top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Դաջվածքները` «մարմնի խոսող» պատկերներ



Դաջվածքը (Tattoo) ունի մոտ 5000 տարվա պատմություն, դաջվածքի կիրառումը հնում երկու հիմնական նպատակ էր հետապնդում։ Առաջին հերթին, այն հանդիսանում էր որպես «այցեքարտ», երբ դաջվածքը պատմում էր մարդու մասին ամեն ինչ, նրա տոհմական պատկանելիությունը և նույնիսկ կենսագրությունը։ Եվ երկրորդ՝ դաջվածքը կիրառվում էր որպես դրոշմ, որով խարազանում էին հանցագործներին և ստրուկներին։ Ամեն դեպքում դաջվածքը որոշակի տեղեկատվություն է հաղորդում մարդու կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Դաջվածք բառը տարիներ առաջ շատ չէր գործածվում և դժվար թե գտնվեր մի հայուհի, որ դաջվածք ունենար մարմնին. իսկ ովքեր էլ ունեին՝ հասարակության կողմից չէին ընդունվում ու համարվում էին չափից դուրս մոդայիկ, արտասովոր, թեթևաբարո և այլն: Հատկապես վերջին տարիներին Հայաստանում նկատվեց շատերի կարծիքով հայերին ոչ հարիր երևույթներ, որոնցից մեկը կանանց և աղջիկների մարմնի վրա դաջվածք ունենալն է:

Ինչպե՞ս են ընդունում երիտասարդները դաջվածքները: Հարցումների ժամանակ հանդիպեցինք աղջիկների, ովքեր արդեն մի քանի տարի է՝ դաջվածք ունեն իրենց մարմնի տարբեր մասերին: Մեզ հետ զրույցում 26-ամյա Լուսինեն նշեց, որ դաջվածքը արել է 22 տարեկանում. «Առաջին դաջվածքը անելիս ես շատ էի մտածում պատկերի նշանակության մասին, քանի որ յուրաքանչյուր պատկեր ունի իր առանձնահատուկ իմաստը։ Այն դարձել է կյանքիս անբաժանելի մասնիկը, որը մեծ ինքնավստահություն է տալիս»: Իսկ մասնագիտությամբ երաժիշտ Անի Գևորգյանը իր մարմնի վրա ունի երեք դաջվածք։ «Առաջին դաջվածքը անելուց առաջ, իհարկե, երկար էի մտածում, ինձ համար դաջվածքը նկարչության կամ արվեստի նոր ճյուղ է, ինքնադրսևորման միջոց: Մեր շրջապատում միանշանակ չի ընկալվում դաջվածք ունեցող աղջիկը, բայց կարծում եմ դա ժամանակի հարց է» - նշեց նա և հավելեց, որ մոտ ապագայում ցանկություն ունի ևս մի դաջվածք ավելացնելու։

Մասնագիտությամբ նկարիչ, դաջվածքներով զբաղվող Արտյոմ Հակոբյանը նշեց, որ սկզբնական շրջանում սրահի այցելուները տղաներ էին։ «Ի ուրախություն ինձ, տարիների ընթացքում հայ հասարակության մեջ կամաց-կամաց մտավ ու ընդունվեց դաջվածք անելը: Ամբողջ աշխարհում ամենատարածված դաջվածքների թիվը հասնում է 2500-ի, սակայն դրանցից Հայաստանում առավել կիրառելի են 500-600-ը։ Դրանց դերի և ունեցած նշանակության մասին ոչ բոլորը գիտեն, որոշ մարդկանց համար դրանք ծառայում են որպես մարմինը զարդարող ինչ-որ մասնիկ կամ տվյալ հատվածում մարմնի թերությունները ծածկող գործիք»։

«Եթե որոշել եք դաջվածք ունենալ ձեր մարմնի վրա, ապա պետք է իմանալ որ քրոնիկ հիվանդությունների, բարձր ջերմության, մաշկային խնդիրների, ցավազրկող միջոցների նկատմամբ ալերգիկ ռեակցիաների դեպքում արգելվում է կատարել դաջվածք: Իսկ դաջվածք ձեռք բերելուց հետո անհրաժեշտ է հետևել հիգիենայի կանոններին»,- մեր հետ զրույցում իր մասնագիտական տեսակետը հայտնեց մաշկաբան Նարինե Ներսիսյանը: Մասնագետը խորհուրդ է տալիս նաև ձեռնպահ մնալ կրծքի պիրսինգներից, քանի որ այն խախտում է կաթնագեղձի նորմալ աշխատանքը: Նշենք նաև, որ դաջվածք ունեցողներին արգելվում է որպես դոնոր արյուն հանձնել։ Դաջվածքները այսօր համարվում են մարդու իմիջի մի մասը, շրջապատից տարբերվելու և ինքնադրսևորվելու մի միջոց, սակայն պետք է հիշել, որ նախքան դաջվածք անելը պետք է լավ ծանրութեթև անել հետագայում խնդիրներից խուսափելու և առողջությունը չվնասելու համար։


0 comments
bottom of page