top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ազգային ավանդական տոները նոր շնչով ՝ մեկ գրքույկում

Updated: Nov 30, 2020


Խաչվերաց, Ամանոր, Զատիկ, Բարեկենդան, Ծաղկեզարդ և այլ ազգային տոներն ու արարողությունները նոր շնչով՝ մեկ գրքույկում։


Այսօր տեղի ունեցավ «Հայ ազգային ավանդական տոներ» գրքի շնորհանդեսը։ Այն հրատարակվել է Երիտասարդական ակումբների դաշնության «Ազգային-ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ» խորագրով ծրագրի շրջանակում: Գիրքն ապացուցում է, որ երիտասարդները չեն մոռացել ու չեն հեռանում ազգային արմատներից։


«Երիտասարդական ակումբների դաշնությունը տարիներ շարունակ կազմակերպում էր ազգային տոները երիտասարդների միջոցով և մասնակցությամբ։ Չնայած ազգային տոների նկատմամբ նրանց գիտելիքները քիչ են, սակայն հետաքրքրությունն այնքան մեծ է, որ նրանք ցանկանում են ավելին իմանալ ծեսերի, տոների մասին։ Եվ այդ ամենը մեզ հուշեց, որ կազմակերպենք և հրատարակենք այս գիրքը» - ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյան։

Ըստ նախաձեռնողների՝ գիրքը յուրահատուկ ուղեցույց է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Սփյուռքի հայ երիտասարդների համար։ Ատոմ Մխիթարյանը շեշտում է՝ սա կնպաստի Սփյուռքում հայապահպանությանը, կօգնի նրանց ավելի մանրամասն ծանոթանալ մեր ազգային տոներին, ծիսակատարություններին, կազմակերպել մշակութային միջոցառումներ, նախապատրաստել ազգային-ավանդական տոներ։


«Մինչ գրքի լույսընծայումը էլեկտրոնային տարբերակով այն արդեն հասանելի էր, և հենց առաջին արձագանքներն էլ ստացել ենք Սփյուռքից. այնտեղ արդեն օգտվում են այս ուղեցույցից և կազմակերպում մեր ազգային ավանդական տոները՝ հավատարիմ մնալով արմատներին, որոնք շատ ժամանակ խեղաթյուրվում են»։


Գիրքը մասնագիտական խմբագրում էր ստացել «Նուբար ֆոլկ» հայ ավանդական երգի-պարի խմբի համույթի ղեկավար Լուսինե Նազարյանի կողմից, ով նաև Հանրային ռադիոյում երկար տարիներ ազգային-ավանդական տոների հետ կապված հաղորդում է վարում։ Ըստ համույթի ղեկավարի գիրքը վառ օրինակ է, որ երիտասարդները շարունակում են ակտիվ մասնակցություն ունենալ ազգային ավանդական տոների և ծեսերի պահպանմանը։

«Երբ խմբագրելու առաջարկը ստացա, նկատեցի որ երիտասարդները գործի մեծ մասն արդեն արել են, մնում էր միայն որոշ շտկումներ անել։ Շատ ուրախացա, ոչ թե այն պատճառով, որ անելու քիչ բան կա, այլ այն, որ ունենք այսպիսի երիտասարդություն, որոնք կարող են իրենց ժամանակի կարևոր մասը ներդնել այսպիսի գործի իրականացման մեջ» - ասաց Լուսինե Նազարյանը։

Պատահական չէր նաև գրքի շնորհանդեսի վայրը Մաշտոցի 4՝ կամարուղի։ Սա նույնպես կոչ էր, որ բոլոր կամարուղիները լինեն մաքուր և չօգտագործվեն այլ նպատակներով։

«Այս կամարուղիում գրքի շնորհանդեսի կազմակերպումն ինքնանպատակ չէ։ Սա ևս մշակույթի ու ժառանգության մի մասն է, հենց այդ նպատակով էլ փորձեցինք մշակութային այս իրադարձությունն իրականացնել այս հատվածում»-, ներկաներին ասաց Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։ Նա տեղեկացրեց, որ գրքի շնորհանդեսի կազմակերպման աշխատանքները վերապահված են Հայկական PR ասոցիացիային, կազմակերպման գործընթացում ներգրավված են եղել նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR մագիստրոսական ծրագրի ուսանողները, ովքեր այս պահին ուսումնասիրում են «PR և ԶԼՄ-ների հետ փոխհարաբերություններ» առարկան: «Երիտասարդական ակումբների դաշնության կարևոր առաքելությունն այն է, որ երիտասարդներն ինքնադրսևորվելու հնարավորություն ունենան, սա է պատճառը, որ բոլոր նախաձեռնություններում խրախուսվում է երիտասարդների մասնակցությունն ու ներգրավվածությունը, իսկ PR մագիստրոսական ծրագրի ուսանողների համար սա տեսական գիտելիքը գործնականում օգտագործելու հնարավորություն էր»-, հավելեց տիկին Ավետիսյանը:

«Հայ ազգային ավանդական տոներ» գրքի շնորհանդեսն ուղեկցվեց «Նուբար ֆոլկ» համույթի ազգային-ավանդական երգերի կատարումներով՝ ամփոփվեց գինեձոնի արարողությամբ։


Մերի Խաչատրյան


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page