Search

Արցախի հաղթանակը հայ ժողովրդի հավաքական հաղթանակն է


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին հանդիպել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Երևանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրին մասնակցող ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է ամառային դպրոցի նպատակը և անցկացվող դասընթացների ուղղությունները: Էդուարդ Շարմազանովի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նախորդ տարի այս օրերին «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակը: Այնուհետև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջույնի խոսքում բարձր է գնահատել Սփյուռքի հայ համայնքներում ուսուցիչների՝ հայապահպանությանը միտված ազգանվեր գործունեությունը: Անդրադառնալով այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ժամանակ ռուսերենին՝ Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ տալու առաջարկին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում պետական միակ լեզուն հայերենն է, ինչը սահմանադրական նորմ է: Հարցուպատասխանի ձևաչափում մանկավարժները բարձրացրել են բազմաթիվ հարցեր, որոնք առնչվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, արտագաղթը կանխելուն, աշխատատեղերի ստեղծմանն ու հայրենադարձության խթանմանն ուղղված ռազմավարական ծրագրերին, քաղաքական գործընթացներին Սփյուռքի մասնակցությանը և այլն: Էդուարդ Շարմազանովը բոլոր հարցերի վերաբերյալ տվել է սպառիչ պատասխաններ:

Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ հայության խնդիրը Սփյուռքում հայապահպանությունն է, իսկ Հայաստանում՝ Արցախի հարցի հայանպաստ լուծումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը հորդորել է սփյուռքահայ մանկավարժներին իրենց ամենօրյա գործունեությամբ աշխարհին ճանաչելի դարձնել Արցախը: Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է. «Հայաստանը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է, բայց ոչ երբեք միակողմանի զիջումների ճանապարհով: Արցախի հաղթանակը հայ ժողովրդի հավաքական հաղթանակն է»: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հորդորել է միասնական լինել՝ փաստելով, որ հայ ժողովրդի հաջողության գրավականը միասնությունն է:

Հանդիպման ընթացքում պարոն Շարմազանովը համառոտ ներկայացրել է նաև ՀՀ Ազգային ժողովի գործառույթները, խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորվածությունը, սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրդարանական կառավարման համակարգին անցումը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia