top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԺԽՏՈՒՄԻ ՊԱՏԸ ՃԱՔ Է ՏՎԵԼ



2006 թ. Թուրքիայում հրատարակվեց Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի ընկեցիկը» («Հայրը և ապօրինի զավակը») վեպը, որը քննության է առնում Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի երկրորդ, երրորդ սերունդների կյանքն ու հոգեկերտվածքը: Գիրքը էջ առ էջ մեզ ներքաշում է մի աշխարհ, ուր իրար են բախվում ճակատագրերը, ուր հայ ու թուրք հերոսները ցավով, դառնությամբ ու տառապանքով են հասնում ինքնության ու եսի հաստատման ապահով ափը՝ թոթափելով նախապաշարումներն ու ատելությունը, սուտն ու զայրույթը:Այս գիրքը Թուրքիայում շատ կարճ ժամանակում դարձավ ամենալայն շրջանակների քննարկման նյութ, ավելին` մեծ հնչեղություն ստացավ թուրքական քաղաքական շրջանակներում: Թուրք վիպասանուհի Էլիֆ Շաֆաքը գրականության սիրահարներին ծանոթ է մի քանի վեպերով և շահած մրցանակներով, ֆեմինիստական իր կեցվածքով և, իհարկե, որպես նախկինում Էրդողանի կուսակից ու համախոհ, այսօր արդեն նրա քաղաքական ընդդիմադիր Գյուլենի հարսը: Իսկ Գյուլենի մասին ասում են, որ նրա երակներով էլ հայկական արյուն է հոսում: Այսօր Թուրքիան ունի նոր սերունդ, որում իրենց շատ փոքր տեղն ունեն նոր մտածողությամբ մտավորականներ: Էլիֆ Շաֆաքը ծնվել է Ստրասբուրգում՝ դիվանագետի ընտանիքում, ապրում է ԱՄՆ-ում, Թուրքիայում, գրում է թուրքերեն ու անգլերեն: Նա այդ նոր սերունդի ներկայացուցիչներից է: Էլիֆ Շաֆաքի գրքերը մեծ տարածում ունեն Թուրքիայում և թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով: «Ստամբուլի ընկեցիկը» վեպի հրատարակումից հետո, որում հիշատակվում է հայոց ցեղասպանությունը, Էլիֆ Շաֆաքին սպառնում էր 3-ամյա ազատազրկում՝ «թուրք ազգին վիրավորելու» համար, սակայն հետագայում մեղադրանքները հանվեցին «ապացույցների անբավարարության պատճառով»: Վեպը ցեղասպանության մասին չէ, այն ցեղասպանության ճանաչման մասին է: Գիրքը կարդալուց հետո մեկ անգամ ևս հասկանում ես, որ դա Թուրքիայի և թուրք ժողովրդի խնդիրն է, և որ դա առաջին հերթին նրանց է պետք: Սակայն գիրքն արժեքավոր ու կարևոր է նաև հայ ընթերցողի համար, որովհետև ստիպում է մտածել և անցյալն ու մեկ դար առաջ կատարված ազգային ողբերգության պատճառները փորձել հասկանալ նորովի: Հասկանալ, թե ինչպես եղավ, որ չկարողացանք պաշտպանել մեզ, մեր երեխաներին և մեր հողը: Էլիֆ Շաֆաքի և նրա պես մտավորականների գոյությունը փաստում են, որ թուրքերն ուզում են դառնալ քաղաքակիրթ ազգ և որ ունեն այդ ձգտումը: Վեպը կարդալու հաճուքն ու հայ լինելուդ ցավը ընթերցանությունը դարձնում են ցավագին: Մեծարժեք այս ստեղծագործությունը ուշագրավ է զոհի ու դահճի ժառանգների փոխհարաբերության և եղեռնի վերաբերեալ նրանց ընկալումների զուգահեռների ու տարբերութունների վարպետ վերլուծությամբ, երիտասարդ հայուհու և թուրք աղջկա անսպասելի, բայց սրտառուչ մտերմությամբ: Էլիֆ Շաֆաքը չի տարվել սոսկ ենթադրություններով: Նա լավ է ուսումնասիրել հայերին ու հայոց պատմութունը: Եղեռնի սարսափների նկարագրությունները, ժամանակակից հայերի ու Հայաստանի մասին նրա տված տեղեկությունները՝ ճշգրիտ ու հավաստի, գեղարվեստական հրաշալի հնարանքներով համեմված, անձնական ու հավաքական, զոհի ու դահիճի հոգեբանության համոզիչ վերլուծությամբ վեպը դարձրել են գրավիչ, համոզիչ ու ընթերցողին կլանող: Լևենտ Քազանջը` վեպի թուրք ընտանիքի հայրը, ով նկարագրված է որպես իր հարազատների նկատմամբ անգութ և անսեր մի մարդ, ով տանը բռնակալ է, իսկ դրսում կարողանում է երևալ հուսալի, նրբանկատ և արդարամիտ, արտահայտում է թուրքի ինքնությունը: Պատահական չէ նաև, որ նա խառնածին զավակ է: Մայրը հայ է` եղեռնից փրկված մի աղջիկ, ով, սակայն, հետագայում հրաժարվում է ամուսնուց և թուրք որդուց` Լևենտից ու մեկնում ԱՄՆ, որտեղ իր ընտանիքն է ստեղծում` հայի ընտանիք: Գրողը առանձնահատուկ ակնածանքով ու հարգանքով է նկարագրում հայ ընտանիքի բարքերը: Նրա վեպում Չաքմաքչյաններն ազնվական նկարագիր ունեն: Հակառակն է թուրք Քազանջի ընտանիքը, որին Շաֆաքը թեև նկարագրում է սիրով ու ջերմությամբ, սակայն ցույց է տալիս, որ հասարակ վարք ու բարքի ընտանիք է, բայց դա չէ էականը, այլ այն, որ այդ ընտանիքի բոլոր տղամարդիկ մահանում են հանկարծակի և երիտասարդ տարիքում, որովհետև անիծված են: Միակ տղամարդը, որ վեպում դեռևս կա` Մուսթաֆան, այդ ընկեցիկի հայրը և միաժամանակ քեռին, այլևս երեխաներ չի ունենում, որովհետև «իր սրտի խորքում համոզված էր, թե ինքն արժանի չէ երեխաներ ունենալու»:


Կանացի կերպարները, որոնք վեպի հերոսներն են, թուրք ժամանակակից մի ընտանիքի անդամներ են` մեկը մյուսին հակասող, մեկը մյուսից տարբեր մարդիկ: Գլխավոր դերը տրված է ընտանիքի կրտսերին` Ասյային: Հեղինակը վարպետորեն պատկերել է թուրք և հայ հա¬սարակայնության հիմնական խնդիրները, որոնց մեջ առաջնային տեղ է զբաղեցնում ցեղասպանության հիշողությունը: Բացի այդ, հեղինակն ի ցույց է հանել թուրք հասարակության անտեղյակությունն իրենց պատմության որոշակի փուլերի և մասնավորապես Հայկական հարցի վերաբերյալ: Այս երևույթն աչքի է զարնում երիտասարդ հայուհի Արմանուշ Չաքմաքչյանի և Քազանջի ըն¬տանիքի անդամների զրույցների ժամանակ: ԱՄՆ-ում մեծացած Արմանուշ Չաքմաքչյանի և թրքուհի Ասյա Քազանջի միջոցով բացահայտվում է այսօրվա Թուրքիան: Արմանուշը, սակայն, ուրիշ աշ-խարհից է. հայրական կողմից այս հայ աղջիկն արմատներն ու ինքնությունը գտնելու համար մորը թողնում է Արիզոնայում, իսկ հորը՝ Կալիֆորնիայում, մենմենակ ու գաղտնի մեկնում է Ստամբուլ, ուր մի ժամանակ ապրել է տատը: Իր համար անսպասելի՝ նա հայտնաբերում է հայատյացությունից հեռու Ասյային` հյուրընկալ ընտանիքի 19-ամյա աղջկան: Ասյան` Ստամբուլի բիճը, և Արմանուշը միասին բացահայտում են ոչ միայն Ստամբուլի հմայքներն ու քմայքները, այլև պարզում ցեղասպանության զոհի ու դահիճի վարքագծի բարդ ու խճճված հոգեվիճակների պատկերը: Անձնականն ու հավաքականը, հիշելն ու մոռանալը, պահանջն ու մերժումը, իրականն ու կախարդականը, մտածված բազմաթիվ այլ զուգահեռները, թուրքական առածներն ու ավանդազրույցները, համացանցային հայ ընկերներն ու հայության տարբեր խավերի տեսակետներն օգնում են գրողին ասել ավելին, քան ուղղակի խոսքն է ընդունակ: «Ստամբուլի ընկեցիկը» Էլիֆ Շաֆաքի անգլերեն գրած երկրորդ վեպն է: Եվ չնայած դրան` հենց Թուրքիայում էր, որ սկզբնապես ընթերցասեր լայն հասարակայնության կողմից մեծ հաջողության արժանացավ: Հեղինակի օգտագործած լե-զուն զարմանալիորեն նրան ամենևին էլ «պակաս» թուրք գրող չի դարձ¬րել: Կարելի է ասել` նույնիսկ ընդհակառակը: Այս գրքի միջոցով կարծես քայլում ես Ստամբուլի փողոցներով, ճաշակում համեղ ուտելիքները, շփվում բարի մարդկանց հետ, ծանոթանում նրանց առօրյա հոգսերին, հասկանում նրանց հոգեբանությունը: «Ստամբուլի ընկեցիկը» լույս տեսնելուց անմիջապես հետո թուրք ազգայնամոլ փաստաբան Քեմալ Քերինչսիզը, ով մինչ այդ դատի էր տվել շուրջ վաթսուն մտավորականների, այդ թվում նաև Նոբելյան դափնեկիր Օրհան Փամուքին` մե-ղադրելով նրանց «Ազգային ինքնությունը վիրավորելու» համար, քրեական օրենսգրքի նույն՝ 301 հոդվածով դատի տվեց նաև Էլիֆ Շաֆաքին: Նա իր մեղադրանքները հիմնավորում էր` ասելով, թե երբ վեպի հայ կերպարները հիշատակում են «թուրք մարդասպանների» կողմից «կոտորված» միլիոնավոր հայերին, դրանով «վիրավորում են ազգային ինքնությունը»: Շաֆաքն, ինքնապաշտպանության անցավ. «Եթե վեպում գողի կերպար կա, ապա դա չի նշանակում, որ գրողն ինքը գող է»: Հենց այսպես էլ նա խոսել էր ի պաշտպանություն՝ ասելով, որ «առաջին անգամը չէ, երբ ազգայնամոլները փորձում են վեպը դատի տալ»: Գիրքն արգելվեց Թուրքիայում. այն հավաքեցին գրախանութներից և այրեցին, գրողի դեմ մամուլում հալածանքի ալիք սկսվեց, սակայն Էլիֆ Շաֆաքը չդատապարտվեց: Սրանով արդար գնահատական տրվեց այն մտավորականներին, ովքեր պատրաստ են զրկանքների գնալ` հանուն ճշմարտության: Որովհետև կան ու ստեղծագործում են մարդկային իրավունքները մնացած բոլոր արժեքներից վեր դասող այն մտավորականները, ովքեր, հասկանալով հասարակության առաջ իրենց պարտքը, բառի ուժն օգտագործում են մարդու մեջ մարդկայինն արթնացնելու համար: Առանց դրա մարդկայինի ցանկացած հասարակություն միայն կործանման է դատապարտված: Այն փաստը, որ բարձրարժեք գրականությունը, մարդկային կյանքի փորձն օգտագործելով, կարող է հաղթահարել ազ¬գային սահ-մանափակություններն ու մշակութային արգելքները, առավել ցայտուն է դառնում: Իսկապես, նա, ով սիրում է իր հայրենիքը հենց այսպես, պետք է պայքարի նրա ապագայի համար՝ գրելով այն, ինչը գիտեն բոլորը, բայց ցանկանում են մոռանալ, կեղծել, անել ամեն ինչ` պատասխանատվությունից խուսափելու համար: Հեղինակը չի թաքցնում գլխավոր նպատակը, որը երկու կողմերին իրար մոտեցնելն է: Ժամանակակից ու խելացի մտածելակերպ օգտագործելով` նա փորձում է պատասխան գտնել այն հարցին, թե որդիներն արդյո՞ք պատասխանատու են հայրերի գործած ոճիրի համար, և եթե այո, ապա ի՞նչ չափով և ինչպե՞ս: Կամ ո՞րն է ելքը, եթե ոճրագործներն այլևս չկան, սակայն տուժողի վերքը չի սպիացել: Շաֆաքը լիարժեք պատասխան չունի այս հարցերին: Սակայն կարևորը պատասխանն իմանալը չէ, այլ այն, որ նա հասկանում է, որ լռելն ու ուրանալը, մոռանալն ու հիշողությունից ջնջելը հարցին լուծում չեն կարող տալ: Եվ այսքանն էլ բավարար է, որ հարցը քննարկման դնեն. կարևոր ու առաջնային քայլը հենց դա է: Հեղինակը դա արել է փայլուն` կերտելով հուզառատ, կախարդող ու դրամատիզմով հարուստ մի ստեղծագործություն: Նա խոսում է մեր ժողովուրդների նմա-նությունների մասին` մեծ վարպետությամբ ու խնամքով նկարագրելով ուտեստները, հետո գունեղ ու արտահայտիչ ոճով անդրադառնում է մեր ազգային խառնվածքները բնորոշող բանահյուսությանը, այն պատմություններին, որոնք սիրում ենք կրկնել, և որոնք բնորոշ են մեզ ու ցույց են տալիս մեր ընդհանրությունները: Հեղինակը գաղտնի չի պահում նաև իր այն երազանքը, որ այս ընդհանրու-թյունների մասին խոսելով, նաև պատմական իրողությունն ընդունելով՝ կկարողանա փոխել կարծրացած մտածելակերպը ու երկու կողմերին իրար մոտեցնելով` հասնել ցանկալի ներդաշնակության: Գրականությունը, եթե արժեքավոր է, կարող է նույնիսկ ավելի հզոր լինել, քան պատմությունը: «Այն գիտելիքը, որը մեզ չի բարձրացնելու վեր, շատ ավելի վատ է, քան տգիտությունը»,- ասում է Էլիֆ Շաֆաքը և առաջնորդվում նույն այդ սկզբունքով: Ամերիկաբնակ Չաքմաքչյանները գերազանցապես ապրում են անցյալի և հատկապես ցեղասպանության հիշողություններով, ինչը երբեմն նրանց խանգա-րում է ապրել ներկայով: Թուրքիայում Քազանջի ընտանիքն է, որը չի հիշում անցյալը, ասես չունի հիշողություն և ապրում է միայն ներկայով: Հիմնական հերոսներն ահա այդ երկու ըն¬տանիքների երիտասարդ աղջիկներ են` ամերիկաբնակ Արմանուշ Չաքմաքչյանը և ստամբուլաբնակ Ասյա Քազանջը: Հեղինակը շարունակ ստեղծում է այնպիսի վիճակներ, որպեսզի խաչվեն հայերի և թուրքերի ճանապարհները, այդպիսով շփվեն և փորձեն հասկանալ իրար: Ավանդապահ հայկական ընտանիքի զավակ Պարսամ Չաքմաքչյանն ամուսնանում է ամերիկուհի Ռոզիի հետ և նրանից ունենում մի աղջիկ` Արմանուշ Չաքմաքչյանին, ում դաստիարակում են հայկական ավանդույթներով: Աղջկա դաստիարակության և մտածողության ձևավորման գործում մեծ տեղ ունի հայոց ցեղասպանության հիշողությունը: Հեղինակի կարծիքով, եթե ցանկանում ես կառ¬չել ժամանակի վաղանցիկ պահերից, որոնք թանկ են, հիշողություններն օրհնություն կարող են լինել, բայց ինչպե՞ս վարվել, երբ անցյալում տեղի ունեցած իրո¬ղությունների մասին որևէ հուշ քեզ կարող է միայն ցավ ու ամոթանք պատճառել: Հիշողությունը կարող է անեծք դառնալ, երբ ուզում ես, սակայն չես կա¬րողանում մոռանալ: Նման հոգեբանական իրավիճակում նույնիսկ ամենաազ-նիվ անհատը կարող է փորձել մոռացության տալ կատարվածը, քանի որ իրականության հետ նա չի կարող համակերպվել: Իսկ երբ նա հեռանում է այն միջավայրից, որն ինչ-որ չափով կամ ինչ-որ ձևով կարող էր նրան հիշեցնել այդ անց-յալը, ի վերջո կարողանում է (կամ այդպես թվում է) հասնել է մի ապահով վիճակի, ինչը կա°մ ինքնախաբեություն է, կա°մ էլ կամովին ձեռք բերած ամնեզիա: Իսկ այդ անբնական վիճակում չես կարող երկար գոյություն ունենալ: Այդ գրքի հիմնական արժեքն, ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, այն է, որ ունի փաստագրական հիմք, ավելի մեծ տպավորություն է թողնում թուրք հասարակության վրա, քան մի շարք պատմական աշխատություններ, և կարող է օգտագործվել որպես քարոզչամիջոց՝ պաշտոնական Անկարայի ցեղասպա¬նու-թյան մոռացության և ժխտման քաղաքականության դեմ, քանի որ գրվել է հենց թուրք հեղինակի կողմից: Ըստ Մելքոնյանի՝ թուրք հեղինակների ավելի քան 20 գիրք ուղղակի կամ անուղղակի վերաբերում են հայոց ցեղասպանությանը: Վեպն օժտված է բարձր գեղարվեստական որակով: Այն հմուտ և արդիական ոճին լավ տիրապետող գրչի արդյունք է: Մի կողմ թողնելով ասելիքը` չի կարելի չնկատել, թե որքան պատկերավոր է հեղինակը ներկայացնում այն միջավայրը, որի մասին խոսում է: Նա օգտագործել է գեղարվեստական չափազանց յուրահատուկ հնարքներ` համեմելով իր երևակայության համար հատկանշական շնչով, ստեղծագործությանը հաղորդելով ժամանակակից ընթերցողի ճաշակը բավարարող ոճ ու կառուցվածք: Վեպը 2012-ին Երևանում լույս է տեսել Արփի Աթաբեկյանի թարգմանությամբ, «Արգելված գրքեր» մատենաշարով:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page