Search

Հանրապետության հրապարակի երգող շատրվաններն ունեն նոր երաժշտացանկ



Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը, որը մեկնարկել է գեղեցիկ ֆլեշ-մոբով. ազգային և ժողովրդական երաժշտության և շատրվանների ռիթմիկ ջրացայտերի ներքո երիտասարդները ներկայացրել են գեղեցիկ պարային կատարումներ:

Միջոցառմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով նշել է, որ գունաձայնային շատրվանների նոր երաժշտացանկը կազմվել է երաժշտական տարբեր ուղղություններ ներկայացնող երգերից ու երաժշտություններից, որպեսզի հնարավորինս բավարարի բոլորի երաժշտական նախապատվություններն ու ճաշակը: Ցանկում ներառված են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան բազմաժանր ստեղծագործություններ՝ դասականից մինչև ժամանակակից:

Նոր երաժշտացանկը հաճելի անակնկալ էր ոչ միայն մայրաքաղաքի բնակիչների, այլ նաև հյուրերի համար, քանի որ Հանրապետության հրապարակի գունաձայնային շատրվանները հանդիսանում են ինչպես երևանցիների, այնպես էլ զբոսաշրջիկների հանգստի ու ժամանցի ամենասիրելի զբոսավայրերից մեկը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia