top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Օրինագծի վերնագիրը պետք է արտահայտի դրա բովանդակությունը. Ատոմ Մխիթարյան



«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀ ԲՈՀ նախագահի տեղակալ, ֆ.մ.գ.թ. Ատոմ Մխիթարյանը: Ստորև ներկայացնում ենք փաստարկված գրառումը:

Օրենսդրական դաշտում կատարվող կամ առաջարկվող յուրաքանչյուր փոփոխության պետք է նախորդի ոլորտի, միջազգային փորձի համապարփակ ուսումնասիրություն: Հանրային քննարկման է դրված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախ միանգամից ասեմ, որ հարկավոր է հենց վերնագիրը փոխել. օրինագծի վերնագիրը պետք է արտահայտի դրա բովանդակությունը: Կարելի է ուղղակի կարճ՝ Գիտության մասին օրենք: Կամ, ասենք, Գիտության ոլորտում պետական քաղաքականության մասին: (Ինչպես, օրինակ, ՌԴ-ն վերջերս արեց, տես՝ http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_11507/

Քանի որ վերոհիշյալ օրենքն ամրագրում է նաև ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման համակարգի սկզբունքները, որոնց մասին միշտ առկա է բուռն քննարկում, ապա պետք է ասել, որ հրապարակում առկա է 2 տեսակետ: Նախ, իբր, Բոլոնիայի գործընթացի պահանջն է, որ Հայաստանում լինի գիտական միայն մեկ աստիճան: Երկրորդ՝ հակառակ տեսակետը, թե՝ Հայաստանն այլևս ԵԱՏՄ անդամ է ու մեր գիտական աստիճանաշնորհման համակարգը պիտի կրկնի կամ մոտ լինի ռուսականին, որտեղ շնորհվում են գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճաններ: Պետք է հասկանալ, որ Բոլոնյան հռչակագիրը խիստ սահմանափակումներ չի առաջադրում փաստաթղթին միացած երկրներին, թույլ է տալիս ընտրության հնարավորություն: Առավել «խելացի» երկրները, ինչպիսիք են Ֆրանսիան, Շվեդիան կամ Գերմանիան, չհեռանալով սեփական ավանդույթներից, օգտվում են այդ հնարավորությունից: Մենք, նաև ողջ հետխորհրդային տարածքի երկրները, անվերապահորեն ընդունում ենք՝ ոչինչ չառաջարկելով սեփական փորձից, ձևավորված ավանդույթներից: Մինչդեռ, գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը մեր յուրօրինակ ներդրումը կարող է լինել: Անիմաստ կլինի ուղղակի հրաժարվել դրանից, քանզի տրամաբանորեն մեզ համար անհատը մտնում է գիտության ասպարեզ թեկնածուականով, իսկ դոկտորականով իր ուրույն ներդրումն է ունենում գիտության մեջ: Դրանք որակապես տարբեր մակարդակներ են: Ավելին, եթե առաջին գիտական աստիճանը որոշակի առնչություն ունի բարձրագույն կրթության համակարգի հետ, ապա երկրորդ աստիճանը զուտ գիտական է և որևէ կրթական բաղադրիչ չի ենթադրում: Գոյություն ունի նաև «առասպել», իբր թե այժմյան երկաստիճան համակարգը խանգարում է Արևմուտքում մեր վկայագրերի փոխճանաչմանը: Դա իսկապես առասպել է, որովհետև այս հարցում Արևմուտքում չկա միասնական մոտեցում: Օրինակ` իտալական դոկտորի աստիճանը մեխանիկորեն չի համարվում անգլիական PhD: ԱՄՆ մեկ նահանգում ստացված բժշկագիտության դոկտորի վկայագիրը կարիք ունի հաստատման մեկ այլ նահանգ տեղափոխվելիս:

Վերադառնալով գիտական աստիճանների շնորհման ժամանակակից համակարգերին` նշեմ, որ դոկտորի (PhD) կամ դրան համարժեք գիտական աստիճան շնորհվում է համալսարանների ու գիտահետազոտական կազմակերպությունների կողմից և հաստատվում հատուկ հավատարմագրված գործակալությունների կամ Կրթության և գիտության նախարարությունների կողմից: ԱՄՆ և Կանադայի համալսարաններից շատերը (օրինակ՝ Հարվարդի համալսարանը) շնորհում են գիտության դոկտորի աստիճան ըստ տարբեր ոլորտների՝ Sc.D., S.D., D.Lit., LL.D. կամ Dr.Sc.: Ֆրանսիայում ու Գերմանիայում շնորհվում է կոնկրետ համալսարանի դոկտորի (docteur, doktor) աստիճան և, ընդհանրապես, աշխարհում գոյություն ունի ավելի քան 20 անվանում, որ համարժեք է PhD-ին: 2011 թ. նոյեմբերին UNECSO-ի 36-րդ համաժողովն հաստատեց «Կրթության միջազգային ստանդարտ դասակարգումը» (ISCED), որտեղ դոկտորի (կամ դրան համարժեք) աստիճանը համարվում է ամենաբարձր՝ 8-րդ կրթական աստիճանը: Այն սովորաբար ավարտվում է գրավոր ատենախոսության պաշտպանությամբ, որը պիտի կատարված լինի ինքնուրույն և էական ներդրում ունենա գիտության կոնկրետ բնագավառում գիտելիքի ընդլայնման ուղղությամբ:

