top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Այսօր Վրաստանի խորհրդարանի ընտություններ են. Ատոմ Մխիթարյան


Այսօր տեղի են ունենում Վրաստանի խորհրդարանի ընտությունները, ինչին անդրադարձել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, «Ընտրական իրավունքի» դասախոս Ատոմ Մխիթարյանը։


«Ընտրություններին մասնակցում են ռեկորդային թվով քաղաքական ուժեր՝ 48 կուսակցություն և երկու դաշինք: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանի ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններով ընտրական շեմը կուսակցությունների համար իջեցվել է մինչև մեկ տոկոսի, իսկ դաշինքների համար դա հավասար է այնքան տոկոսի, որքան կուսակցություն միավորված է դաշինքում։

Նախնական հարցումների համաձայն երկու հիմնական առաջատար ուժերը այժմ իշխող «Վրացական երազանք. ժողովրդավարական Վրաստան» և հիմնական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցություններն են։

Առաջինը գործարար Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ իշխանության է եկել 2012 թ., և ցանկանում է երրորդ անգամ մեծամասնություն կազմելով պահպանել իշխող կուսակցության կարգավիճակը։ Մինչդեռ Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Շարժումը» ընտրություններում հանդես է գալիս դաշինքով, որի անվանումն է՝ «Միացյալ ընդդիմություն - ուժը միասնության մեջ է»։ Նախընտրական մրցավազքի մասնակիցների շրջանում վերլուծաբաններն առանձնացնում և բարձր են գնահատում 2017-ին Սաակաշվիլիի կուսակցությունից անջատված «Եվրոպական Վրաստան` շարժում հանուն ազատության», ինչպես նաև «Լելո հանուն Վրաստանի» կուսակցությունների շանսերը։ Վերջինը հիմնադրել է երկրի ամենամեծ բանկի ՝ TBC բանկի նախկին ղեկավար Մամուկա Խազարաձեն:

Մինչ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները Վրաստանի 150 տեղանոց խորհրդարանն ընտրվում էր խառը ընտրական համակարգով. 77 մանդատ բաշխվում էր համամասնական, իսկ 73 մանդատ՝ մեծամասնական ընտրակարգով: Այս ընտրությունների արդյունքում նույն 150 մանդատները բաշխվելու են 120/30 համամասնությամբ, այսինքն ՝ 120 պատգամավոր կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ մնացած 30-ը՝ մեծամասնական ընտրակարգով:

Մեծամասնական յուրաքանչյուր ընտրատարածքում հաղթում է 50% -ից ավելի ձայներ հավաքած թեկնածուն: Եթե ​​թեկնածուներից որևէ մեկին չհաջողվի առաջին փուլում ձայների կեսից ավելին հավաքել, ապա տվյալ ընտրատարածքում կկազմակերպվի ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն առավել թվով ձայներ հավաքած երկու թեկնածուները: 120 մանդատը կբաշխվի առնվազն 1% կողմ ձայներ ստացած կուսակցությունների միջև, ըստ հավաքած ձայների համամասնության։

Միանձնյա կառավարություն կազմելու իրավունք ստանալու համար քաղաքական ուժը պետք է հավաքի ձայների առնվազն 40,54%-ը: Եթե ​​ընտրապայքարի մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկը չի հաղթահարում այս շեմը, ապա խորհրդարան մտած կուսակցությունները ստիպված կլինեն կազմել կոալիցիոն կառավարություն: Եթե ​​դա տեղի չունենա երկու շաբաթվա ընթացքում, ապա երկրի նախագահն իրավունք ունի ցրելու խորհրդարանը և նշանակելու նոր խորհրդարանական ընտրություններ:


Վրաստանում այօր բացվել է 3849 ընտրատեղամաս, ինչպես նաև 52-ը՝ արտասահմանում: Դրանք ընտրողներին կընդունեն մինչև 20:00, որից հետո կսկսվի արդյունքների ամփոփման փուլը։ Վրաստանի ԿԸՀ-ն առաջին արդյունքները կսկսի հրապարակել կեսգիշերն անց, իսկ լրատվամիջոցները կհրապարակեն էքզիթ փոլի արդյունքները։ Նշենք, որ վրացական 2020 խոհրդարանական ընտրությունները դիտարկվում է 48 միջազգային և 120 տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից»։



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page