top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հանդիպում պոլսահայ պոետ Վերճիհան Զիֆիօղլուի հետ


Պոլիսը հայ գրական-մշակութային կյանքի մեծագույն կենտրոններից մեկն է եղել, բայց այսօր, ցավոք, չի ստացվում անմիջականորեն հաղորդակցվել պոլսահայ գրական-մշակութային կյանքին: Այս մասին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը նշեց Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը` ներկայացնելով Հայաստան ժամանած պոլսահայ լրագրող, հրապարակախոս և գրող Վերջիհան Զիֆիօղլուն:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց հեղինակի նոր` «Աչք» գիրքը, որը լրագրողի աչք ունեցող գրողի աշխատանք է: ««Աչքը» Երևանի մեջ ծնված իմ երազն է, գրքում սրտովս տեսածն է արտացոլված, երբ 2005 թվականին առաջին անգամ ոտք դրեցի Հայաստան, կարծես ամեն ինչ խառնվել էր»:

Վերջիհան Զիֆիօղլուն տեղեկացրեց, որ գրքի մի հատված միջազգային PEN-ի կողմից գերմաներեն է թարգմանվել ու բավականին բարձր գնահատականի արժանացել:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ քաղաքական ուղղվածություն ունեցող լրագրող Զիֆիօղլուն ասաց, որ երբեք չի թաքցրել իր ինքնությունը. «Ես Կոմիտաս էի լսում հայերենով, խաչ էի կրում: Շատ դժվարություններ եմ տեսել, բայց ամեն ինչ արել եմ, որ ոչ մի տեղեկատվություն չխեղաթյուրեմ»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ բանախոսը հավելեց, որ տեսանելի ապագայում հնարավոր չէ պատկերացնել այն. «Նույնիսկ եթե Թուրքիայում քաղաքական առումով հանգստություն լինի, միևնույնն է, օրակարգում Ցեղասպանության ճանաչման ու հատուցման խնդիր կա, իսկ Թուրքիան այժմ հաստատ չի ընդունի»:

Վիրջիհան Զիֆիօղլուն Հայաստանում ապրող երիտասարդներին խորհուրդ տվեց ուժեղ լինել, պայքարել ու ամուր երկիր կառուցել. «Մենք այնտեղ ամեն ինչ անում ենք, որ չկորցնենք մեր ինքնությունը, դուք այստեղ ուժեղ եղե՛ք»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Վիրջիհան Զիֆիօղլուի «Քավարանի հայերի պատմությունը» գրքին, որտեղ հեղինակը պատմում է մեկ դար մահմեդական հասարակության մեջ ապրող, իրենց ինքնությունը պարտադրաբար թաքցնող ծպտյալ հայերի, նրանց դժվարությունների մասին: Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից և նվիրված էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

Վերջիհան Զիֆիօղլուն եղել է Մխիթարյան վարժարանի սան, թղթակցել է Ստամբուլի մի շարք հեղինակավոր թերթերին, այդ թվում՝ «Ակօս» շաբաթաթերթին, «Րէֆէրանս»-ին, «Հյուրիեթ»-ին, «Մարմարա»-ին, «Ժամանակ»-ին և այլն: Հեղինակ է բազմաթիվ գրքերի, գիտական ու հրապարակախոսական հոդվածների, որոնց մի մասը լույս է տեսել «The Washington times»-ում: Վերճիհանը արժանացել է բազմաթիվ պատվավոր մրցանակների: Ստեղծագործել սկսել է վաղ հասակից, երբեք չի մտածել, որ գրող կդառնա, բայց չգրել չի կարողացել:


0 comments
bottom of page