top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Առաջիկա տասն օրերի ընթացքում խորհրդարանի լուծարման գործընթացը պետք է մեկնարկի. Մարուքյան


«Դա նշանակում է, որ առաջիկա տասն օրերի ընթացքում խորհրդարանի լուծարման գործընթացը պետք է մեկնարկի։ Եթե հիմա խորհրդարանը լուծարվի, մենք սիրով կգնանք այդ պրոցեսին, եթե ոչ, ուրեմն՝ այդ թեման փակվեց, անցնում ենք հաջորդ թեմաներին։ Ժամկետը կարևոր է, որովհետև ճգնաժամը այնքան խորն է, որ իրեն պետք է արագ հանգուցալուծում տալ։ Ամենաարագ ընտրությունների ժամկետը կարող է լինել մայիսի ընթացքում, որ հունիսի 1-ը ավարտված լինի: Եթե առաջիկա տասը օրերի ընթացքում չլինի, չեմ կարող ասել, թե ինչ կլինի։ Ժամանակը կգա նորից կխոսենք»,- այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր խմբակցությունը այս պահին դեռ ծանոթանում է ընտրական օրենսգրքի նախագծին․ «Մենք հնով էլ ենք պատրաստ ընտրությունների մասնակցելու, բայց վերջնական որոշում չունենք, թե որ օրենսգիրքն է ճիշտը»։

Հարցին, թե երբ պետք է հանվի ռազմական դրությունը, Մարությանը պատասխանեց, որ ռազմական դրությունը դետալ է, որն ընտրական պրոցեսների ընթացքում պետք է հանվի․ «Եթե ութ օրվա ընթացքում համաձայնության գանք բոլոր հարցերում, պարզ է, որ պետք է ռազմական դրությունը հանվի»։

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, արտահերթ ընտրություններ պետք է լինեն, որ ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծվի։

«Նախագահի հանդիպումից հետո ես որևէ այլ քննարկման չեմ մասնակցել, իսկ հանդիպման վերաբերյալ կա մամուլի հաղորդագրությունը, որը խոսում է այն մասին, որ ես ներկայացրել եմ իրավիճակից դուրս գալու մեր լուծումը, և հանրապետության նախագահը տեսնում է, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, որ ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծվի»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հանրապետությունում գրեթե բոլոր քաղաքական միավորները պատրաստվում են արտահերթ ընտրությունների։

«Կարող է լինի հնարավորություն, որ խորհրդարանական ուժերի միջև լինի կոնսենսուս, բայց կոնսենսուսը պետք է փնտրել դրսում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ կոնսենսուսը լինի։ Բոլորիս աչքերի առաջ տեղի է ունենում հանրային բանավեճ։ Երկխոսություն վարողն այդ մասով ես չեմ։ Կարծում եմ, որ իշխանությունն է, որ ունի զիջումների հնարավորություն, իշխանությունն է, որ պետք է լինի լայնախոհ, զիջումների գնա և այդ զիջումների արդյունքում հանրային լայն կոնսենսուս ձևավորևի։ Իմ տեղեկություններով՝ հանրապետությունում բոլոր քաղաքական միավորները, կարող է մեկ երկու ուժ հանած, պատրաստվում են արտահերթ ընտրությունների, հետևաբար արդեն կոնսենսուս կա, որ ընտրություններ լինեն»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա աշխատակազմի ֆինանսավորման կրճատման մասին օրինագիծը ոտնձգություն է ինստիտուտի նկատմամբ։

«Խնդիրն ինստիտուցիոնալ է և կարող է կապված լինել նաև անձի հետ, որովհետև մարդու իրավունքների ինստիտուտը հեղինակության հիման վրա գործող ինստիտուտ է, և անձի հեղինակությունը բերում է ինստիտուտի հեղինակության բարձրացմանը։ Հետևաբար՝ այսօր Մարդու իրավունքների ինստիտուտի նկատմամբ ոտնձգությունը խստիվ արգելվում է։ Ես կարծում եմ՝ այդ նախագիծը խորհրդրանական չի անցնի, կտապալվի։ Ես կարող եմ ասել, որ միջազգային մեր ամբողջ գործընկերությունը դատապարտում է այս մոտեցումը, և իշխանությունները չեն հասկացել ինչի են ձեռք տալիս, և իրենց ձեռքերն արագ ետ կքաշեն այդ ինստիտուտից։ Չեմ բացառում, որ իշխանական պատգամավորներից էլ կլինեն մարդիկ, որոնք դեմ քվեարկեն, որովհետև իշխանական պատգամավորներից ես ճանաչում եմ մարդկանց, որոնք քաղաքացիական, հասարակական սեկտորներում եմ աշխատել և լավ հասկանում են ինչ է նշանակում Մարդու իրավունքների պաշտպան ինստիտուտի անկախության երաշխիքը սահմանափակել»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Լրագրողի այն հարցին, թե հնարավոր է իշխանությունն իրենք վերցնեն հակադարձեց․ «Ոչ թե հնարավոր է իշխանությունը մենք վերցնենք, այլ մենք գնում ենք իշխանությունը վերցնելու ։ Մենք չենք մասնակցում, որ խմբակցություն ունենանք խորհրդարանում, մենք ունենք խմբակցություն խորհրդարանում»։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page