top of page
ԼՐԱՀՈՍ
Search

17 երիտասարդ ստեղծագործողներ մասնակցում են «Ես եմ» խորագրով ցուցահանդեսին


Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ ստեղծագործողների «ԵՍ ԵՄ» խորագրով ցուցահանդեսը:

Նախաձեռնության նպատակն է բացահայտել ստեղծագործող տաղանդավոր նոր անուններ, շարունակել հայ կերպարվեստի լավագույն ավանդույթները, ասպարեզ տալ երիտասարդ ստեղծագործողների գեղարվեստական, գեղագիտական նոր որոնումներին: Ցուցահանդեսին մասնակցում են 17 երիտասարդ արտիստներ Հայաստանի մարզերից և Երևանից:

«Այսօր հավաքվել ենք շատ գեղեցիկ առիթով․ «Համազգային» հայ կրթական և մշակութային միության հերթական նախաձեռնությունը իր հայացքը ուղղեց Հայաստանի տարբեր անկյուններում ստեղծագործող երիտասարդներին։ Ցուցահանդեսը կրում է «Ես եմ» խորագիրը, ինչու, քանի որ այս խորագրի ներքո արվեստագետները ներկայացնում են իրենց ասելիքը, որը մենք կարող ենք տեսնել պատկերների միջոցով։ Չեմ վախենա օգտագործել արվեստագետ բառը, քանզի այսօրվա երիտասարդները լուրջ հայտ են ներկայացնում այս ոլորտում, հաստատուն քայլեր անում՝ իրենց արդի միտքը և հայացքները բերելով այս արվեստի մեջ։ Կցանկանայի բոլորս մտապահենք այս երիտասարդներին, հետևենք նրանց ստեղծագործական կյանքին։ Մենք միշտ նրանց կողքին ենք, մեր ծրագրերով փորձում ենք սատար լինել երիտասարդ ստեղծագործողներին»- բացման իր խոսքում նշեց «Համազգային» հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն՝ Նարե Միքայելյանը։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով` մեծ ուրախություն է այդպիսի տաղանդավոր երիտասարդություն տեսնելը. «Հայաստանի նկարիչների միության դռները միշտ բաց են ստեղծագործող մարդկանց համար: Դուք եք այսօր, որ վաղը փոխարինելու եք մեզ: Ի ուրախություն ինձ` ես շատ հետաքրքիր աշխատանքներ տեսա»: Կարեն Աղամյանը մասնակիցներին մաղթեց երջանկություն, ուժեղ կամք, գիտելիքների զարգացում և ունակությունների լիովին դրսևորում։ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի համոզմամբ` նմանօրինակ նախաձեռնությունները ողջունելի են. «Մենք միջավայրերի կարիք ունենք, միջավայրեր, որոնք կձևավորեն նոր մտքեր, համագործակցության նոր ձևեր: Ես շատ ուրախ եմ, որ կա միջավայր, որտեղ մենք բացահայտում ենք նոր դեմքեր, անուններ, գործեր: Ամեն ինչ շատ գունագեղ է»:

«Նկարներիս մեջ ամփոփված են տարբեր քաղաքների՝ Դիլիջանի, Ծաղկաձորի Շորժայի, Սևանի տեսարանները։ Փորձել եմ հնարավորինս չափ պատկերել իմ զգացածը, թե ինչ եմ զգացել այդ պահին բնության գրկում գտնվելիս»- մեզ հետ զրուցում ասաց Գյումրի քաղաքը ներկայացնող մասնակից՝ Էլմիրա Թումանյանը։ Anews թղթակցի այն հարցին, թե ինչով է տարբերվում այս ցուցահանդեսը մնացած ցուցահանդեսներից, երիտասարդ նկարչուհին պատասխանեց, որ այսպիսի մեծ ծավալի և սահմանափակ թվով մասնակիցների ցուցահանդեսին առաջին անգամ է ներկայանում, ինչը պարտավորեցնող է։ Էլմիրան այժմ ուսումնառությունը շարունակում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։

Ցուցահանդեսի մասնակից, երիտասարդ նկարիրչ Նարեկ Բարսեղյանը փաստեց, որ ոգեշնչվում է ամեն ինչից: Իր «Անանուն» կրող աշխատանքներում չի ցանկացել կողմնորոշել արվեստասերներին. «Վերնագիրը ինչ-որ տեղ ուղղորդում է հասկանալու համար, իսկ անվերնագիրը ստիպում է մարդուն ավելի շատ երազել, նկարի մասին պատկերացումը շատ ավելի մեծ է, դա է պատճառը որ բոլոր ներկայացված գործերը անվերնագիր էին»: Նարեկը ավարտել է Երևանի Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը հաջորդեց նաև մասնակիցների ստեղծագործությունների ընտրանու` «ԵՍ ԵՄ» պատկերագրքի շնորհանդեսը: Հավելենք, որ «Ես եմ» ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մայիսի 4-ը:


0 comments
bottom of page