top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ավելի կոռեկտ էր, քան վարչապետ Փաշինյանը. Աստղիկ Ավետիսյան




Armdaily.am-ը վարչապետի քայլերի, իմիջի և նրա հետ աշխատող մարդկանց պրոֆեսիոնալիզմի մասին զրուցել է Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանի հետ:


-Ինչպես կգնահատեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի PR «հնարքները»: -Հանրային կապերի տեսանկյունից եթե նայելու լինենք, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարքների ստեղծման և կիրառման լուրջ մասնագետ է: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իշխանափոխությունն իրականացվեց պլանավորված աշխատանքի շնորհիվ, հասարակության արժեհամակարգային հռետորաբանության օգտագործմամբ, ապա երկու տարի առաջ օգտագործված բոլոր հնարքներն իրենց արդյունքը տվեցին: Հասարակության մեծ հատվածն անվերապահորեն վստահում էր Նիկոլ Փաշինյան լիդերին, ով խոսում էր այն մասին, ինչի մասին ուզում էր լսել հասարակությունը, խոսում էր այն բառապաշարով, ինչը հաճո էր հասարակության որոշ խավի:

Օգտագործվեցին նաև մանիպուլյատիվ բազմաթիվ հնարքներ, որոնք ևս իրենց ազդեցությունն ունեցան: Վառ օրինակներից մեկն այն էր, որ որոշում կայացնողը ժողովուրդն է, ամեն ինչ կախված է հպարտ քաղաքացու որոշումից: Երկու տարվա կառավարման շրջափուլում վարչապետն էլի շարունակում է նույն հռետորաբանությամբ ելույթ ունենալ ու կարևոր էլ չէ, թե որտեղ է այդ ելույթը: Ուղերձի բովանդակությունը դառնում է երկրորդային, իսկ հասարակությունը հիշում է այն բառերն ու արտահայտությունները, որոնք պիտակավորում են որոշ մարդկանց կամ կառույցներին: Ուշադրություն հրավիրելու բոլոր հնարքները օգտագործվում են, բայց նաև լուրջ հարց կա. դրանք պետք է չօգտագործվեն բացասական երանգով, եթե համախմբան կոչ ես անում, բայց դա վերաբերում է որոշ թվով մարդկանց, ապա դա դառնում է մանիպուլյացիա:

Եթե դու օգտագործում ես «սիրում եմ բոլորիդ» արտահայտությունը և հետո օգտագործում ես «դուրսպրծուկ» արտահայտությունը հասարակության որոշ հատվածի համար, ապա նշանակում է, որ «բոլորին» բառով մանիպուլյացիայի ես ենթարկում դիմացինին:

Ամերիկացի գիտնական, հոգեբան, հոգեթերապևտ Է. Շոստրոմն առանձնացնում է մանիպուլյատորների հետևյալ տեսակները՝ բռնապետ, որը ցույց է տալիս իր ուժը, ճնշում է, կարգադրում, վերահսկում:

Թուլակամ, որը հանդես է գալիս որպես բռնապետի զոհ: Ցույց է տալիս իր զգայունությունն ու խոցելիությունը, չի լսում, պասիվ է, լուռ, համեստ:

Հաշվենկատ, որն ամեն գնով ձգտում է հաշվարկել և վերահսկել ամեն ինչ և բոլորին:Նա խաբում է, փորձում է գերազանցել ուրիշներին:

Խուլիգան՝ ցույց է տալիս ագրեսիվություն, կոշտություն, թշնամություն: Նա վերահսկում է ուրիշներին սպառնալիքներով:

Փառահեղ տղա՝ ցույց է տալիս ջերմություն, խնամք, ուշադրություն, բարություն: Նա անձնասեր է, կոնֆլիկտի ժամանակ գրեթե միշտ հաղթում է խուլիգանին:

Դատավոր՝ քննադատ է և թերահավատ: Նա ոչ մեկին չի վստահում, անընդհատ դատապարտում է և վրդովվում է, հուզվում: Վրեժխնդիր է լինում:

Պաշտպան՝ ցույց է տալիս իր աջակցությունը և ներում է: Սեփական գործը շարունակելու փոխարեն նախընտրում է հոգ տանել ուրիշների մասին` նրանց նկատմամբ խնամակալություն վերցնելով:

Կպչուն մարդ, ով ունի կախվածություն, ցանկանում է ղեկավարվել, խնամք է փնտրում և պատրաստ է խաբվել: Մակաբույծ է, անօգնական ու ծույլ, թույլ է տալիս իր գործերը ուրիշները անեն: 

Գիտական մակարդակում, եթե իմիջի վերլուծություն ես իրականացնում, սարսափելի պատկեր ենք ունենում: Սա թողնում եմ ընթերցողի դատին, ու ես չեմ վերլուծելու, թե վարչապետը որ տեսակին է պատկանում: Դատե՛ք ինքներդ:

-Արդյո՞ք նա անհրաժեշտություն ունի իր իմիջի, խոսքի, պահվածքի վրա աշխատող մարդու:

Վարչապետի PR պատասխանատուները սկսած վարչապետի խոսքից ավարտած նրա վարքագծային շարժումներով, ամեն օր հետևողական աշխատանք պետք է իրականացնեն: -Նրա հռետորաբանությանը, պահվածքին ի՞նչ գնահատական կտանք: 

-Բարձր պաշտոն զբաղեցնողների մոտ մենք ամեն օր պետք է փոփոխություն տեսենք, իսկ փոփոխություն կտեսնենք, երբ ամեն օր արձանագրենք թույլ տված սխալները և փորձենք շտկել: Որևէ մեկը չի ծնվում իդեալական, բայց արարողակարգային, էթիկետին վերաբերող շատ բաներ կան, որ երկրի ղեկավարները պետք է հետևեն: Միջավայրը մեզ համար դառնում է դպրոց, և մենք միջավայրում սովորում ենք միմյանցից, բայց եթե աչալուրջ չլինենք կամ ուրիշներին լսելու ունակություն չունենանք, մենք էլի կմնանք նույնը, ինչը նշանակում է, որ կլճանանք: Եթե երկու տարի առաջ վարչապետի ելույթներն ընկալելի էին շատերի համար, այսօր արդեն մտավորական, խելացի, կիրթ հատվածի համար դառնում է չընկալելի: Մենք մեր երեխաներին դաստիարականում ենք, որ խոսեն նորմալ բառապաշարով, չհայհոյեն, հարգեն դիմացինին, ուշադիր լինեն ուրիշների նկատմամբ, բայց վարչապետն իր պահվածքով հակառակ դաստիարակման գործառույթն է իրականացնում: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ավելի կոռեկտ էր, քան վարչապետ Փաշինյանը: Իշխանափոխության օրերին ավելի հավասարակշիռ էր, քան երկու տարի կառավարելուց հետո: Ես ցավով եմ արձանագրում այս փաստերը, որովհետև յուրաքանչյուր իշխանափոխությունից հետո ակնկալում ես, որ հաստատ դրական փոփոխություններ կլինեն, բայց Այգեկցու հայտնի առակը դառնում է շատ արդիական: Վարչապետն իբրև կարծիքի առաջնորդ պետք է իր վարքագծով, բառապաշարով, ազգային, մշակութային աժեքների նկատմամբ հատուկ ակնածանքով լուրջ դաստիարակչական գործառույթն իրականացնողի դերում հանդես գա: Մի քանի օր առաջ շատ հստակ անդրադարձել էի այն հիմնական խնդիրներին, որոնք Նիկոլ Փաշինյանը պետք է կարդար և եզրահանգումներ աներ: Ինձ համար ամենակարևոր ուղերձն այն է, որ յուրաքանչյուր հարցի շուրջ վարչապետը շատ կարծիքներ լսի, այդ թվում այն փորձառուների, որոնց ամեն օր որակումներ է տալիս, որպեսզի ճիշտ որոշումներ կայացնի: https://www.facebook.com/AvetisyanShAstghik -Լրատվամիջոցների դեմ արշավն ինչո՞վ է պայմանավորված: Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում մի քանի խորհուրդ էիք տվել վարչապետին: Դրանց արձագանք եղավ, թե ոչ:

Ինձ համար անհասկանալի է վարչապետի վերաբերմունքը լրատվամիջոցների նկատմամբ: Թվում էր թե լրատվադաշտն իր համար պետք է դառնար այս տարիների ընթացքում այն հիմնական կապիտալը, որոնց հետ համագործակցային կառավարման տեխնոլոգիաներ կօգտագործեր, բայց փաստը ցույց է տալիս, որ շատերը հայտնվել են սև ցուցակում: Երբեմնի ընկերները, կոլեգաներն անխնա քննադատում են վարչապետին, որովհետև հաղորդակցման խոչընդոտներ առաջացան և դրա հիմնական մեղավորը հենց ինքը՝ վարչապետն էր: Հանրային մարդը նաև պետք է պատրաստ լինի քննադատության, այս դեպքում է, որ էլի հանրային կապերի մասնագետի դերը կարևորվում է. քննադատությունները շատ չեն լինի, եթե թափանցիկ և բաց աշխատել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: -Վերջերս վարչապետի ուղիղ եթերի կադրերի արտահոսքը, ըստ Ձեզ, ինչի հետևանք էր: Արդյո՞ք պատասխանատվություն կրեցին բոլոր մեղավորները: Իր մեղավորության բաժինն արդյոք չուներ վարչապետի մամուլի խոսնակը:

-Ես այն չեմ համարի տեղեկատվական արտահոսք, որովհետև այդ կադրերում չկար հույժ կարևոր մի բան, որ կարող էր համարվել արտահոսք: Նիկոլ Փաշինյանն ամեն օր իր ուղիղ եթերների ժամանակ հազում է, քիթն է մաքրում, գլուխը կամ մորուքն է քորում: Այդ կադրերում չկար մի բան, որ կարելի էր կառչել, հետո թիրախավորել: Սխալը թույլ տվեց Վարչապետի մամուլի քարտուղարը, ով հրապարակային մեղադրեց գործընկեր Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը: Սա ներքին հաղորդակցման հարց էր, խնդիրները համատեղ լուծելու խնդիր էր: Այդ իրավիճակի հիմնական պատասխանատուն վարչապետի թիմն էր: Վարչապետի հետ աշխատանքը պահանջում է դետալային և աչալուրջ աշխատանք, բազմաթիվ իրավիճակներ են քննարկվում և ընտրվում է դրանցից լավագույնը: Եթե յուրաքանչյուրը լինի իր գործի գիտակը, ապա ամեն ինչ իր տեղում կլինի: Ամեն ինչ հնարավոր է շտկել, եթե կամք դրսևորենք և չզլանանք սովորել:


Դուսյա Ղազարյան

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page