Եվրոպական երկրներում գոյություն ունի նաև երկրորդ գիտական աստիճանին նմանվող հաբիլիտացիան, որը որոշակի կրթական ծրագրեր չի պահանջում և ենթադրում է ատենախոսության կամ ինքնուրույն հետազոտական աշխատանքի ներկայացում: Ֆրանսիայում այն անվանվում է Habilitation a diriger des recherches,Գերմանիայում և Շվեյցարիայում՝ Dr. habil, Ավստրիայում՝ Priv.-Doz, Դանիայում, Բուլղարիայում, Լեհաստանում՝ dr. hab, Պորտուգալիայում՝ Agregacao և այլն: Գերմանիայում, օրինակ, հաբիլիտացիան, ըստ էության, գիտության որոշակի բնագավառում հետազոտություններ կատարելու և դասախոսելու ունակությունների ճանաչումն է: Գերմանիայում հաբիլիտացիայի դիմելիս հարկավոր է ներկայացնել. գրավոր աշխատություն, որը կարող է լինել գերմաներեն կամ անգլերեն, բանավոր ներկայացում, որի տևողությունը պիտի լինի 30-45 րոպե, դասախոսություն՝ մանկավարժական ունակությունները ցուցադրելու համար: Գրավոր աշխատությունը, որպես կանոն, կազմվում է գիտնականի հրատարակած շուրջ 40 գիտական աշխատանքների հիման վրա: Հաբիլիտացիայի գիտաժողովին մասնակցում են տվյալ ֆակուլտետի պրոֆեսորները, տվյալ բնագավառի պատվավոր պրոֆեսորի կոչում ունեցողները, հրավիրված մասնագետներ, դասախոսներ այլ համալսարաններից, գիտահետազոտական կազմակերպություններից: Նրանցից կազմվում է հաբիլիտացիայի հանձնաժողով, որը կարող է ունենալ մինչև 11 անդամ՝ քվեարկելու իրավունքով: Ներկայացված աշխատանքը նախապես քննարկման է տրվում առնվազն 3 մասնագետից կազմված խմբի, որոնց մեծամասնությունը պիտի լինեն տվյալ բնագավառի պրոֆեսորներ: Նրանցից յուրաքանչյուրը հաբիլիտացիայի գիտաժողովին ներկայացնում է իր գրավոր կարծիքը ներկայացված աշխատանքի վերաբերյալ, երաշխավորություն՝ հաբիլիտացիան ընդունելու կամ մերժելու վերաբերյալ: Բանավոր ներկայացումից հետո տեղի է ունենում կարծիքների ազատ փոխանակություն, տրվում են հարցեր: Հաբիլիտացիայի շնորհումը կամ մերժումը կատարվում է հանձնաժողովի անդամների քվեարկությամբ՝ ձայների մեծամասնությամբ: Հաբիլիտացիա ստանալուց հետո գիտնականը կարող է ստանալ մշտական/ցմահ պրոֆեսորի կոչում: Ընդ որում, ՌԴ ԲՈՀ-ը Արևմուտքում հաբիլիտացված դոկտորին ճանաչում է Ռուսաստանի գիտությունների դոկտորին հավասար:

Վերջում ավելացնեմ, որ գիտությունների թեկնածուին դոկտոր անվանելիս շփոթություն կարող է առաջանալ: Գիտական մեկ աստիճան ունեցող երկրներում չկա երկրորդ՝ մեզանում հայտնի գիտությունների դոկտորի աստիճանը, իսկ «դոկտոր» անվանում են հենց գիտական առաջին և միակ աստիճանն ունեցողներին: Այս խնդրի վերաբերյալ երկու գիտական աստիճան ունեցող երկրներում առկա է գիտական քննարկում, իսկ սեղանի վրա դրված առաջարկներից նախընտրելի է “Grand Doctor” տարբերակը, հայերենում՝ Ավագ դոկտոր:

Գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման պատմության ու ժամանակակից տարբեր համակարգերի մասին մանրամասներ կարելի է գտնել այս գիտական հոդվածում՝ http://paara.am/wp-content/uploads/2012/04/HK-2016-3_Tparan.pdf, Հեղինակ՝ Ա. Մխիթարյան: Այստեղ՝ https://www.academia.edu/34832826/%D4%B4%D5%88%D4%BF%D5%8F%D5%88%D5%90%D4%B1%D5%86%D5%8F%D5%88%D5%92%D5%90%D4%B1_DOCTORATE_BASES_OF_THE_ORGANIZATION_OF_HIGHER_EDUCATION_AT_THE_THIRD_LEVEL_-_1

Նաև վերջերս հրատարակված այս գրքում՝

Կարծում եմ այս աշխատանքները պետք է օգտագործել օրինագիծը պատշաճ մակարդակով վերամշակելու համար:


0 comments
bottom of page