top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Դաշտային ուսումնավարժանք՝ 36 ժամ անընդմեջ



Ապրիլի 6-ին ԱԻՆ «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում և Արզնու ձորում շարունակվեց ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան անցկացվող՝ «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով 36 ժամ տևողությամբ ուսումնավարժանքը:

Ըստ սցենարի՝ պայմանական երկրում գրանցվել էր 6.7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ և «տուժած երկիրն» օգնության խնդրանքով դիմել էր միջազգային հանրությանը: Ապրիլի 5-ին ԱԻՆ 50-հոգանոց քաղաքային որոնողափրկարարական թիմն արդեն ժամանել էր «աղետի գոտի» և անցել իր պարտականությունների կատարմանը:

Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ամբողջ գիշեր նույն ինտենսիվությամբ շարունակեց որոնողափրկարարական աշխատանքները «աղետի գոտու» իրեն հատկացված հատվածում: Առանց ընդհատումների աշխատանք ապահովելու նպատակով հայ փրկարարները գործում էին հերթափոխով, որը հնարավորություն էր տալիս ծանր աշխատանքից հետո վերականգնել ուժերը՝ այդպիսով բարձրացնելով նաև իրականացվող փրկարարական գործողությունների արդյունավետությունը:

Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվում էին երկաթբետոնյա շինությունների ներսում, որտեղ առկա էին «զոհեր, վիրավորներ և արգելափակված անձինք»: Մարդկանց փլատակներից դուրս բերելու, արգելափակված անձանց ազատելու համար հայ փրկարարները օգտագործում էին հատուկ փրկարարական տեխնիկա:

Վարժանքի ընթացքում իրականացվել են պարանային, ամրակապման, մաքուր կտրման, քանդման, տուժածների դուրս բերման, առաջին բուժօգնության ցուցաբերման և այլ աշխատանքներ:

36 ժամ անընդմեջ աշխատանքի արդյունքում ՀՀ ԱԻՆ քաղաքային որոնողափրկարարական թիմն ամբողջությամբ լուծեց ուսումնավարժանքի սցենարով իր առջև դրված խնդիրները:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page