Search

Ֆրանկոֆոն երկրների 8-րդ մարզամշակութային խաղերից Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է մրցանակներո


Հուլիսի 21-30-ը Աբիջան քաղաքում (Կոտ դ’Իվուար՝ Փղոսկրե ափ) անցկացվել են Ֆրանկոֆոնիայի 8-րդ մարզամշակութային խաղերը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: Հայաստանյան պատվիրակությունը խաղերին մասնակցել է հետևյալ կազմով և մրցակարգերում. «Երգ» /Անի Սարգսյան/, «Պար» /Արփինե Բալայան և Գեղամ Հակոբյան/, «Քանդակագործություն» /Հայկ Ղազարյան/, «Նկարչություն» /Արարատ Մինասյան/, «Լուսանկարչություն» /Անուշ Բաբաջանյան/, «Գրականություն» /Աննա Բաղդասարյան/, «Հեքիաթ» /Մերի Գալստյան/: Անուշ Բաբաջանյանը «Լուսանկարչություն» անվանակարգում արժանացել է Արծաթե մեդալի, իսկ Աննա Բաղդասարյանը «Գրականություն» անվանակարգում՝ Հատուկ մրցանակի և Լիոն քաղաքում պատմավեպի հրատարակության հրավերի: Ֆրանկոֆոն երկրների մարզամշակութային խաղերի մյուս կարևոր բաղադրիչը սպորտն է: Այս տարի նույնպես հայաստանյան պատվիրակության մարզիկներն արժանացան բարձր պարգևների: Ազատ ոճի ըմբշամարտում հանդես եկած Խաչատուր Պապիկյանն իր քաշային կարգում արժանացել է Ոսկե մեդալի և դրամական խրախուսանքի, նույն ոճի տարբեր քաշային կարգերում Մարզպետ Գալստյանը, Վարուժան Կաջոյանը և Մխիթար Գրիգորյանն արժանացել են Արծաթե մեդալների, իսկ Վաղինակ Մաթևոսյանը և Աշոտ Վելիցյանը՝ Բրոնզե մեդալների։ Ձյուդո մարզաձևում Բրոնզե մեդալի է արժանացել Գրիգոր Սահակյանը:

Կոտ դ’Իվուարի Հանրապետության Ֆրանկոֆոնիայի 8-րդ միջազգային խաղերի պատասխանատու՝ նախարար Ռոբերտո Բեյուգրե Մամբիի հրավերով ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը հուլիսի 22-ին և 23-ին մասնակցել է նաև ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների 4-րդ համաժողովին: «Մշակույթը՝ որպես մարդկության կայուն զարգացման գործոն» թեմատիկ քննարկման ընթացքում նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով և ներկայացրել Հայաստանում մշակույթի ոլորտի ռազմավարական ու կարևոր ուղղությունները: Ա. Սամուելյանը ներկաներին հիշեցրել է նաև, որ 2018 թվականի հոկտեմբերին Հայաստանում կկայանա Ֆրանկոֆոն երկրների գագաթաժողովը: Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների հաջորդ համաժողովը տեղի կունենա 4 տարի հետո՝ Քվեբեկում: Համաժողովի ավարտին ստորագրվել է հուշագիր: Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հիմնադրվել է 1970 թվականին, որի մեջ ընդգրկված են 57 լիիրավ, 3 ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող 20 պետություններ: Ֆրանկոֆոն երկրների մարզամշակութային խաղերն անցկացվում են չորս տարին մեկ: Ֆրանկոֆոն երկրների 8-րդ մարզամշակութային խաղերին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի և ՀՀ սպորտի, երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia