Search

Հուլիսի 29-ին մայրաքաղաքում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ



Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ավարտին են մոտենում համաքաղաքային շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները, որը կանցկացվի հուլիսի 29-ին:

Քաղաքապետը հանձնարարել է ևս մեկ անգամ իրազեկել և ապահովել քաղաքապետարանի աշխատակազմի, ենթակայության ներքո գտնվող կազմակերպությունների, ինչպես նաև մեր համաքաղաքացիների և շահագրգիռ բոլոր կառույցների ակտիվ մասնակցությունը համաքաղաքային այս միջոցառմանը:

«Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մեր համաքաղաքացիներն իսկապես սիրով են արձագանքում մեր կոչին: Տարեցտարի ավելանում է շաբաթօրյակին մասնակից անհատների, պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչների թիվը: Իմ շնորհակալությունը հայտնելով բոլոր նրանց, ովքեր մշտապես մասնակցում են համաքաղաքային այս նախաձեռնությանը, մեր բոլոր սրտացավ երևանցիներին, ովքեր ուզում են Երևանը տեսնել մաքուր, կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել նաև հուլիսի 29-ի շաբաթօրյակին», - նշել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի բնապահպանության վարչության պետը նաև զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ շարունակվում է խստացված հսկողությունը մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ այն տարածքներում, որտեղ հրդեհների առաջացման վտանգ կա: Միաժամանակ նշվել է, որ զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում շարունակվում են մաքրման, խոտհնձի, ծառերի բուժման և ձևավորման, ինչպես նաև ծաղկապատման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման ու խնամքի աշխատանքները՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով մասնավորապես ծաղկապատ տարածքները:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia