top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԵԱԴ-ը ներկայացված է Հելսինկիում ընթացող կրթական խոշոր համաժողովին



ԵԱԴ-ը ներկայացված է Հելսինկիում ընթացող կրթական խոշոր համաժողովին

Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնության միջազգային քարտուղար Դիանա Եղիազարյանը եւ վերահսկիչ Հարություն Ծատրյանը մասնակցում են «Երիտասարդական աշխատողների կրթության եւ վերապատրաստման ուղիներ» խորագրով սեմինարին։

Եվրոպայի խորհրդի նախագահությունը ստանձնած Ֆինլանդիայի կառավարությունը կրթական ոլորտում փորձի փոխանակման խոշոր եռօրյա համաժողով է կազմակերպել Հելսինկիում։ Մեծ հետաքրքրություն ներկայացնող համաժողովի մասնակիցների թվում են տարբեր եվրոպական երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի երիտասարդական բաժնի անդամներ, կրթության եւ երիտասարդական աշխատանքի ոլորտում հաջողության հասած եվրոպացի մասնագետներ ու փորձագետներ, երիտասարդական աշխատողներ եւ երիտասարդ եվրոպական դեսպաններ։

Հայաստանի ներկայացուցիչները բարձրաստիճան այս գագաթաժողովում Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության միջազգային քարտուղար Դիանա Եղիազարյանը եւ վերահսկիչ Հարություն Ծատրյանն են։ Վերջիններս երկու օր շարունակ ակտիվորեն մասնակցել են տարբեր պանելային քննարկումների, որոնք վերաբերում են երիտասարդության առջեւ ծառացած ամենատարբեր հիմնախնդիրներին, այդ թվում՝ կրթությանը, երիտասարդական աշխատանքի անհրաժեշտությանը, եվրոպական տարածաշրջանում ակտիվ երիտասարդական աշխատողների վերապատրաստման կարիքներին։

ԵԱԴ-ի միջազգային քարտուղար Դիանա Եղիազարյանը, շնորհիվ իր՝ երիտասարդական ոլորտի վերաբերյալ փորձի հրավեր էր ստացել բարձրաստիճան գագաթաժողովի կազմակերպիչների կողմից լինելու փետրվարի 21-ին կայացած պանելային քննարկումներից մեկի՝ «Ժամանակակից Եվրոպայի երիտասարդների մարտահրավերները. ինչ պատասխան տալ երիտասարդական աշխատանքի շնորհիվ» հիմնական խոսնակներից մեկը։ Ներկայացնելով երիտասարդական աշխատանքի ոլորտում ԵԱԴ-ի ունեցած վերջին տարիների ծրագրերը, անդրադառնալով նաեւ երիտասարդական դեսպանների կարեւոր համաեվրոպական առաքելությանը՝ Դիանա Եղիազարյանն ընդգծել է, որ Հայաստանում այսօր երիտասարդությունը ստացել է ինքնադրսեւորվելու նոր եւ անհրաժեշտ հնարավորություն։

«Հայաստանի կառավարության անդամների մեծ մասն այսօր երիտասարդներ են։ Սա բավականին լավ միտում է, քանի որ հետագայում փորձի ձեռքբերմամբ կարող ենք ավելի առաջնային դարձնել մեր հասարակությունում երիտասարդների դերը»,- նշել է ԵԱԴ-ի միջազգային քարտուղարը։ Նա խոսել է նաեւ ԵԱԴ-ի՝ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող երկարաժամկետ նախագծերի մասին, որոնք ուղղված են երիտասարդական աշխատանքի կարեւորությունն ավելի հանրայնացնելուն, կրթական ծրագրերում երիտասարդական աշխատողների մասնագիտական հմտությունները եւ գիտելիքները բարելավելուն։

Ի դեպ, մինչեւ գագաթաժողովի մեկնարկը Դիանա Եղիազարյանը եւ Հարություն Ծատրյանը ԵԱԴ-ի միջազգային գործընկեր Եվրոպական երիտասարդական ակումբների համադաշնության (ECYC) մի շարք անդամների հետ, որոնք եկել են մասնակցելու Ֆինլանդիայում դեռեւս ընթացող եվրոպական մակարդակի բարձրաստիճան միջոցառմանը, ոլորտային այցելություն են ունեցել «Հյուսիսային ակադեմիա» երիտասարդական կազմակերպություն, որը հիմնական գործունեություն է ծավալում Հելսինկիում՝ փորձելով լուծումներ գտնել երիտասարդական ոլորտի խնդիրներին։ «Հյուսիսային ակադեմիա» կազմակերպության ներկայացուցիչներըը ներկայացրել են իրենց աշխատանքային ուղղությունները, դեռեւս ընթացքի մեջ գտնվող տեղական ծրագրերը, պատրաստակամություն հայտնել համագործակցելու նաեւ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության հետ, քանի որ երկու կազմակերպություններն ընդհանուր աշխատանքային ուղղություններ եւ համանման նպատակներ ունեն, բացի այդ թե՛ ԵԱԴ-ը, թե՛ «Հյուսիսային ակադեմիան» Եվրոպական երիտասարդական ակումբների համադաշնության անդամ են։

Ի հավելումն նշենք, որ ԵԱԴ-ը Եվրոպական երիտասարդական ակումբների համադաշնության անդամ է դարձել 2000-ականներին։


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page