Search

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենին



Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին: Հանդիպմանը ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը կարևորել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ երկու կողմերի համատեղ ջանքերը և հույս հայտնել, որ Թոմաս Մայր-Հարթինգի այցը ևս մեկ խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու համար: Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգային հարցերին, խոսել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին:


«Որպես Հայաստանի առանցքային գործընկեր՝ Եվրոպական միությունը պատրաստակամ է աջակցելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին միտված Հայաստանի ջանքերին՝ ի շահ ՀՀ քաղաքացիների: Մենք ակնկալում ենք արդյունավետ առաջընթաց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներում»,- հանդիպման ընթացքում նշել է ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ՝ երկուստեք կարևորելով դրանց հետևողական իրականացումը երկրի կայուն զարգացման տեսանկյունից:

#ՄհերԳրիգորյան #ԹոմասՄայրՀարթինգ #ԵՄպատվիրակությանղեկավար #ՀայաստանԵվրամիությունհամագործակցություն

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia