top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կայացավ «Street Workout Challenge» մրցույթ-միջոցառումը



Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կայացավ «Street Workout Challenge» մրցույթ-միջոցառումը:

Այն համահայկական մրցույթ է, որը Հայաստանում անցկացվում է արդեն չորրորդ անգամ: Մրցույթի կազմակերպիչը «Street Workout» հայաստանյան ֆեդերացիան է: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի 13 քաղաքների «Street Workout»-ի թիմերը: Մրցույթի հիմնական նպատակն է բարձրացնել հայ ատլետների մրցակցային ոգին, զարգացնել «Street Workout» մարզաձևը Հայաստանում, քարոզել և զարգացնել առողջ ապրելակերպը և մասսայական սպորտը, ինչպես նաև միջազգային վարկանիշ ունեցող ատլետի հետ փորձ փոխանակել: Միջոցառմանը ներկա էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Վերջինս իր ելույթում ողջունեց ներկաներին, մասնակիցներին, նրանց մաղթեց հաճելի եւ դրական օր: «Ես շատ ուրախ եմ, որ ներկա եմ այս հիանալի միջոցառմանը: Շնորհակալ եմ կազմակերպիչներին, որ նման նախաձեռնությամբ են հանդես եկել: Եվրոպայում այս մարզումները շատ տարածված են, քանի որ համարվում են ամենահին փողոցային մարզումները: Բացօթյա այս վարժանքները եվրոպական են իրենց բնույթով, ինչպես նաեւ՝ սիրված ողջ Եվրոպայում: Այն եվրոպական ընտանիքի մի մասն է»,- նշեց դեսպանն ու իր խոսքը եզրափակեց «Առողջ հոգի՝ առողջ մարմնում» ասացվածքով: «Street Workout» հայաստանյան ֆեդերացիայի ղեկավարման խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանը փաստեց, որ ֆեդերացիան իր ստեղծման օրից սկսած ակտիվ զարգացում է ապրում, և արդեն 2 տարի է, ինչ ԵՄ-ի հետ միջոցառումներ են իրականացվում: Մրցումների մրցավարները երեքն էին՝ Սերգեյ Թևոսյանը, Արթուր Հարությունյանը և Մայք Դիգիմանը: Վերջինս մեծ ուրախությամբ փաստեց Հայաստանում նման մարզումների առկայության մասին: Նա մասնավորապես նշեց. «Շատ լավ է, որ Հայաստանում պատանիներն ու երիտասարդները զբաղվում են նման մարզումներով, ձգտում են տարբեր շարժումների միջոցով ցույց տալ իրենց կարողությունները»: Այնուհետեւ թիմերը ցույց տվեցին իրենց կարողությունները: Համարները բազմազան էին և տարբեր բարդության: Մրցավարները գնահատում էին ըստ պատրաստվածության մակարդակի, կատարողական վարպետության եւ իհարկե ըստ բարդության: Նշենք, որ Եվրոպայի օրվա մարզային առաջին բացօթյա տոնակատարություններն արդեն կայացել են Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, իսկ առջեւում Կապանը եւ Գորիսն են: Եվրոպայի օրվա տոնակատարությունները Երեւանում կամփոփվի բացօթյա համերգով, որը Հյուսիսային պողոտայում տեղի կունենա մայիսի 27-ին` ժամը 18:00-ին:


0 comments
bottom of page