top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ տեղի ունեցավ կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառը


Ձեռներեցության համաշխարհային շաբաթվան նվիրված ամփոփիչ միջոցառումը, որը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էին Հայկուհի Գևորգյանը՝ ի դեմս Career Lab-ի և Արաքսյա Մարտիրոսյանը՝ ի դեմս IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայի, կարիերայի և ձեռներեցության տոնավաճառն էր, որի շրջանակում հանդիպելու հնարավորություն ստացան աշխատանք փնտրողներն ու աշխատանք առաջարկողները: Միջոցառումը տեղի ունեցավ Մարիոթ հյուրանոցում:

Կարիերայի տոնավաճառի մասնակիցները խորհուրդներ ստացան կենսագրական կազմելու վերաբերյալ, ունեցան քննարկումներ ապագայի աշխատանքների, մասնագիտական կողմնորոշման և շատ այլ հարցերի շուրջ: Տոնավաճառին մասնակցող գործատուներն ունեին շուրջ 180 թափուր տեղ և ցանկանում էին դրանք համալրել Հայաստանի լավագույն կադրերով:

«Այսօրվա գլոբալ աշխարհում ձեռներեցներն ու աշխատանք փնտրողները պետք է ճկուն լինեն, պատրաստ ռիսկի դիմել և օգտվել հնարավորություններից, երբ դրանք ընձեռվում են: Այս միջոցառումը հենց մի այդպիսի հնարավորություն է», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը տոնավաճառի բացման ժամանակ:

Կարիերայի և ձեռներեցության տոնավաճառը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացված ամենամեծ միջոցառումն է այս տարվա Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա ընթացքում, որը ձեռներեցության խթանմանն ուղղված տարբեր միջոցառումներով նշվում է աշխարհի ավելի քան 170 երկրներում: ԱՄՆ դեսպանությունը, աշխատելով տարբեր փոխանակման ծրագրերի շրջանավարտների հետ, աջակցում է ձեռներեցությանը տարբեր նախաձեռնությունների միջոցով, մասնավորապես՝ քննարկումներ հաջողակ կին գործարարների հետ, տնտեսվարման մասին խորհուրդներ սկսնակ ընկերությունների համար և քննարկումներ Հայաստանում հաջող բիզնես վարելու մասին:

«Ուր էլ որ գնամ Հայաստանում, ամենուր երևում է հայ ժողովրդի մտավոր ներուժը և ստեղծարար ոգին: ՏՏ ոլորտի ստարտափերից սկսած մինչև կայացած վերազգային կորպորոցիաներում աշխատող դիզայներներ ու ճարտարագետներ… Հայաստանը վերելք է ապրում այն մարդկանց շնորհիվ, ովքեր իրենց կրթությունն ու իմացությունն օգտագործում են իրենց կյանքն ու շրջապատը բարելավելու համար. նրանք են իրական ձեռներեցները», - նկատեց դեսպան Միլսը:


0 comments
bottom of page