top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հանրակրթական հաստատություններում բացահայտված խախտումների և թերությունների վերացմանն ուղղված միջոցառո



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը և կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: «ՀՀ գործադիր իշխանության բոլոր մարմինների ղեկավարներին՝ հասարակության կողմից կառավարության կամ վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրների դեպքում դրանք հաճախ մեր կողմից վերահասցեագրվում են համապատասխան մարմիններին, սակայն երբեմն մարմիններից ստացվում են առանց բարձրացված խնդիրների էության և գործուն քայլերի պարունակող միջոցառումների գրեթե ոչինչ չասող անդեմ պատասխան գրություններ, հատկապես, եթե դրանք վերաբերում են տվյալ գերատեսչության ոլորտում նոր ծրագրերի կամ բյուջետային ծախսերի ավելացմանը: Առանց համապատասխան վերլուծության, այլ շահագրգիռ կառույցների հետ քննարկման և մշակման, միայն խնդրի վերաբերյալ գերատեսչության ընդհանուր տեսական վերաբերմունք պարունակող գրությունները չեն ընդունվելու, վերադարձվելու են կատարման՝ հսկողությունից չհանվելով: Լուծման համար անհրաժեշտ է առարկայական միջոցառումների իրականացում»,-նշել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հետևել հանձնարարականների կատարման որակին՝ հաշվի առնելով նշվածը: Հաջորդ հանձնարարականը վերաբերել է նախարարությունների կողմից առաջարկված կառավարության տարեկան միջոցառումների ծրագրի կետերին և գերակա խնդիրներին: «Վերջերս ծանոթացել եմ այդ ծրագրերին. ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել, քանի որ առաջարկությունները միշտ չէ, որ հիմնավորված են չափելի քայլերի հերթականությամբ և հստակ ժամկետների առկայությամբ: Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու: Հանձնարարում եմ այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտել առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում: Հաջորդ շաբաթվանից սկսած` նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ մենք քննարկելու ենք ներկայացված տարեկան միջոցառումների ծրագրերի կետերն ու գերակա խնդիրները»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը: Ներդրումների ներգրավումը խրախուսելու, արտադրական խնդիրների լուծմանը նպաստելու, մասնավորապես, աշխատատեղեր ստեղծելու, մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարձրացնելու նպատակով առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և մարզպետներին Կարեն Կարապետյանը հանձնարարել է. «Երեքշաբաթյա ժամկետում պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ քննարկել և առանձնացնել պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնք անհրաժեշտ է ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Նկատի ունենալ, որ այսուհետ առանձնացված ընկերությունների հետագա հնարավոր մասնավորեցումը պետք է ունենա միայն հստակ ծրագրային ուղղվածություն»: Պետական գույքի կառավարման վարչության պետին վարչապետը հանձնարարել է նաև ամփոփել ներկայացված առաջարկությունները և մշակել մասնավորեցման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ և այն մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ: Գործադիրի ղեկավարը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվել է պետական ընկերությունների հաշվետվությունների, պլանային ցուցանիշների վերաբերյալ հանձնարարականի կատարման ընթացքից: Ի պատասխան Արման Սահակյանը տեղեկացրել է, որ ֆինանսատնտեսական մոնիթորինգներն իրականացված են: «2015թ. ցուցանիշներն ամբողջությամբ պատրաստ են, սակայն կառավարության որոշման համաձայն՝ 2016 թ. ֆինանսատնտեսական ցուցանիշները պատրաստ կլինեն մայիս ամսին, որովհետև այդ ժամկետն է տրամադրված ամբողջ տարին ամփոփելու համար: Այս գործընթացը հստակ կարող ենք սկսել, որովհետև, ըստ էության, 2015 թ. ցուցանիշները կան: Այդ ցուցանիշների հիման վրա մենք կարող ենք քննարկումներն սկսել»,-ասել է Պետգույքի կառավարման վարչության պետը: Կարեն Կարապետյանի հաջորդ հանձնարարականը վերաբերել է կրթության ոլորտին: «Վերջին ժամանակահատվածում Կրթության պետական տեսչության կողմից հանրապետության տարածքի հանրակրթական հաստատություններում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ: Դրանք վերացնելու ուղղությամբ տեսչության կողմից տրվել են մի շարք առաջարկություններ և հանձնարարականներ: Հանձնարարում եմ մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեսչության կողմից բացահայտված խախտումների և թերությունների վերացմանն ուղղված առաջարկների և տրված հանձնարարականների կատարումը և երկշաբաթյա ժամկետում տեղեկացնել միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին՝ անդրադառնալով յուրաքանչյուր առաջարկությանն ու հանձնարարականին»,-ասել է գործադիրի ղեկավարը: Կրթության և գիտության նախարարին վարչապետը հանձնարարել է նաև իրականացնել Կրթության պետական տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքների քննարկումները՝ ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի հետ և ամփոփել արդյունքները. «Արդյունքների վերլուծման հիման վրա ներկայացնել առաջարկություններ՝ կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով»:

Վարչապետը հանձնարարել է ավարտել և ամփոփել «Փոքր Մհեր» կրթահամալիրում իրականացվող ուսումնասիրությունը

Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին ու ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարել է երկօրյա ժամկետում ավարտել և ամփոփել «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ում երկու նախարարությունների համատեղ հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունը և եռօրյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Ի պատասխան վարչապետի հարցադրմանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ հանձնարարականի կատարման համար սահմանված ժամկետը բավարար է: «Մենք արդեն աշխատում ենք: Գաղափարն այն է, որ «Փոքր Մհեր» ավագ դպրոցը տեղափոխվի Պաշտպանության նախարարության կառավարման ոլորտ և միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանի հետ: Դա նաև այն խնդրի շարունակությունն է, որի մասին խոսել ենք՝ ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացման»,-տեղեկացրել է Վիգեն Սարգսյանը:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page