներից դուրս էլ միասին աշխատելու հնարավորություն է եղել: Կամերային նվագախմբի հետ փորձել ենք կատարել այնպիսի ստեղծագործություններ, որոնք հաճախ չեն հնչել Հայաստանում: Փողային գործիքների տարածումն իրական է դարձել նաև Կամերային նվագախմբի միջոցով: Եվ մեզ մշտապես աջակցել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը»,-նշում է Շմավոն Գրիգորյանը:

Նշենք, որ մայիսի 30-ից հունիսի 5-ն անցկացվում էր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող Ալ. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը:

Փառատոնի միջոցով նախաձեռնողները ցանկանում են ևս մեկ անգամ իրենց երախտիքի ու հարգանքի խոսքն ուղղել մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին՝ նոր շունչ և երանգներ հաղորդելով նրա հայտնի աշխատանքներին, ստեղծել մեկ հարթակ փողային գործիքների ոլոտրում աշխարհի առաջատար երաժիշտների համար: Փառատոնի շրջանակներում Հայաստանը կհյուրընկալի յոթ երկրից ավելի քան քսան երաժիշտ-կատարողի, ովքեր ներկայացնում են այդ երկրների հեղինակավոր նվագախմբերը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page