«Քարկտիկ» տիկնիկային թատրոնն իր առաջին հյուրախաղն է անցկացրել Դալարիկ համայնքում
Updated: Mar 21, 2023
«Նարեկ» ՀԿ-ի նախագահ Աննա Ղուկասյանի նախաձեռնությամբ «Քարկտիկ» տիկնիկային թատրոնը վերջերս իր առաջին հյուրախաղն անցկացրեց Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի Հ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում։
«Այստեղ ամեն ինչ ապուպապոտ է,
Հորոտ-մորոտ է, մանկությունոտ»,- Աննա Ղուկասյանը Համո Սահյանի հայտնի խոսքերով սկսեց զրույցը Anews.am-ի հետ:
«Իմ մանկության երազանքն էր, որ իրականություն դարձավ տիկնիկային թատրոնի ստեղծումը` «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամի մարդկային և ֆինանսական աջակցությամբ։ Ծնվել ու մեծացել եմ գյուղում, ընտանիքս նույնպես կազմել եմ գյուղում։ Մեր մանկության տիկնիկները եղել են խաչափայտերը, չուչելները, քարերի վրա տիկնիկների դեմքեր նկարելը, շիրման` տատի տաքուկ շալը կամ գոգնոցը(արխալուխը)։ Մեզ համար երազանք էր այդ տարիներին գնալ Երևան` տիկնիկային թատրոն դիտելու։ Երբ հնարավորություն ընձեռնվեց ծրագիր ներկայացնել «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամին, միանգամից որոշում կայացրեցինք իմ գործընկերների հետ տիկնիկային թատրոնի ծրագիր գրել։ Մտավախությունը մեծ էր` մասնագիտական կրթություն չունի մեր թիմը, բայց դրա փոխարեն ունենք մեծ էնտուզիազմ, հավատ ու սեր մեր որդեգրած առաքելության նկատմամբ և անկոտրում կամքի ուժ` մեր տիկնիկները գործելու, պատրաստելու, սցենարներ հորինելու և բեմադրելու»,- պատմեց «Քարկտիկ» տիկնիկային թատրոնի հիմնադիրը:
Նրա խոսքով, տիկնիկային բեմադրությունը, տիկնիկների գործելը իրականացնում է Արմինե Գրիգորյանը, ով վաղուց է իրենց թիմում։
«Տիկնիկային ներկայացումները ցուցադրում ենք առայժմ մեր համայնքում` Քարակերտում։ Մեր դերասանները երեխաներ են, ովքեր իրենց մաքուր ու կլկլացող ձայնով ուրախություն են պարգևում իրենց հասակակիցներին»,- նշեց Աննա Ղուկասյանը:
Anews.am-ի հարցին, թե ինչո՞ւ «Քարկտիկ», Ղուկասյանը պատասխանեց. «Տիկնիկների խաղը շատ նման է մեր մանկության «Հինգ քար» խաղին, որտեղ աշխատում ես միշտ քո ձեռքով կառավարել խաղի ընթացքը և հասցնել ավարտին, այդ պատճառով ընտրեցի «Քարկտիկ» անվանումը»։
Ըստ նրա` առայժմ շատ անելիք կա: «Դեռ շատ ու շատ աշխատանք ունի մեր թիմը անելու, համալրվելու նոր երիտասարդ մասնագետներով, նոր գաղափարներով և նոր գործունեության ձևաչափով, որ մի օր Քարակերտում իր մշտական գործունեության դռները բացի «Քարկտիկ» տիկնիկային թատրոնը»,-հավելեց թատրոնի հիմնադիրը։
Նշենք, որ Աննա Ղուկասյանի նախաձեռնությամբ և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ 2020 թ. Քարակերտ համայնքում հիմնադրվեց «Քարկտիկ» տիկնիկային թատրոնը։ Գեղարվեստական դեկավարը` Աննա Ղուկասյանն է, ով նաև Քարակերտի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնի հիմնադիրն է:
Comments