top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ հայաբնակ վայրերում տեղի ունեցածը պետք է գնահատենք՝ որպես ցեղա



Այսօր ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումները: «Այս դահլիճում ոչ ոք հենց այնպես չի հայտնվել, բայց մեր մեջ կան Սումգայիթը վերապրածները, և ես խոնարհվում եմ բոլորիդ առջև»,- Ազգային ժողովում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Լ. Ալավերդյանը գտնում է՝ ճիշտ ժամանակին են կազմակերպվել այս լսումները. «Հասկանալի է, որ 30 տարին երկար ժամանակ է, բայց երևի թե պետք էին այդ 30 տարիները, որ հասարակության մեջ հստակեցվի այն մոտեցումը, որ այն ամենը, ինչ մենք կոչում ենք Սումգայիթ, Բաքու, Գանձակ, և այլ բնակավայրերում տեղի ունեցած բռնությունները, ջարդերը, դրանք արժանի չեն հատվածական մոտեցման և քննարկման: Մենք պետք է հստակեցնենք, որ դեռևս մեկ դար առաջ՝ 1918 թվականին, առաջին անգամ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնված Ադրբեջանի Հանրապետություն միավորն իր վրա է վերցրել շարունակության ապահովումն այն ցեղասպանության, որը տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում, և՝ ոչ միայն: Երևի ճիշտ ժամանակն է, որ մենք հստակեցնենք, որ, երբ մենք խոսում ենք 1915 թվականի ցեղասպանության մասին, պետք է փաստենք, որ դա տեղի է ունեցել ոչ միայն Օսմանյան Թուրքիայում, այլև՝ ամբողջ տարածաշրջանում»:

Լ. Ալավերդյանը նկատեց, որ ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի ենթարկելու մասին կոնվենցիայի հոդված 2-ի մեջ ուղղակի նշված են բոլոր այն գործողությունները, որոնք համարվում են ցեղասպանություն. «Արևելյան Անդրկովկասում 1918 թվականին ձևավորված Ադրբեջանը որդեգրել և հետևողականորեն ու բացահայտ իրականացրել է հայերի նկատմամբ ցեղասպանական քաղաքականություն, որը միտված էր տարածաշրջանում հայության հայրենազրկմանն ու ոչնչացմանը: Այդ ծրագիրը տապալվեց Արցախահայության զինված դիմադրության շնորհիվ»:

Վերջինս ընդգծեց, որ հայաթափման իրական սպառնալիքի ներքո է, որ 1988 թվականին ծագել է Ղարաբաղյան շարժումը. «Շատ անգամ հենց փորձագետները գրում են հակառակը, թե ի պատասխան Արցախյան շարժման գործողությունների՝ տեղի է ունեցել Սումգայիթը: Պետք է հստակեցնենք, որ դա տեղի է ունեցել հակառակ տրամաբանությամբ: Դա հանցագործություն էր մարդկության դեմ: Ադրբեջանի ամբողջ տարածքում տեղահանվել է գրեթե կես միլիոն հայություն, ինչպես նաև բազմաթիվ այլազգիներ, որոնք փորձել են պաշտպանել կամ օգնել անօգնական հայերին: Այս ամբողջը տեղի է ունեցել ոչ միայն սովետական ղեկավարության լռությամբ, այլև՝ օժանդակությամբ»:

««Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ն տարիներ շարունակ պնդում է, որ մենք գործ ունենք ցեղասպանական հետևողական գործողության հետ, և հենց այդպիսինը պետք է լինի գնահատականն այդ հանցագործության: Մինչ այսօր ՀՀ-ում դեռևս չկա որևէ հստակ կարգավիճակ, որի ներքո կհայտնվեին այն անձինք, որոնք իրապես ցեղասպանության զոհեր են: Ես համոզված եմ, որ այս լսումների արդյունքում մեր կառավարությունը, իշխանությունները կգան այդ շատ պարզ արտահայտված մտքին, որ մենք պետք է գնահատենք դրանք՝ որպես ցեղասպանական գործողություններ, և Արցախի հիմնահարցը տեղափոխենք հենց այդ հարթություն»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page