Search

Best of British Education կրթական ցուցահանդեսը մեկնարկում է Երևանում


Հոկտեմբերի 25-ին ժամը 14.30-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա Best of British Education կրթական ցուցահանդեսը, որը կազմակերպում է Երևանում բրիտանական դեսպանատունը Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ

Best of British Education կրթական ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ինչպես տարբեր ոլորտների մասնագետների, այնպես էլ ուսանողների և դպրոցականների համար ծանոթանալու Միացյալ Թագավորությունում, Հայաստանում և այլուր բրիտանական որակյալ կրթություն ձեռք բերելու հնարավորություններին, մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագրերին ու անգլերենի ուսուցման և թեսթավորման ծրագրերին:

«Հայաստանում գտնվելուս ավելի քան երկու տարիների ընթացքում ես նկատել եմ, թե հայկական ընտանիքներն ինչքան բարձր են գնահատում կրթությունը։ Հետևաբար ես շատ ուրախ եմ, որ հետզհետե աճում է բրիտանական համալսարանների հետաքրքրվածությունը՝ խթանելու հայաստանյան հաստատությունների հետ կապերը։ Նաև ուրախ եմ, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հետաքրքրված է կիրառելու բրիտանական փորձը՝ դպրոցներում անգլերենի դասավանդումը բարելավելու նպատակով», -ասաց ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

«Կրթական ցուցահանդեսների շնորհիվ մեր ուսանողները կկարողանան ծանոթանալ այն հնարավորություններին, որոնք ընձեռում է Միացյալ Թագավորությունը», -ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան մասնամասն տեղեկություններ ձեռք բերելու այնպիսի կրթական ծրագրերի մասին, ինչպիսիք են՝ Chevening կրթաթոշակային ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում անվճար մագիստրոսական կրթություն ստանալ բրիտանական լավագույն համալսարաններում, John Smith Fellowship ծրագիրը, որի միջոցով հնարավոր է անվճար մասնագիտական վերապատրաստում ստանալ բրիտանական պետական և մասնավոր կառույցներում, Բրիտանական խորհրդի անգլերենի ուսուցման և դասավանդման ծրագրերը, Անգլերենի իմացության IELTS, APTIS թեստերը, CMI, CIMA և ACCA մասնագիտական որակավորումները, Շեֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի առաջարկած ծրագիրը, Դիլիջանի միջազգային դպրոցը, Քեմբրիջի միջազգային դպրոցը, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցը:

Կներկայացվեն նաև բրիտանական հանրահռչակ հրատարակչությունների գրքերը:

Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն նաև նշված ծրագրերի առանձին շնորհանդեսներ:

Ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան նաև շահելու հետաքրքիր մրցանակներ՝ մասնակցելով Treasure Hunt մրցույթին, որին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել:

Ցուցահանդեսը կազմակերպվել է հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված նախաձեռնությունների շրջանակում:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia