Search

Գեղանկարչության և գրականության միացյալ ցուցահանդեսը Երևանում


Երիտասարդ գրողներն ու նկարիչները ապրիլի 30-ին Պուշկինի 2 հասցեում գործող նորաբաց արվեստանոցում կազմակերպել են «Խելաշեղում» խորագրով ցուցադրությունը: «Քաղաքում տարօրինակ բաներ են կատարվում. շշուկներ են պտտվում, որ նկարները սկսել են խոսել։ Նոր Արվեստանոցում կազմակերպել ենք ցուցահանդես, որտեղ գույնն ու բառը, հանդիպելով իրար, առաջացնում են «խելաշեղում». իրենց ուղերձում գրում են ցուցահանդեսի կազմակերպիչները։ «Նոր արվեստանոցը փոքր մշակութային տուն է, որտեղ կազմակերպվում են միջոցառումներ, ցուցահանդեսներ, այն խաչմերուկ Է հանդիսանում արվեստագետների և արվեստասերների համար։ Հետաքրքիր միջավայր է, որտեղ ապրում ենք, ստեղծագործում։ Յուրաքանչյուր ոք այստեղ ազատ է և ցանկացած հետաքրքիր միտք դառնում է գործ։ Ինչպես եղավ այս պարագայում»- բացման խոսքում նշեց «Նոր արվեստանոց»-ի միջոցառումների համակարգող Երանուհի Մանուկյանը։

«Այս միջոցառման ընթացքում մի քանի նպատակ ենք հետապնդել․ երիտասարդներին մոտեցնել արվեստին, հատկապես գրականությանը, քանի որ ապրում ենք թվայնացված տեխննիկայի դարում և շատ արժեքներն կորցրել են իրենց իմաստը։ Այս շրջանում ցանկացանք նոր մոտեցում ցուցաբերել, կապ հաստատել արվեսի մի քանի ճյուղերի, այս դեպքում, գեղանկարչության և գրականության հետ, հատկապես երիտասարդ արվեստագետների հետ, որոնք առանձին ստեղծագործում են և չեն ճանաչում միմյանց, սա ևս առիթ հանդիսացավ միմյանց հետ ծանոթանալու, հուսով մեր նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի»- ասաց երիտասարդ գրող Արման Թովմասյանը։ Մեր այն հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել նկարները, Արմանը պատասխանեց, որ թեմատիկ առումով փորձել են հնարավորինս համադրել բանաստեղծության բովանդակության հետ․ «Եթե ընթերցեք բանաստեղծությունը, ապա կսկսեք հասկանալ և վերծանել նաև պատկերը»։ Ցուցահանդեսին մասնակցում էր նաև երիտասարդ նկարիչ Մեսրոպ Սարգսյանը, ով ունեցել է շատ ցուցահանդեսներ, սակայն կարծում է, որ այս ցուցահադեսը իր բնույթով յուրահատուկ է․ «Մեր արվեստը արդեն դուրս է եկել իր շրջանակներից։ Մենք ցանկացանք ցուցաբերել նոր մոտեցում, այս կերպ փոխանցել մեր խոսքը արվեստասերներին»։ Ըստ նրա՝ «Խելաշեղում»-ը մարդկանց կտա նոր էմոցիաններ, նոր հույզեր, և կլինի միանգամայն նորույթ նրանց համար:

Նման ցուցահանդես Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ։ Ցուցադրվում էին Գոռ Առուշանյանի, Հարութ Հովսեփյանի, Անի Հովակի, Մեսրոպ Սարգսյանի նկարները և Արման Թովմասյանի, Աստղիկ Սարգսյանի, Մարիամ Հարությունյանի և Նորայր Գրիգորյանի ստեղծագործությունները։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia