Search

Ապօրինի հարստացած անձին սպառնում է ազատազրկում, գույքի բռնագրավում



Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք է հանդիսանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում ընդունած Կոռուպցիայի դեմ կոնվենցիան, որը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է դեռևս 2005թ. մայիսի 19-ին և վավերացրել 2007թ. մարտի 8-ին։ Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմք ընդունելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները և միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունները՝ օրինագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը: Օրենսգրքում նախատեսվող` ապօրինի հարստանալը հանցակազմի վերլուծությունը հանգում է, մասնավորապես, հետևյալին. ապօրինի հարստանալը հանցակազմի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վրա: Այսինքն` հանցակազմի սուբյեկտ են դիտարկվում բարձրաստիճան պաշտոնատար անձը և նրա հետ փոխկապակցված անձը (բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը): Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում առաջարկվում է խնդրո առարկա հանցակազմի սանկցիայում որպես հիմնական պատժատեսակ նախատեսել ազատազրկումը, իսկ որպես լրացուցիչ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը և գույքի բռնագրավումը: Մասնավորապես, ելնելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սանկցիաների ընդհանուր տրամաբանությունից, առաջարկվում է սահմանել ազատազրկում` երեքից վեց տարի ժամկետով: Օրենսդրորեն թվարկվել են ապօրինի հարստացման հիմնական դրսևորումները` այդպիսով ապահովելով իրավական որոշակիության սկզբունքը: Այսպես, ապօրինի հարստացման դրսևորումներն են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Քննարկվող հանցակազմում էական չափը հստակեցնելու համար սահմանվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 310.1-րդ հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը): Կառավարության հավանությանն է արժանացել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթը: Օրինագծով համապարփակ կկարգավորվի գործարքների այն շրջանակը, որով վճարումները չեն կարող կատարել կանխիկ ձևով, վճարումներ կատարելու առանձնահատկությունները, ինչպես նաև սուբյեկտների այն կազմը, որոնց կողմից գործառնությունները ենթակա են նման կարգով վերահսկման: Միաժամանակ, նախագծով կանխիկ դրամով սահմանափակումները կիրառելի են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց նկատմամբ: Արդյունքում՝ կնվազեցվի կանխիկ շրջանառությունը, կմեծացվեն ֆինանսական միջնորդության ծավալները, կուժեղացվի հարկային վարչարարությունը և պայքարը ստվերային տնտեսության դեմ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia