top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պլակատը՝ որպես քաղաքացիական դիրքորոշման արտահայտչամիջոց

Updated: Jan 26, 2021


Նկարիչ-դիզայներ Արթուր Մանուկյանի անհատական, «Արվեստագետը երկու արհավիրքների առանցքում» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում։ Բացումը տեղի ունեցավ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2021 թվականի հունվարի 31-ը։ Նկարիչն իր ստեղծագործությունները ներկայացնում է պլակատի միջոցով։ Ցուցահանդեսն առիթ դարձավ, որ զրուցենք Արթուր Մանուկյանի հետ։


- Պարոն Մանուկյան, ինչու որոշեցիք զբաղվել պլակատով:

- Պլակատով սկսել եմ զբաղվել ուսանող տարիներից։ Պլակատը, բացի արվեստ լինելուց, քաղաքացիական դիրքորոշում ձևակերպելու մի ուրույն տեսակ է: Պլակատն առաջինն է արձագանքում երկրում տեղի ունեցող բոլոր կարևորագույն իրադարձություններին, երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրներին և հանրության ուշադրությունն ուղղում դեպի այդ իրադարձությունները և խնդիրները: Պլակատի լեզուն լակոնիկ է: Դու պետք է կարողանաս շատ քիչ արտահայտչամիջոցներով խոսել լուրջ խնդիրների մասին: Թերևս այս հանգամանքը պատճառներից մեկն էր, որ ինձ գայթակղեց, և ես սկսեցի զբաղվել պլակատով:


- Դուք անցյալում ունեցել եք որևէ այլ մասնագիտություն, որով աշխատել եք, և ինչպես եք այս գործին նայում՝ որպես հոբբի, թե որպես նոր մասնագիտություն։

- Ես ավարտել եմ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի բաժինը։ Դիզայնն իմ մասնագիտությունն է, և ես զբաղվում եմ իմ մասնագիտությամբ։


- Որքան ժամանակ է պահանջվում մեկ պլակատ ստեղծելու համար։

- Մի քիչ բարդ է ասել, մի քանի օրից մինչև մեկ-երկու շաբաթ, շատ դեպքերում՝ նույնիսկ ամիսներ:


- Ուսումնասիրել եք միջազգային փորձը և պլակատը որպես աֆիշ (ազդ, ազդագիր) եք ծառայեցնում։

- Այո, ուսումնասիրել եմ։ Պլակատի պատմությունն սկսվում է աֆիշաներով։ Ժամանակին Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստիայում, այնուհետև Ռուսաստանում պլակատը սկզբնական իր վիճակում հանդես էր գալիս՝ որպես թատերական ներկայացումների գովադ, ազդագիր։ Դրանով շատ հայտնի նկարիչներ են զբաղվել։ Արդեն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պահանջ եղավ քաղաքական պլակատների: Եվ այդ ժամանակվանից պլակատը դաձավ առանձին արվեստի ուղղություն, որն սկսեց արձագանքել քաղաքական, սոցիալական, և տնտեսական իրադարձություններին։ Այսինքն՝ պլակատը, որպես հանրային գեղարվեստական ուրույն երևույթ, սկսեց ձևավորվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Պլակատն ուրիշ մի ֆունկցիա էլ ունի, դա պրոպագանդայի ֆունկցիան է, և այն հանդես եկավ նաև, որպես պրոպագանդայի միջոց։ Այսինքն՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ձևավորվեց այսօրվա ժամանակակից պլակատը։


Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page